ՄԵԾ, ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀ
Երկու լուր. մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր: Մեծ լուրն այն է, որ ի սկզբանե հուլիսի 21-ին նախատեսված Ալիև-Միշել-Փաշինյան հերթական հանդիպումը տեղի կունենա ավելի շուտ՝ հուլիսի 15-ին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։
Ինչպես հայտնի է, Բրյուսելում բանակցությունների նախաշեմին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկումներ էր անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ Արմեն Գրիգորյանը մի ավելորդ անգամ մեկնեց Վաշինգտոն, որտեղ իր հրահանգիչներից մեկի՝ ազգային անվտանգության հարցերով Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկում էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ամերիկյան տեսլականը։
Տելեգրամ-ալիքներում, սոցցանցերում և ԶԼՄ-ներում օգտատերերն ակտիվորեն քննարկում են այդ «ամերիկյան տեսլականը», թե հատկապես ինչ են պահանջում Վաշինգտոնն ու Բաքուն Երևանից բանակցությունների հերթական փուլում: Անկեղծ ասած, ցանկություն չկա թվարկելու, բայց ողջ մամուլն արդեն հեղեղված է այդ կետերով, որոնցում, սկզբունքորեն, սենսացիոն ոչինչ չկա։
Եվ այսպես, ըստ վերջին արտահոսքերի, Հայաստանից պահանջվում է Արցախի գրավոր պաշտոնական ճանաչում որպես Ադրբեջանի մաս, Ադրբեջանի օգտին հրաժարում Տավուշի և Արարատի մարզերի անկլավներից, «65 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձ» Սյունիք՝ ինչ-որ ադրբեջանական գրասենյակի հսկողության տակ, որը պիտի Հայաստանի տարածքում (!!!) զբաղվի այդ «փախստականների» անվտանգության հարցերով։ Պահանջվում է նաև «Զանգեզուրի միջանցքը»՝ միջազգային կառույցների հսկողության ներքո, և վերջապես՝ ռուսական ռազմակայանի դուրսբերում։
Դե, իսկ ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահներին, ապա Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո «շատ պատեհ» հայտարարեց, որ 2025-ին նրանք կհեռանան Լեռնային Ղարաբաղից... Ակնհայտ հետևանքներով, որը մի հայկական, բայց իշխանամետ քարոզչական ռեսուրս նկարագրել է հետևյալ կերպ. «Խաղաղապահների դուրսբերման սցենարի կատարման դեպքում Հայաստանը կունենա երկու ճանապարհ. մտնել նոր պատերազմի մեջ, որտեղ ստիպված կլինի միայնակ պայքարել Ադրբեջանի և, Շուշիի հռչակագրի համաձայն, նրա լիարժեք հովանավորի՝ Թուրքիայի դեմ, կամ պատրաստվել դիմավորելու արցախցի 120000 փախստականների»։
Ի՞նչ են առաջարկում Հայաստանին դրա դիմաց։ Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սատարելու երաշխիքներ։ Թուրքիայի հետ սահմանի բացում, որտեղ արդեն ընթանում են Մարգարայի մաքսակետի մոդուլային տաղավարների կառուցման աշխատանքները։ Ամերիկյան ռազմական ուսումնական կենտրոններ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների ճանաչում ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1975թ. քարտեզներով։ Իլհամ Ալիևի խոստում՝ հարգելու Արցախի հայերի կյանքի իրավունքը։ Վաշինգտոնի և Բրյուսելի խոստում՝ դրդելու Ալիևին կատարել իր խոստումը։ Լաչինի միջանցքի բացում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար։ Ու նաև Բաքուն համաձայնություն կտա Հայաստանում մետալուրգիական գործարանի կառուցմանը։
