ԱՆԳԼՈՍԱՔՍԵՐՆ ԵՆ ՂԵԿԻՆ
Անգլոսաքսոնական հատուկ ծառայությունների հետ Փաշինյանի կառավարությունում պատասխանատուն՝ հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնեց Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, իհարկե, բնավ ոչ նրա համար, որ նշի Ամերիկայի անկախության օրը։ Եվ հանդիպի ոչ միայն Ջեյք Սալիվանի հետ…
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆ Է՝ ԱՊԱԿԱԶՄԱՎՈՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նույն այդ ժամանակ հարցազրույց է տալիս հանրապետական առաջին հեռուստաալիքին, որտեղ խոսում է իր հավատի մասին, թե Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքն անվտանգ կլինի։ Իսկ եթե դա հնարավոր է, ըստ ԱՄՆ դեսպանի, ապա ինչո՞ւ է պետք Պաշտպանության բանակը։ Չխոսենք արդեն այն մասին, որ մեծահոգի Ալիևը համաներում է խոստացել Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, եթե այդ մարմիններն ինքնալուծարվեն.. Ալիևի այդ հայտարարությունը ոգևորությամբ ընկալվեց Պետդեպարտամենտում, հիշում ենք։
Պետք է ենթադրել, որ Արմեն Գրիգորյանը Սալիվանի հետ քննարկելու է Արցախի Պաշտպանության բանակի ապակազմավորման մեխանիզմներն ու պայմանները, կամ, լավագույն դեպքում, նրա «բարեփոխումը» տեղական ոստիկանական ուժերի…
Ինչպես ասում էր Ջորջ Սանտայանան (ի դեպ, ամերիկացի փիլիսոփա և գրող), «նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է վերապրելու այն կրկին»։ Անցած դարասկզբին, դե, չափազանց եվրոպականացված երիտթուրքերը եվրոպացիների հետ ակտիվորեն քննարկում էին թուրքական վիլայեթներում հայերի անվտանգ կյանքի հնարավորությունը։ Քննարկվում էր նույնիսկ բարեփոխումների փաթեթ։ Նույնիսկ արդեն նշանակված էին երկու եվրոպացիներ, որոնք միջազգային մակարդակով համաձայնեցված մանդատ ունեին վերահսկելու այդ բարեփոխումների իրագործումը։
Ահա այդպիսի միջազգային հրապարակ կամ հարթակ կար, որում քննարկվում էին Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը։ Եվ այդ միջազգային եվրոպական հարթակը պետք է ապահովեր այդ իրավունքների իրագործումը, ապահովեր այդ անվտանգությունը։ Բայց այդժամ բոլորովին անպատեհ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և թուրքերը համենայնդեպս որոշեցին կոտորել Արևմտահայաստանի հայ բնակչությանը, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։
Եվ միջազգային եվրոպական հարթակը, որը ստեղծվել էր հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար և նույնիսկ արդեն երկու եվրոպացիների նշանակել որպես տեղապահներ, գործընթացը փաստորեն չնկատեց։ Քանզի հայտնի բան է. դե, հաստատ չե՛ն կարող անգլիական նավերը բարձրանալ հայկական լեռները։ Միակ բանը, որ արեցին, մոտեցրին նավերը, այն էլ՝ ֆրանսիական, Մարսել տեղափոխելու այն հայերին, որոնք, այնքան էլ չվստահելով միջազգային հարթակի երաշխիքներին, զենք վերցրած պաշտպանվում էին…
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ։ ԵԹԵ ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ, ապա ԽՍՀՄ-ն «ընդունեց» Հայաստանին որպես 700000 բնակչությամբ աղքատ երկիր իսկ «հանձնեց» որպես ավելի քան 3 միլիոն բնակչությամբ արդյունաբերական երկիր։ Բայց նույնիսկ Խորհրդային Միությունը չկարողացավ ապահովել Նախիջևանի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, որոնք հիմա այնտեղ պարզապես չկան։ Ոչ մի հայ։ Ինչպեսև նրանց մշակութային ժառանգության հետքերը։ Ոչ մի հատ։
Այսօր, երբ աշխարհի վրա կախվել է համամոլորակային նոր պատերազմի սպառնալիքը, եթե հաշվի չառնենք, որ այն արդեն ընթանում է, Արցախին առաջարկում են ապակազմավորել Պաշտպանության բանակը Իլհամ Ալիևի ազնիվ խոսքի դիմաց։ Դե, կամ էլ կնշանակեն մի ինչ-որ եվրոպացի նայողի, որպեսզի հետևի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը…Երբ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս բերի իր զորքերը։
Իլհամ Ալիևի ազնիվ խոսքի դիմաց, որը 44-օրյա պատերազմի ավարտից հետո չի կատարել իր հանձն առած ոչ մի պարտավորություն Արցախի գծով, այլ փաստորեն շարունակում է ռազմական գործողությունները։ Եվ որքան ավելի ակտիվ են ընթանում բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության շուրջ, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ադրբեջանի ռազմական մեքենան։
Փաշինյանի քաղաքագետները վրդովվում են, որ Արցախի խորհրդարանն առաջարկեց Միրզոյանին դադարեցնել Բայրամովի հետ բանակցությունները Վաշինգտոնում, Ադրբեջանի կողմից Պաշտպանության բանակի 4 զինծառայողների սպանությունից հետո։ Իբր՝ ինչպե՞ս կարելի է դադարեցնել խաղաղության բանակցությունները, այն բանակցությունները, որտեղ մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերը։
Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը սիրում է խորհրդային ժամանակների մի հին անեկդոտ. «Հայկական ռադիոյին հարցնում են. «Պատերազմ կլինի՞»։ Հայկական ռադիոն պատասխանում է. «Պատերազմ չի լինի, բայց խաղաղության համար այնպիսի՜ պայքար կլինի, որ քարը քարին չի մնա»։
Փաշինյանի բանակցորդները համառորեն չեն ցանկանում տեսնել ակներևը. որքան ավելի ակտիվորեն են իրենք քննարկում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը, այնքան ավելին է կորցնում Արցախը. թե՛ իրավունքների, թե՛անվտանգության առումով։ Եվ մարդկային կյանքերով է վճարում Փաշինյանի կամազուրկ «խաղաղության օրակարգի» դիմաց, որը վախենում է կամ էլ պարզապես չի ցանկանում ծպտուն անգամ հանել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։
Իրավունք, որը ճանաչել է միջազգային հանրությունը, ի դեպ։ Իրավունք, որը բազմիցս ճանաչվել և ամրագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում։ Բայց ո՞վ է այսօր խոսում Արցախի միջազգային մակարդակով ճանաչված իրավունքի մասին։
Թերևս՝ Մակրոնը, հանդիպելով Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների՝ Մարսելի հայ համայնքի հետ։ Դե, նաև Պուտինը անցյալ տարի ակնարկեց, ելույթ ունենալով Վալդայի համաժողովում։ Բայց ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը ըմբռնում չեն գտնում Երևանի կողմից. անգլոսաքսերը պտտում են ղեկը ողջ թափով։