ՀԵՏևԵԼՈՎ ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ՝ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ․ Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը ցավակցել է անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, մեր ժողովրդի արժանի զավակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա իր ողջ կյանքը նվիրել էր հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու գործին: Հսկայական է նրա ներդրումը հայ ժողովրդի պատմության և հայագիտական հետազոտությունների ոլորտներում:

Ապրելով հայրենիքից հեռու, մեծ ճանաչում ունենալով ամերիկյան գիտակրթական ասպարեզում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը սերտորեն կապված էր հայրենիքի հետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ էր և իր կապերով ու գործունեությամբ մեծապես նպաստում էր Հայաստանում պատմագիտության զարգացմանը:

«Պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի», - մի անգամ ասել էր Ռիչարդ Հովհաննիսյանն ու որպեսզի դա թույլ չտար՝ դարձել մի շարք կոթողային աշխատությունների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության քառահատորյակի հեղինակը:

Ափսոսում եմ, որ հայաստանցի երիտասարդ պատմաբաններն ու գիտնականները նրա դասախոսություններն ունկնդրելու հնարավորություն չեն ունեցել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չենք կարողացել լիարժեք օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը:

Նրա նման գիտնականներն են  կենդանի պահել  մեր պատմությունը, այն փոխանցել սերունդներին: Ու մենք էլ հետևելով նրա օրինակին՝ պետք է շարունակենք սերունդներին փոխանցել մեր ժողովրդի պատմությունը, այդ թվում՝ Արցախյան շարժման պատմությունը, որովհետև մեր հերոսների սխրանքը մեզ ուժ է տալիս:

Ռիչարդ Հովհաննիսյանը հայկական խորը արմատներ ուներ, և իր զավակներին էլ դաստիարակել է որպես իսկական հայրենասերների: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա զավակներին, թոռներին, մերձավորներին ու գիտական հանրության ներկայացուցիչներին»,- նշված է Ռուբեն Վարդանյանի ցավակցական ուղերձում։

Այսօր