Մոտավորապես այսպիսի տեսք ունի բանակցային գործընթացի բովանդակությունն այսօրվա դրությամբ՝ ըստ ինտերնետային տարբեր հարթակներում զետեղված արտահոսքերի։ Դե, համենայնդեպս՝ մինչ այն պահը, երբ Իլհամ Ալիևը նոր պահանջներ կներկայացնի։
Հասկանալի է, որ Փաշինյանը միանգամից բոլոր կետերին համաձայնություն չի տա, բայց դրա հնարավորությունն ակնհայտ է։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ թվարկված կետերից թեկուզ մեկի իրագործումն արդեն իսկ նշանակում է հայոց պետականության վախճան, հետևաբար՝ մնացածի իրականացման համար դե ֆակտո խոչընդոտներ չեն լինի: Իսկ այն, որ «հպարտ քաղաքացիներին» վաղուց մշակում են ճիշտ հունով, տեսանելի է անզեն աչքով։
Հիմա անցնենք երկրորդ լուրին՝ փոքրին։ Հրաժարական է տվել Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը։ Համայնքի բարեկարգմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում իշխանությունները նրա նկատմամբ դժգոհություններ չունեն։ Արդեն իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալով համայնքը Հայաստանի առաջատարներից է և առաջին տեղում է Շիրակի մարզում: Իգիթյանի նկատմամբ ոչ մի դժգոհություն չունեն նաև իրավապահ կառույցները։ Ուրեմն ինչո՞ւմն է բանը:
Իգիթյանը ՀՅԴ անդամ է։ Այդ իսկ պատճառով վերջին շրջանում նրա դեմ ակտիվ արշավ էր ընթանում, որը տեղի ուժայինների աջակցությամբ գլխավորում էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մեկը, որն անձամբ խոստացել էր Փաշինյանին, որ կհասնի Իգիթյանի հրաժարականին։ Երեկ այդ երիտասարդ պատգամավորը վերջապես ցնծության առիթ ստացավ. Իգիթյանը հրաժարական տվեց, հոգնելով մշտական ճնշումից ու հաշվեպարզումներից։
Այդ հրաժարականը տրամաբանական է։ Ոնց էլ Փաշինյանը խուսավարի, նրանից մոտ ապագայում նոր զիջումներ են պահանջում։ Իշխանությունը պահպանելու համար նա կստորագրի պահանջվող փաստաթուղթը, գերազանց հասկանալով, թե Հայաստանի համար ինչ հետևանքների է հանգեցնելու վերոնշյալ պայմաններից թեկուզ մեկի ընդունումը։
Հասկանալի է, որ երբ Նիկոլը ստորագրի ադրբեջանական վերջնագիրը, դեռ մինչև վերջ չջախջախված ընդդիմության մնացորդները նորից դուրս կգան փողոց։ Վերջին և վճռորոշ մարտի: Դաշնակցությունը, նույնիսկ լրջորեն թուլացած, այսօր ընդդիմության ամենակառուցակազմ ուժն է, և դժվար թե որևէ մեկը առարկի սրան։ Բացառված չէ, որ իշխանության հետ հերթական կոշտ բախումը կհանգեցնի Հայաստանի տարածքում կուսակցության գործունեության հերթական արգելանքին։
Ըստ էության, եթե անգամ ՀՅԴ-ն ձեռքերը ծալած նստի, միևնույնն է, նրան մեղավոր կնշանակեն։ Քանզի որպեսզի Փաշինյանը կարողանա իր համար ոչ ցավոտ կերպով իրականացնել ներկայացվող բոլոր պահանջները, անհրաժեշտ է մեղավորներ նշանակել այդպիսի ձախողման համար։
Անպայման պետք է լինի արտաքին մեղավոր։ Դա, բնականաբար, Ռուսաստանն է։ Բայց հարկավոր է նաև ներքին թշնամի։ Ոչ ոք, Փաշինյանի և իր թիմի տեսանկյունից, ավելի հարմար չէ այդ դերին, քան ՀՅԴ-ն։ Ուստի Արծրուն Իգիթյանի հրաժարականը միանգամայն հասկանալի է. չի կարող «ներքին թշնամին», ինչպես այսօր ակտիվորեն պատկերում են ՀՅԴ-ին ՔՊ-ի քարոզիչները, լինել սահմանամերձ, դինամիկ զարգացող համայնքի ղեկավար:
Անտառը հատելիս տաշեղներ են թռչում. մնում է միայն քաջառողջություն մաղթել Արծրուն Իգիթյանին: