«ՓԱՍՏԻՆՖՈ»-Ն ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԱՆԻՖ-ԻՆ ՈՒ ԱՎԻՆՅԱՆԻՆ
«Փաստինֆո»-ԱՆԻՖ և Ավինյան տևական ժամանակ ընթացող դատն ավարտվել է լրատվամիջոցի հաղթանակով, և արձանագրումով, որ «Փաստինֆո»-ն գործել է բարեխիղճ, իսկ Ավինյանի գլխավորած հիմնարկի սանձազերծած արշավն ընդամենը լրատվամիջոցին լռեցնելու անհաջող փորձ էր։
«Փաստինֆո»-ն մանրամասնում է.
«ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն, կարճ ասած՝ «ԱՆԻՖ»-ը դատի էր տվել «Փաստինֆո» լրատվական գործակալությանը՝ գնահատողական վերաբերմունքի համար։ Այսինքն՝ ի սկզբանե ընդունել էր, որ մենք չենք զրպարտել, չենք խեղաթյուրել, այլ համամիտ չէր եղել փաստերին տրված մեր գնահատականների հետ ու պահանջել ոչ ավել ոչ պակաս 5 մլն դրամի փոխհատուցում։
Վեճի առարկան ԶՄՊԿ-ի կոռուպցիոն համարում ունեցող գործարքն էր, ավելի ճիշտ դրա արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի կառավարումը, որը կառավարությունը նախնական փուլում վերապահել էր ԱՆԻՖ-ին՝ օժտելով բացառիկ լիազորություններով։
«Փաստինֆոն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող՝ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր էր ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ի խորհրդի օտարերկրացի անդամներին՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ։
Ի թիվս այլ հարցերի՝ խնդրել էինք տեղեկացնել արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն մերժել է դրա անցկացումը, ուսումնասիրել են արդյո՞ք կառավարվող բաժնետոմսերի՝ ՀՀ սեփականություն, իսկ հետո ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել են մասով պարզաբանումներ։ Ինչու՞ են հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ (բաժնետերերից մեկը դատի է տվել՝ պահանջելով չեղարկել բաժնետոմսերի վաճառքը-խմբ)․ Արդյո՞ք գտնում են, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:
Բացի այդ՝ խնդրել էինք նաև տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը,
Հարցեր, որոնք ոչ միայն հանրության հետաքրքրությունների տիրույթում էին, այլ պետք է, որ ԱՆԻՖ-ի խորհրդի օտարերկրացի անդամներին ևս հետաքրքրեին, թե ինչ վիճակ է տիրում այն ընկերությունում, որի բաժնետոմսերի կառավարության մասնաբաժանի կառավարումը վստահվել է իրենց։ Բայց, ի զարմանս, հարցումներին ի պատասխան ստացվեց մեկ անստորագիր գրություն՝ նշելով, թե հարցերի մեծ մասը, կարծում են, ուղղված է ընկերությանը, ինչն էլ մեզ հիմք էր տվել ենթադրելու, որ հարցումները հասցեատերերին չեն հասել, ԱՆԻՖ-ի տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի և Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց, ինչի մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ՝ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հունիսի 25-ին՝ «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ։
Եվ ահա՝ հիշյալ հոդվածից շուրջ 1,5 ամիս անց տեղեկացանք, որ մեր հարցմանը չպատասխանած այս կառույցը դատական հայց է ներկայացրել՝ իրենց գործողությունների վերաբերյալ մեր գնահատակողական կարծիքի համար։
Ուղղակի աբսուրդ․ փաստորեն, ԱՆԻՖ-ը ոչ պատասխան էր ուղարկել խմբագրություն, ոչ էլ հերքում և միայն դատարանից ենք իմանում, որ դժգոհ են մնացել մեր նյութից ու կա դատական վիճ։ ԱՆԻՖ-ը պարզվում է, վիճարկել էր մեր՝ գնահատականն առ այն, որ հարցումները հասցեատերերին չհասնելը դիտարկել ենք որպես նրանց՝ ԶՊՄԿ-ի՝ մութ, կոռուցպիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց զերծ պահել։
Ըստ ԱՆԻՖ-ի, ԶԼՄ-ն, լրագրողը իրավունք չունի իրենց գործողությունների կամ անգործության վերաբերյալ հանդես գալ գնահատողական վերաբերմունքով։ Ի դեպ, տարածված մտայնությունը, թե՝ լրատվամիջոցները զուտ տեղեկատվություն փոխանցող են, խորապես սխալ է, քանի որ հետաքննական, վերլուծական, հրապարակախոսական լրագրությունը լրատվամիջոցներից անբաժանելի է։
Բնականաբար, «Փաստինֆո»-ն պատասխանատու լինելով իր հայտնած յուրաքանչյուր մտքի համար՝ ընդունեց մարտահրավերը և «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբանների հետ գնացինք դատարանում հիմնավորելու գնահատողական դատողություններով հանդես գալու մեր իրավունքը, նաև՝ հիմքերը։ Արդյունքում հաղթեցինք՝ ապացուցելով, որ «Փաստինֆոն» ճիշտ էր, ԱՆԻՖ-ն ու Ավինյանը՝ սխալ»։ Ավելին, դատարանը նաև պարտավորեցրել է ԱՆԻՖ-ին փոխհատուցելու փաստաբանի վարձատրության գումարը։
Իրականում, սա միայն մեր լրատվամիջոցի հաղթանակը չէ, սա նշանակում է, որ պաշտոնական դիրքով պայմանավորված՝ իրավապահների վրա ներազդելու ճանապարհը նիկոլի թվին էլ կարող է փակուղի տանել։ Եվ նշանակում է, որ մենք իսկապես ունենք բացառապես օրենքով առաջնորդվող դատավորներ։
Եվ հիմա հաճելի է կետ առ կետ արձանագրել դատարանի որոշումը, որով մերժվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջները։
«Դատարանն եզրահանգում է, որ 25.06.2022 թվականին ժամը 19:58-ին www.pastinfo.am կայքում հրապարակված «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավորումից» վերտառությամբ հոդվածում արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որի պարագայում չի կարող գնահատվել որպես զրպարտություն, հետևաբար հայցապահանջներն անհիմն են և ենթակա են մերժման:
.....Դատարանը, հաշվի առնելով լրատվական գործակալության լրագրողական ազատության սահմաններում որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորությունը, քննարկվող հոդվածի համատեքստում ներկայացված արտահայտությունները գնահատում է որպես գնահատողական դատողություն, որովհետև հիմնված է հայցվորի կողմից կատարված հարցումների և դրանց ի պատասխան հայցվոր ընկերության անստորագիր նամակի վրա»։
Ավելին, դատարանի որոշմամբ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «Փաստինֆո» ՍՊԸ-ի կգանձվի 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
ԱՆԻՖ-ն ու տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, որը միաժամանակ նաև Երևանի քաղաքապետի տեղակալ է աշխատում, ևս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի՝ Ավինյանի միաժամանակ երկու պաշտոնում աշխատելու մեր բացահայտումից հետո, մինչդեռ դրանք, մեր կարծիքով, անհամատեղելի են։ Ու կրկին հերքում կամ պատասխան չենք ստացել, այլ միանգամից հայցադիմում, որտեղ չեն վիճարկում մեր կողմից նշված փաստերը, այլ՝ համաձայն չեն գնահատողական վերաբերմունքի հետ։ Դե ինչ, այդ մարտահրավերը ևս ընդունված է։
Հ.Գ. Ի դեպ նշենք, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին ու ներդրումային կոմիտեի օտարեկրացի նախագահին ուղղված հարցումների մասին հոդվածաշարից հետո ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումը փոխանցվեց պետական գույքի կառավարման վարչությանը»։
Panorama.am