ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ` ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ

ՀՀ Գլխավոր դատախազությունը, որը ղեկավարում է Փաշինյանի դրածո և հավատարիմ կամակահար Աննա Վարդապետյանը, միջազգային հետախուզում է նախաձեռնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ: Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննության վերջնաժամկետը չխախտելու նկատառումով՝ մեղադրյալի գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով: Իսկ մեղադրվում է Սարգսյանը զինծառայողներին բնակարաններ հատկացնելիս թույլ տված խախտումների մեջ։

Թե որքանով է իրավաչափ այդ մեղադրանքը, մեր պարզելիքը չէ, և տվյալ դեպքում այդ հանգամանքը որևէ նշանակություն էլ չունի: Մեծ հաշվով, սույն հոդվածի թեմայի համատեքստում էական չէ նույնիսկ «մեղադրյալի» անունը, նրա մասնագիտական և քաղաքական կենսագրությունը։ Մեկ փաստը բավական է. խոսքն այն մարդու մասին է, որը հեղինակել է «Ազգ-բանակ» հայեցակարգը, իսկ նրա պաշտոնավարման ընթացքում այդ հայեցակարգի շրջանակներում մշակվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը:

Քանի որ մեր այսօրվա իրականության մեջ ՀՀ իշխանությունների կիսափլուզած բանակում նման նախագծերն արդեն թվում են ֆանտաստիկայի ոլորտից ինչ-որ բան, արժե հակիրճ հիշեցնել դրանց մասին։ Իսկ ըստ էության՝ այն մասին, թե ինչպիսին էինք մենք մինչև 2018-ի գարունը և ինչ խնդիրներ էինք դնում մեր առջև Զինված ուժերի կառուցման, Արցախի պաշտպանության և հայոց պետականության ամրապնդման հարցում: Ոչ, սա ամենևին էլ անցյալի իդեալականացում չէ։ Սա իրական գնահատականն է այն բանի, թե ինչպիսին էր, իր բոլոր թերություններով հանդերձ, և ինչպիսին դարձավ մեր պետությունը վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ինքը՝ Վիգեն Սարգսյանը, իր առաջադրած հայեցակարգը բնորոշել է հետևյալ կերպ, «Ազգ-բանակի կառուցումը բացարձակապես չի նշանակում հասարակության ռազմականացում, այլ զինված ուժերի ժողովրդավարացում և ինտեգրում պետական համակարգի բոլոր ոլորտներին այնպես, որ ռեսուրսն աշխատի ոչ միայն բանակի ու ԶՈՒ-ի, այլև այլ ոլորտների զարգացման վրա»: «Ազգ-բանակ լինելը կամ մեծ բանակ ունենալը չի նշանակում լինել հետադիմական հասարակություն, չի նշանակում հասարակական ռեսուրսն ամբողջությամբ ծախսել բանակի վրա։ Դա նշանակում էլ մոբիլիզացիայի որոշակի աստիճան, որը թույլ է տալիս տարբեր ոլորտներում լինել ավելի արդյունավետ։ «Ազգ-բանակ» հայեցակարգը կապված չէ միայն ղարաբաղյան խնդրի հետ, այն հասարակության ինքնակազմակերպման ձև է»,- նշել է նա։

Բազմաթիվ հեղինակավոր փորձագետների կարծիքով՝ նման հայեցակարգն այլընտրանք չունի Հայաստանի պարագայում, որի բուն գոյությանը սպառնում են միանգամից երկու ոխերիմ թշնամիներ. Ադրբեջանն ու Թուրքիան։ Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին, ապա առաջինի գաղափարը տարկետումն ապագա սպայական ծառայության հետ կապակցելն էր, երկրորդը կոչված էր խրախուսելու այն զորակոչիկներին, որոնք կցանկանան ծառայել առաջնագծում:

Ավելորդ է նշել, որ երկու ծրագրերն էլ, ինչպեսև ընդհանրապես հայեցակարգը, անմիջապես քննադատվեցին նորահայտ «հեղափոխականների» թվին պատկանող «գաղափարախոսների» կողմից։ Մասնավորապես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անվանեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին «ձախողակներ» և հայտարարեց, թե իբր՝ «ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել»։ Թե ինչպես է հայրենիք սիրում ինքը՝ Արմեն Գրիգորյանը, որը ծնունդով Արցախից է, բայց ընդ որում Արցախը Ադրբեջանի կազմում բռնի ընդգրկելու ամենաջերմեռանդ կողմնակիցներից մեկն է, այսօր արդեն որևէ մեկին բացատրելու հարկ չկա։

ԹՎՈՒՄ Է, ԹԵ ԴԱ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՂՈՒՑ ՉԷՐ. ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՋ։ Բայցև՝ մի ողջ հավերժություն, քանզի անհնար է պատկերացնել նման ծրագրեր այսօրվա Հայաստանում, որը կանգնած է գոյաբանական երկու սպառնալիքների՝ Արցախի վերջնական կորստի և հայոց պետականության կործանման առջև: Եվ այս խորապատկերին, այն պայմաններում, երբ հայկական բանակը հիշեցնում է մինչև 2018 թվականը գոյություն ունեցածի լոկ ստվերը, իսկ իշխանություններն ամեն կերպ փորձում են այն ներկայացնել իբրև համատարած դավաճանների ու դասալիքների հավաքածու, ՀՀ զինված ուժերի հզորացմանն ուղղված «Ազգ-բանակ» հայեցակարգի և դրանից բխող ծրագրերի հեղինակի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարում:

