ԻՆՉՊԵՍ ՀԱՄԸՆԿԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ եվ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Միշելի, Ալիևի և Փաշինյանի բրյուսելյան հանդիպման, ՌԴ ԱԳՆ հայտարարության և Ադրբեջանի արձագանքի, Արցախում սկսված համաժողովրդական նոր շարժման վերաբերյալ մեկնաբանությունների հեղեղի մեջ գլխավորը կարող է վրիպել աչքից: Ցանկալի չէ։

Ինչ վերաբերում Է Բրյուսելում կայացած բանակցություններին, ապա դրանք չմոտեցրին կողմերի հաշտությունը, ավելի շուտ՝ հակառակը. հեռացրեցին վերջնական որոշումից: Այդ մասին է վկայում ոչ միայն Միշելի հոգնած տեսքը տևական բանակցություններից հետո, այլև Բաքվից շուտով հաջորդած հրճվալից ճիչերը. իբր՝ Ալիևը բանակցությունների օրակարգ է մտցրել «արևմտյան ադրբեջանցիների» հարցը, Ալիևը հրաժարվել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության պարամետրերը և, ծաղրելով Փաշինյանին, հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի «կադաստրի վկայականը» չէ ... Իսկ այն, ինչը, ըստ Միշելի, «արգասաբեր» էր «ջենտլմենական ըմբռնման» վրա հիմնված բրյուսելյան բանակցություններում, ԵՄ Խորհրդի նախագահի հանդեպ հարգանքով հանդերձ, իրականում ոչ այլ ինչ է, քան հերթական անհետևանք դատարկախոսություն...

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ու հետագա հեռանկարների հարցում տիրող իրական վիճակը հասկանալու տեսանկյունից կիրառական նշանակություն ունեցավ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Հայտարարություն, որն այնպիսի «անհասկացողություն և հիասթափություն» առաջացրեց Բաքվում, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրեց ՌԴ ԱԳՆ-ին այն բանում, որ վերջինիս հայտարարությունը չի համապատասխանում «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ներառյալ Ղարաբաղի շրջանը»։ Բաքվի «անհասկացողությունն և հիասթափությունը» այնքան մեծ էր, որ Իլհամ Ալիևը հաջորդ օրը կարգադրություն ստորագրեց Ուկրաինային ավելի քան 7,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին:

Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի ԱԳՆ-ի խելքը մինչև այս պահը բավականացրել է լռելու համար, թեև Բաքվի զայրույթն առաջացրած իրավիճակն անմիջականորեն կապված է Արցախի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշման հետ։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որում Մոսկվան առաջարկում է կազմակերպել Բայրամով-Լավրով-Միրզոյան հերթական եռակողմ հանդիպում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողով նախապատրաստելու նպատակով, ասվում է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս «արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

Չնայած Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական լռությանը, Վաշինգտոնի հայրենի ծառայանին աղմուկ բարձրացրեց, իբր՝ այդ կերպ Մոսկվան լվանում է ձեռքերը։ Աղմկում էր հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ը գրում էր իր զայրալից մեկնաբանությունն այն մասին, թե իբր՝ ինչպե՜ս համարձակվեց Մոսկվան կապակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հայկական կողմի դիրքորոշման հետ…

Սակայն է՛լ ավելի զավեշտալի է, որ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ ամենահստակ մեկնաբանությունը տվել է, ավաղ, ադրբեջանական մի ռեսուրս՝ նշելով, որ Մոսկվայի դիրքորոշման մեջ զարմանալի ոչինչ չկա։ Եկեք դիտարկենք:

«Դեվիչյա բաշնյա» ադրբեջանամետ հայտնի տելեգրամ-ալիքի հեղինակը նախ գրում է. «Մեկ անգամ ևս վերանայեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 3 կարևոր հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման թեմայով։ Ուշադիր կարդացեք:

Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 22-ի հարցազրույցից. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում էր, որ և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ նրա հարակից բոլոր շրջանները ... Ադրբեջանի հանրապետության տարածքի անքակտելի մասն են»։

Այնուհետ ադրբեջանցի մեկնաբանը հղում է կատարում 2020 թվականի դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինի ասածին. «Մենք միշտ, տարիներ շարունակ, ես հիմա կկրկնեմ մեր դիրքորոշումը, հիմք ենք ընդունել այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ պահվող շրջանները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն պետք է թողնվի ապագային, պետք է ամրագրվի ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, բայց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցության հնարավորության պարտադիր ստեղծումով, ինչի համար նախատեսվում էր ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը, այսինքն՝ դա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքն է»։

Վերջապես, մեջբերվում է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Վալդայի համաժողովի ընթացքում Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին Վլադիմիր Պուտինի պատասխանից մի հատված. «Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության այդ պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է։ Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը։ Ճիշտ ինչպեսև սահմանազատմանը և սահմանի հարցի լիակատար կարգավորմանը։ Մենք կողմ ենք դրան։ Այն հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում, որ տարբերակն էլ ընտրվի, եթե դա հանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք։ Բայց մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել։ Մենք չենք կարող և մտադիր չենք ինչ-որ բան թելադրել Հայաստանին։ Եթե հայ ժողովուրդը և այսօրվա հայկական ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել այդ խաղաղության պայմանագրի որևէ կոնկրետ տարբերակ... Այսպես կոչված՝ վաշինգտոնյանը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ... Դե, եթե Հայաստանն այդպես է համարում, խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Իսկ եթե հայ ժողովուրդն ու Հայաստանը, հայկական ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի ինչ-որ ուրույն առանձնահատկություններ, այնպես որ պետք է հաշվի առնել այդ առանձնահատկությունները և ինչ-որ կերպ նկատի առնել դա ապագա խաղաղության պայմանագրում, այդպիսի բան նույնպես հնարավոր է։ Բայց, անշուշտ, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։ Սա շատ բարդ և, շիտակն ասած՝ ծանր հարց է։ Բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, զգալի չափով նկատի ունենալով նաև Ադրբեջանի շահերը, կկողմնորոշվենք նրանով, թե ինչ է առաջարկելու հենց Հայաստանը»։

Մեջբերելով Պուտինի այս երեք հայտարարությունները, ադրբեջանական առաջատար ռուսալեզու ռեսուրսներից մեկի հեղինակն ամփոփում է. «Ընդհանուր առմամբ ամեն ինչ հանգում է տարօրինակ բանաձևի. Ռուսաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցում հիմք է ընդունում Հայաստանի կարծիքը։ Ուստի Ռուսաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարության մեջ ոչ մի հակասություն չկա Պուտինի դիրքորոշման հետ։ Ինչպես հայերը որոշեն, այնպես էլ Մոսկվան կընդունի։ Այնպես որ՝ ստացեք, ստորագրեք»...

Մի բան կցանկանայի հավելել, վերջնականապես հստակեցնելու համար։ «Կրեմլի բանաձևն» ամենևին էլ տարօրինակ չէ, ինչպես գրում է ադրբեջանցի մեկնաբանը. այն բխում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախորդ ողջ գործընթացից: Ինչպես հայտնի է, այդ գործընթացի հիմնարար սկզբունքներն էին խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Կրեմլի դիրքորոշումը հիմնվում է այդ սկզբունքների վրա։ Այսինքն ոչ թե 44-օրյա պատերազմը պետք է նախորոշի խնդրի լուծումը, այլ միջազգային իրավունքի գերակայությունները. տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը։

Պետդեպարտամենտից, ԱՄՆ ԿՀՎ-ից և վաշինգտոնյան այլ կառույցներից սնվող մեր բյուջետայինները սիրում են վկայակոչել Պուտինին այն համատեքստում, թե իբր՝ վերջինս ինքն է ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ մեղքը բարդում է մեր խեղճ Փաշինյանի վրա։ Ահավասիկ երեկ էլ մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարարի ամուսնու եթերում իշխող խմբակցության մի ամբողջ քարտուղարը, ընդդիմախոսների ականջներն ու լեզուն կտրելու սիրահարն ասաց. « Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները եղել և մնում են Ադրբեջանի անքակտելի մասը»։

Սա Պուտինի խոսքերի կարծես թե աննշան, բայց իրականում սկզբունքային խեղաթյուրում է։ Վերջինս, ի տարբերություն իշխող թիմի պատգամավորների և հատկապես նրանց առաջնորդ Փաշինյանի, գիտի խոսքի արժեքը, ուստի ճշգրիտ է իր ձևակերպումներում։ Նա բառացի չի ասում, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Նա ասում է. «Միջազգային իրավունքի տեսանկյունից»... Սրանք, ինչպես կասեին օդեսացիները, երկու մեծ տարբերություն են, քանի որ նույն միջազգային իրավունքը ամենևին չի ժխտում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Եվ հենց այդպես էլ զարգանում էր բանակցային գործընթացը մինչև 44-օրյա պատերազմը։

Քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէր, նրա այդ իրավունքը բանակցություններում պաշտպանում էր Հայաստանը։ Այս ըմբռնումով է ստորագրվել նաև 9.11.2020-ի հայտնի եռակողմ հայտարարությունը։ Դրանով էր առաջնորդվում Կրեմլը նաև 44-օրյա պատերազմից հետո, երբ առաջարկում էր առաջ տանել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տարբեր ուղիներով, «հետագային» թողնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որում կողմերի դիրքորոշումները տարբեր են. Բաքուն առաջնային է համարում տարածքային ամբողջականության սկզբունքը, Երևանը՝ ինքնորոշման սկզբունքը։ Իսկ քանի դեռ հարցը չի լուծվել, ռուսական խաղաղապահ զորակազմը կիրականացնի կողմերի սահմանազատման և Լաչինի միջանցքով Հայաստանի ու Արցախի միջև կապի ապահովման գործառույթը։

Անցած տարվա օգոստոսին անսպասելիորեն զիջելով Բաքվին միջանցքի երթուղու տեղափոխման հարցում, Փաշինյանը երկու ամիս անց հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ նրա մաս։ Եվս մեկ անգամ մեջբերեմ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը. «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

Ի՞նչն է սխալ: Ամեն ինչ հենց այդպես է, որ կա։ Փաշինյանն այլևս չի բարձրացնում Արցախի ինքնորոշման հարցը, խոսում է միայն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն։ Ալիևը պատասխանում է՝ կապահովենք Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա։ Ի՞նչ հիմնավորմամբ պիտի Մոսկվան արգելի Բաքվին անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում։ Հո չի՞ ասելու. «Թեև Փաշինյանը համաձայն է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս, բայց մենք, Ալիև, քեզ չե՛նք հավատում»։ Այսինքն Մոսկվան պետք է ավելի հետևողական լինի Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում, քան Երևա՞նը։

Ավելի հետևողական, քան ասվում է Պուտինի վերոնշյալ հայտարարության մեջ. «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք, իհարկե, զգալի չափով նկատի ունենալով նաև Ադրբեջանի շահերը, կկողմնորոշվենք նրանով, թե ինչ է առաջարկելու հենց Հայաստանը»։

Հայաստանը Փաշինյանի շուրթերով առաջարկեց թողնել Արցախը Ադրբեջանին... Ի՞նչն է սխալ Մոսկվայի դիրքորոշման մեջ:

Եվ այսպես, Մոսկվան հայտարարում է, որ իր այսօրվա դիրքորոշումն ու խաղաղապահների գործողությունները բացատրվում են Երևանի դիրքորոշմամբ... Եվ եթե Հայաստանում ու Արցախում ինչ-որ բանից դժգոհ են, ապա պետք է պատասխան պահանջեն նախևառաջ Հայաստանի առաջնորդից։ Այսինքն խնդիրը պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Ավելի ճիշտ, մենք հո գիտենք դա, Փաշինյանի դիրքորոշումը։ Այսինքն՝ խնդիրը Փաշինյանն է։ Ոչինչ չի՞ հիշեցնում վերջին արտահայտությունը:

Դե, հիշեցնենք. բոլորովին վերջերս հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այն մասին, որ Փարիզն աջակցում է Արցախին, բայց խնդիրը Փաշինյանի դիրքորոշումն է, խոսեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Բառացիորեն. «Խնդիրը Փաշինյանն է»։ Դրանից հետո զայրացած Ալիևը Ֆրանսիայից անկախություն պահանջեց Նոր Կալեդոնիայի և Կայմանյան կղզիների համար…

Ահա այսպիսի զարմանալի բաներ: Անհավատալին՝ ակնհայտ. Արևմուտքի և Ռուսաստանի կոշտ հակամարտության ներկայիս պայմաններում Արցախի վերաբերյալ իրավիճակի գնահատման հարցում Փարիզի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են: Կարծում ենք, Վաշինգտոնն էլ կմիանար Փարիզի և Մոսկվայի այդպիսի մոտեցմանը, եթե ինքը չլիներ Ուկրաինայում պատերազմի գլխավոր շահառուն, ինչով էլ բացատրվում է ամերիկացիների մեծ ցանկությունը՝ շուտափույթ վերջ տալու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատերազմում պարտված կողմի զիջումների հաշվին։

ՀԻՄԱ ԱՆՑՆԵՆՔ ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, ԹԵ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ»: ԵՐԵՎԱՆԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է։ Հասկանում է իր սխալը: Դրա համար էլ լռում է։ Լուծումները երկուսն են։ Կա՛մ բանակցողի փոփոխում, ինչի մասին շատ է խոսվում։ Կա՛մ էլ, եթե կախարդական փայտիկի կամ գեղեցիկ ձեռքի շարժումով, որի տիրուհին սկսում է հասկանալ մեր սիրելի Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, բանակցողը հստակեցնի դիրքորոշումը և հայտարարի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը բնավ չի նշանակում, թե Երևանը բացառում է Արցախի ինքնորոշման իրավունքը և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն բազմիցս ճանաչված այդ իրավունքին աջակցելուց:

Է՛լ ավելի կոնկրետ. եթե Երևանը, լինի դա հանձին նոր գլխավոր բանակցողի, թե նույնիսկ հին գլխավոր բանակցողի, հստակեցնի Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումն այն համատեքստում, որ Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ամենևին չի նշանակում Երևանի հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցելուց, դա ավելի էական ազդեցություն կունենա իրավիճակի վրա, քան Արայիկ Հարությունյանի մասնակցությունը Ստեփանակերտում նստացույցին։

Սա կստիպի Մակրոնին հիշել, որ 44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձևեր են ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքին սատարելու մասին և նույնը պահանջել իրենց գործադիր իշխանությունից: Դե, իսկ Վալդայի համաժողովում Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունը մեջբերել ենք արդեն երկու անգամ։