ԵԶԱԿԻ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։
«ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է հարցեր, որոնց լուծումը տարածաշրջանում խաղաղության բանալին է։ Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՅԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱՈՒՆԴԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ, ուղիղն ասենք, ի սկզբանե չէին կարող լինել։ Նախևառաջ այն պարզ պատճառով, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի հիմնական, սկզբունքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներն առհասարակ չեն մերձենում։ Ինչպես օրերս հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պաշտոնական Երևանի համար կա երեք սկզբունքային հարց և դրանց շուրջ որևէ շարժ չկա: «Մեզ համար ամենասկզբունքային երեք կետերն են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում ընկած հստակ քարտեզը, ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների հասցեագրումը երկխոսության մեխանիզմի միջոցով, և երաշխիքների ինստիտուտը, քանի որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները: Օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Ադրբեջանի կողմից չխախտված ոչ մի կետ չկա»,- նշեց Ռուբինյանը։ Հաշվի առնելով ասվածը՝ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ նպատակով է ձեռնարկվել հերթական բանակցային մարաթոնը Վաշինգտոնում։ Չէ՞ որ հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները հաղթահարված չեն բոլորովին, իսկ մանրուքների շուրջ պայմանավորվել պարզապես անիմաստ է։ Առավելևս՝ բանակցել երեք օր շարունակ։
Մինչդեռ է՛լ ավելի անիմաստ են այդ բանակցությունները Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում լարվածության ահագնացման խորապատկերին։ Այստեղ նախ նշենք Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի արդեն գրեթե մշտական գնդակոծության փաստը ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։ Բառացիորեն նույն օրը, երբ Վաշինգտոնում մեկնարկեցին բանակցությունները, ադրբեջանցիները հերթական անգամ կրակ բացեցին օբյեկտի ուղղությամբ։ Դարձյալ կրակել են բանվորների և տեխնիկայի վրա։ Իրավիճակին, ասենք այսպես, առանձնակի նրբին բնույթ է հաղորդում այն փաստը, որ գնդակոծության տակ է հայտնվել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կրկնում եմ՝ հենց այն օրը, երբ Ամերիկայում սկսվեցին բանակցությունները։ Եվ էլի մի նրբերանգ: Այս օբյեկտի գնդակոծմանը բացառիկ ուշադրություն են ցուցաբերել նաև Հայաստանի տարածքում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Բայց…
Վերջնականապես իմաստազրկվեցին վաշինգտոնյան բանակցությունները թերևս այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը գնդակոծության ենթարկեց Արցախի տարածքը՝ կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ։ Եվ տեղի էր ունենում դա Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների խորապատկերին։ Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շուրջ բանակցությունների: Վաշինգտոնի հովանու ներքո անցկացվող բանակցությունների։ Ասենք, պարզապես անհեթեթ է դրանք բանակցություններ անվանելը։ Ինչը, դատելով ամենից, նկատեցին նաև Արցախում։ Համենայն դեպս Արցախի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց դադարեցնել դրանք (բանակցությունները)։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ տեղի ունեցած միջադեպը «ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի։ Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները։
Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»։
Դժվար է չհամաձայնել արցախցի պատգամավորների հետ։ Ինչպե՞ս կարելի է երկխոսություն վարել խաղաղության մասին, երբ այդ երկխոսության կողմերից մեկը կրակում է մյուսի վրա, իսկ միջնորդը ձևացնում է, թե ոչինչ էլ չի կատարվում։ Իրոք որ, սա ոչ ավելին է, քան բանակցային գործընթացի նմանակում, որի արդյունքը, դատելով ըստ ամենայնի, կսահմանափակվի դրանց (բանակցությունների) անցկացման և այդ գործում ԱՄՆ-ի դերակատարման արձանագրումով։ Ուղիղն ասենք. հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը, ամերիկացիների դերը ազնվաբարո անվանել ոչ մի կերպ չի ստացվի։
Իսկ բացի այդ, առանձնակի ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ Արցախի խորհրդարանի կոչն, ըստ էության, անտեսված է։ Այն, ինչն անվանել են բանակցություններ, շարունակվեց։ Եվ դա զարմանալի չէ։ Եթե ադրբեջանցիները կարող են իրենց թույլ տալ հրետակոծել հայ-ամերիկյան ձեռնարկությունը Հայաստանում, առանց վախենալու Վաշինգտոնի արձագանքից, ապա հայկական կողմը չի կարող նույնիսկ ծպտալ Վաշինգտոնի կազմակերպած բանակցությունների դադարեցման մասին։
Թեպետ, չի կարելի ասել, թե արցախյան խորհրդարանի կոչը, Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը Արցախում և Հայաստանի սահմաններին, անարձագանք մնաց պաշտոնական Երևանի կողմից։ Արձագանք եղավ, բայց դե՝ չափազանց յուրօրինակ։ Նիկոլ Փաշինյանը զանգեց Թուրքիայի նախագահ Էրդողանին և շնորհավորեց Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ։ «Ի պատասխան Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ»,- հաղորդեց ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
Արցախում մարդիկ են զոհվում, Երասխում գնդակոծվում է կառուցվող ձեռնարկությունը, Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ՝ զուրկ գործնական իմաստից, իսկ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորանքներ են փոխանակում։ Այս ամենը տեղի է ունենում միաժամանակ։ Եվ դա պարզապես զազրելի է…