Մեղադրում են իբր «զինծառայողներին բնակարաններ բաշխելիս խախտումների համար» և հետախուզում հայտարարում «գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով»։ Կրկնեմ. միջազգային հետախուզո՛ւմ:

Փաշինյանական հինգ տարիների ընթացքում հայ ժողովրդի դեմ կատարվել են ահռելի քանակությամբ հրեշավոր ոճրագործություններ, որոնք պետք է միանգամայն հիմնավորված համարել հանցագործություններ մարդկության դեմ։ Ընդ որում՝ և՛ պատերազմական, և՛ խաղաղ ժամանակներում. դրանք կատարվել են ցուցադրաբար, անթաքույց, և նույնիսկ հակառակը՝ ամեն ինչ նկարահանելով տեսախցիկով և տեղադրելով սոցցանցերում։ Օրինակ, նախապես հայկական դրոշով փաթաթած հադրութցի երկու խաղաղ բնակիչների գնդակահարությունը։ Օրինակ, շուշեցի ծերունու գլխատումը։ Հայ ռազմագերիների մահապատիժը հենց մարտական դիրքերում։ Հայ կին զինծառայողի մարմնի ծանակումը Ջերմուկում՝ անցած տարվա սեպտեմբերին: Հայ ռազմագերիների խոշտանգումները. ֆիզիկական և հոգեբանական, հենց տեսախցիկի առջև:

Գործնականում բոլոր այս դեպքերում դահիճների մտքով անգամ չէր անցնում թաքցնել իրենց, ներողություն եմ խնդրում, դեմք ասվածը, վստահ լինելով սեփական անպատժելիության մեջ։ Գիտեին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն էլ մտածի իրենց նկատմամբ հետախուզում հայտարարել. ոչ մեկի։ Նույնիսկ հետաքննություն և պատիժ չեն պահանջի Հայաստանի քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների համար։ Պարզապես կմոռանան այդ ամենի մասին, իսպառ կմոռանան:

Ալիևն ու Էրդողանը երկու ոճրագործներ են, որոնց ձեռքերը մինչև արմունկը հայկական արյան մեջ են։ Որոնք հեղեղել են տարածաշրջանը միջազգային վարձկան ահաբեկիչներով, նրանց 100 դոլար վճարելով հայի յուրաքանչյուր կտրած գլխի համար։ Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու և հայկական տաճարները ռմբակոծելու հրաման տվել։ Հայկական տարածքներ զավթել Արցախում ու Հայաստանում, ահաբեկել, սպանել և գնդակոծել սահմանամերձ գյուղերի բնակչությանը, ոգևորել ու խրախուսել իրենց ցեղակիցներին անմարդկային մահապատիժներ իրականացնելու:

Ոճրագործներ, որոնք շրջափակել են 120 000 հայերի, կտրել թթվածինը և սովից ու հիվանդություններից մահվան դատապարտել մի ամբողջ ժողովրդի, այդ թվում՝ տասնյակ հազարավոր երեխաների։ Ծանր հիվանդ մարդկանց փրկել արգելելով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Բացեիբաց, աշխարհի աչքի առաջ իրականացնելով ցեղասպանություն, ավելի ճիշտ՝ շարունակելով իրենց գլխավոր ծրագիրը. Հայոց ցեղասպանությունը։

Այդ երկուսի նկատմամբ էլ Փաշինյանը միջազգային հետախուզում չհայտարարեց. ինչի՜ մասին է խոսքը։ Ինքն ու իր թիմակիցները հանդիպում են նրանց հետ, ձեռքով բարևում, քծնանքով նայում աչքերի մեջ և ստորաքարշ ժպտում տեսախցիկի առջև (թե որքան նողկալի են նրանք իրենց պահում հետաքրքրասեր աչքերից հեռու, կարելի է լոկ պատկերացնել) և պայմանավորվում են հանձնել ամեն հայկականը՝ հայ ժողովրդին էլ վրադիր, անձամբ իրենց համար ապագա շնորհների ակնկալիքով։

Ամեն ինչ պարզ է. այդ երկուսը և նրանց հպատակները Փաշինյանի ու իր ոհմակի համար յուրային են։ Քանզի ատում են, ինչպեսև իրենք, ամեն հայկականը։ Երազում են, ինչպեսև իրենք, ազատվել հայկական Արցախից։ Փափագում են, ինչպեսև իրենք, թուրքացնել Արևելյան Հայաստանը, ինչպես ժամանակին թուրքացվեց Արևմտյան Հայաստանը։ Ճիշտ ինչպես թուրքերը՝ Փաշինյանն ու իր ոհմակը անրջում են, որ տարածաշրջանում հայկական հետք անգամ չմնա, և պատրաստ են անվանել Արցախի Հանրապետությունը բացառապես Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտը՝ Խանքենդի, Շուշին՝ Շուշա, դե իսկ Արարատը՝ երևի Արաբաթ

Փաշինյանը երբեք հետախուզում չի հայտարարի հայ ժողովրդի դեմ հանցագործությունների գծով իր թուրք հանցակիցների նկատմամբ։ Նա միջազգային հետախուզում է հայտարարում «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակի նկատմամբ։ Եվ դա միանգամայն օրինաչափ է և կատարելապես տեղավորվում է «Քաղաքացիական պայմանագրի» բնորոշման մեջ՝ որպես օկկուպացիոն և հակահայկական ռեժիմի։ Այդ տրամաբանությանը լիովին համապատասխան, Հայաստանի ապագա ազգային իշխանությունները հենց իր՝ Նիկոլի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարեն միայն Ալիևի հետ մեկտեղ, և, ամենայն հավանականությամբ, «մեղադրյալի գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով»։