ՄԻՇԵԼԸ ՀԱՍՏԱՏԵՑ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԵՄՊԵՐՈՎ ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ը անկասկած դարձավ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների հերթական և բավական խոշոր քայլը՝ լիակատար կապիտուլյացիայի և Բաքվի, Անկարայի ու Արևմուտքի պահանջների անվերապահ կատարման ուղղությամբ։ Տեղի ունեցող ամենի ծայրահեղ ցինիզմն այն է, որ գործընթացն ամեն կերպ արագացվում է (ինչի մասին է վկայում նաև Բրյուսելում հանդիպման օրվա տեղափոխումը հուլիսի 21-ից 15-ին) Արցախի ժողովրդի ողբերգության խորապատկերին։ Բայց այդ արագացումն ուղղված է ոչ թե շրջափակման և հումանիտար աղետի դադարեցմանը, այլ հակառակը՝ հանրապետության վերջնական խեղդմանը և Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության խրախուսմանը։

Այս փաստի արձանագրումը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման գլխավոր արդյունքն է, որում հերթական անգամ չկար հայկական կողմ, այլ կային երկու թուրքական. Ալիևն ու Փաշինյանը: Ինչն էլ արձանագրեց Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մամուլի համար արած իր հայտարարությամբ։ Ու թեև նա հանդես եկավ իր անունից, բայց հայտարարությունն, անշուշտ, բոլոր երեք մասնակիցների համաձայնեցված դիրքորոշումն է։ Այդ դիրքորոշումը կայանում է նրանում, որ պաշտոնական Երևանն ու Արևմուտքը (Ռուսաստանի մասին՝ առանձին խոսակցություն է) շարունակում են լիովին խրախուսել և աջակցել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը և Հայաստանի Հանրապետության հանդեպ Բաքվի ծավալապաշտական նպատակներին:

Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ հանդիպումից առաջ Միշելին են փոխանցվել դիմումներ՝ ԵՄ անդամ երկրների քաղաքացի կամ բնակիչ հայերի հազարավոր ստորագրություններով, ինչպես նաև մի քանի հարյուր եվրոպական հասարակական կազմակերպությունների ուղերձներ, Արայիկ Հարությունյանի նամակը՝ Արցախի աղետալի իրավիճակի մասին։ Չնայած այն փաստին, որ մի քանի շաբաթ առաջ ԵԽԽՎ-ում անցկացվեցին լսումներ, որոնց ընթացքում բավական հստակ գնահատական տվեցին իրավիճակին բազմաթիվ եվրապատգամավորներ, ինչպես նաև Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնք եղել են Լաչինի միջանցքի սկզբնամասում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում…

Վերջապես, չնայած այն իրողությանը, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանգնած են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, որոնց սովամահություն է սպառնում և որոնք պահանջում են միայն մեկ բան. իրենց հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունք: Ուրիշ ինչպիսի՞ն է լինում ժողովրդավարությունը, ժողովրդի իշխանությունը։

Բայց Միշելի ինչի՞ն է պետք ժողովրդավարությունն իր անաղարտ տեսքով, հասարակական և նույնիսկ եվրապատգամավորական կարծիքն ու կոչերը, եթե նրա գլխավոր գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, որի համար գլխավորը Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են, այլ ոչ թե Արցախի ճակատագիրը, որը նա վաղուց հանձնել է իր հանցակիցներին՝ հայ ժողովրդի դահիճներին։

Աչքի անցկացնենք Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության որոշ դրույթներ, որոնց առկայությունը, առանց «Հայաստանի վարչապետի» կողմից որևէ վերապահման, լիովին հաստատում են ասվածը։

Առաջին կետը. «Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն»։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդ ըմբռնման՝ Հայաստանի տարածքը կազմում է 29,800 քառ.կմ., իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառ.կմ.»։ Տխրահռչակ 29.800, և ոչ մի բառ ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության տարածքների ավելի քան 2 տարի շարունակվող բռնազավթման մասին։ Պահանջատիրության մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց մի բառ անգամ չկա այդ տարածքներից Ադրբեջանի հեռանալու պարտավորության մասին։

Ինչո՞ւ։ Դե, որովհետեվ այդ մասին ծպտուն անգամ չի հանում նա, ով իբր ներկայացնում է Հայաստանը և պարտավոր է պաշտպանել նրա շահերը, այդ թվում՝ սահմանների անվտանգությունն ու անխախտելիությունը։ Ե՞րբ են վերջին անգամ «ՀՀ իշխանությունները» պահանջել դուրս բերել թշնամական բանակի ստորաբաժանումները հայկական պետության տարածքից. որևէ մեկը հիշո՞ւմ է:

Երկրորդ կետը. «Սահմանազատում»։ «Երկու ղեկավարներն էլ վերահաստատեցին իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական հիմք»,- հայտարարում Է Միշելը: Եվ դրանով իսկ հաստատում, որ Փաշինյանը բերանը ջուր է առել այն մասին, որ Հայաստանի կողմից հռչակագրի ստորագրման պահի դրությամբ Արցախում վաղուց արդեն անցկացվել էր համաժողովրդական հանրաքվե՝ այն ժամանակվա օրենքներին լիովին համապատասխան, հետևաբար՝ Արցախն այլևս Ադրբեջանի կազմում չէր։ Եվ որ Հայաստանն այդ հռչակագիրը վավերացրել է հենց այդ փաստին վերաբերող վերապահումով, ուստի որպես սահմանազատման հիմք այդ տխրահռչակ հռչակագրին հղում կատարելն անընդունելի է։

Չենք խոսում արդեն Գերագույն խորհրդի 1992թ.հուլիսի 8-ի որոշման մասին, որի երկրորդ կետն ասում է. «Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Այդ որոշման մասին Փաշինյանն ու իր ոհմակը միանգամայն հասկանալի պատճառներով ընդհանրապես չեն հիշատակում, բայց դրանից այն չի դադարում գոյություն ունենալ և մնալ վավեր։

Անցնենք առաջ։ Չորրորդ կետը. «Հումանիտար մատակարարումներ»: Ի դեպ, բավական ցուցանշական է, որ Արցախում տեղի ունեցող աղետը շոշափվում է միայն թվով չորրորդ կետում։ Ոչ պակաս ցուցանշական է դրա բովանդակությունը։ Միշելը լոկ արձանագրում է, թե «քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործերի ներկա վիճակն ակնհայտորեն անկայուն է և չի ծառայում որևէ մեկի շահերին»։ Վիճելի պնդում է, քանզի իրավիճակը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին, բայց անցնենք առաջ։

«Ես շեշտել եմ Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական բեռներ հասցնելու համար։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ հումանիտար բեռների մատակարարումը երկու կողմերից՝ ապահովելու բնակչության կարիքների բավարարումը»։ Այսինքն Եվրախորհրդի ղեկավարը Արցախի ժողովրդին առաջարկում է օգտվել այն երկրի «հումանիտար մատակարարումներից», որը վարում է խեղդամահության, ահաբեկչության, ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականություն, փորձելով ստիպել 120 000 մարդկանց սովամահության սպառնալիքով ենթարկվել իր պահանջներին։

Եվ դա արվում է «Հայաստանի վարչապետի» լիակատար համաձայնությամբ և աջակցությամբ, որը, բնականաբար, մտադիր էլ չէ հիշեցնել այդ ամենի և շատ այլ բաների, օրինակ՝ ռազմական ագրեսիայի և խաղաղ քաղաքացիների դեմ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների մասին Եվրախորհրդի «մոռացկոտ» ղեկավարին։

Հինգերորդ կետը. «Իրավունքներ և անվտանգություն»: «Տեղում գտնվող մարդիկ հավաստիացման կարիք ունեն, առաջին հերթին՝ իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- ասում է Միշելը: Ուշադրություն դարձրեք. խոսքն այլևս երաշխիքների մասին չէ, այլ «հավաստիացման»։ Մի բառ անգամ չկա միջազգային մեխանիզմների և միջազգային մասնակցության վերաբերյալ, որոնց մասին այնքան սիրում են ճամարտակել Փաշինյանը, Գրիգորյանն ու Միրզոյանը։ Իսկ գլխավորը. ո՞վ է ձեզ ասել, պարոն Միշել, թե «տեղում գտնվող մարդիկ», այսինքն՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, ինչ-որ «հավաստիացումների» կարիք ունի հանցավոր պետության կողմից, որտեղ հայատյացությունը, ռասիզմն ու ատելությունը պետական գաղափարախոսության և քաղաքականության միակ հիմքն են։ Մի՞թե ձեր կողմից այդքա՜ն սիրված Փաշինյանը։

Վերջապես, վեցերորդ կետը. «Ձերբակալվածներ»: «Առաջնորդները վերահաստատեցին ջենտլմենական ընկալումը, որ այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը պետք է լուծվի։ Ես հորդորեցի, որ երկու կողմում ձերբակալվածներն ազատ արձակվեն»,- հպարտությամբ հայտնում է Միշելը։

Արձանագրենք. մի բառ անգամ չկա ավելի քան հարյուր հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին, որոնք 2,5 տարուց ավելի տանջվում են Բաքվի զնդաններում։ Փաշինյանը վաղուց մոռացել է ՀՀ այն քաղաքացիների մասին, որոնց նախընտրական քարոզարշավի ընթացքում ցինիկաբար խնդրում էր «մի քանի ամիս էլ սպասել»։ Խոսքն ընդամենը նրանց մասին է, ովքեր «պատահաբար են հատել սահմանը»։ Կռահեցի՞ք, թե ում մասին է խոսքը, և հատկապես ով է բարձրացրել իր դիվերսանտ և մարդասպան քաղաքացիների հարցը։

«Իրական առաջընթացի համար նախևառաջ պետք է վերջ տրվի բռնություններին ու կոշտ հռետորաբանությանը, որպեսզի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծվի»։ Դուք սա լո՞ւրջ եք ասում, պարոն Միշել: Թե՞ ձգտում եք հերթական անգամ ընդգծել եվրոպական արժեքների հետադիմության աստիճանը, ամեն կերպ աջակցելով բռնապետ և բռնակալ Ալիևի գլխավորած ավտորիտար և ահաբեկչական երկրի՝ Ադրբեջանի շահերին։

Եվ կրկին ապացուցելով վաղուց արդեն ոչ մի նոր ապացույցի կարիք չունեցող փաստը. ձեր սիրելի Փաշինյանը շարունակում է արագացված տեմպերով հանձնել Արցախը, Հայաստանը և հայ ժողովրդին, և հենց դրա համար եք դուք ամուր կառչում նրանից և հոգատարությամբ փայփայում նրա հակահայկական իշխանությունը: