ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ
Փաշինյանի քարոզիչները չեն հոգնում ճամարտակել, թե իբր՝ Փաշինյանի կառավարությունը Բաքվի հետ բանակցություններում հստակ նախանշել է իր կարմիր գծերը. Հայաստանի տարածքային ամբողջականություն + Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներ և անվտանգություն։ Այսօրվա դրությամբ սա, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ քաղաքական բլեֆն է։ Իսկը «խաղաղության օրակարգի» պես, որն իրականում «պարտության օրակարգ» է։ Բայց վերադառնանք «կարմիր գծերին»։
ՀԵՇՏ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՅԴՊԻՍԻՔ ՉԵՆ: Հայաստանի տարածքային ամբողջականությունը վաղուց խախտված է մի շարք մարզերում. Սյունիքի հարավում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Դա ընդունում է նաև ինքը՝ Փաշինյանը։ Այնտեղ՝ մեր տարածքում, կանգնած են ադրբեջանական զորքերը և հեռանալ բնավ մտադիր չեն։ Փաշինյանի կառավարությունը համակերպվել է դրա հետ։
Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները չեն ստիպի Բաքվին հետ քաշել զորքերը. նույնիսկ եթե պատկերացնենք, թե կողմերն ինչ-որ հրաշքով կգան խաղաղ համաձայնության, եթե պատկերացնենք, թե սահմանազատման և հետագա սահմանագծման գործընթացը կմեկնարկի, դա տևելու է երկար տարիներ, որոնց ընթացքում Ադրբեջանը կամրացնի զավթած դիրքերը և նոր փաստարկներ կհորինի բռնազավթված տարածքների ադրբեջանական պատկանելության մասին։
Բաքուն հոժարակամ չի հեռանա այնտեղից։ Թերևս միայն ուժով կարելի է նրան վռնդել, բայց թեև Փաշինյանը գերազանց հասկանում է, որ Բաքուն ինքնակամ չի լքի այդ տարածքները, ուժային լուծում Հայաստանի վարչապետի օրակարգում չկա։ Ինչո՞ւ։ Այդ մասին՝ ավելի ուշ:
Իսկ առայժմ անցնենք Փաշինյանի երկրորդ, իբր, «կարմիր գծին»՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների «իրավունքներին ու անվտանգությանը»։ Վերջին օրերի իրադարձությունների լույսի ներքո առանձնակի ակնհայտ է, որ այստեղ ևս Բաքուն մտադիր չէ ընդառաջել։ Արցախի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը ոտնահարվում են ամենացինիկ կերով։ Փաշինյանի ևս մեկ կարմիր գիծ Բաքուն ոտնահարել է, և Փաշինյանը դրա հետ էլ փաստացի համակերպվել է։ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կիրառական կապ չունեն այդ թեմայի հետ։
Այլ բան է, որ ոչ ոք չի ասում, որ բանակցություններն ընդհանրապես իմաստ չունեն, և որ Փաշինյանն առհասարակ կարմիր գծեր չունի։ Բաքվի հետ բանակցությունները Հայաստանի վարչապետի համար շատ կարևոր են, քանի որ նա իրականում ունի մի կարմիր գիծ: Շատ, շա՜տ կարմիր գիծ: Դա իշխանության պահպանումն է և ընտանիքի ու իր թիմի անձնական բարեկեցությունը: Հասկանալի է, որ երկրորդը բխում է առաջինից։
Սա միակ իրական կարմիր գիծն է, որով էլ բացատրվում են Փաշինյանի բոլոր գործողությունները և որի համար նա մտադիր է կատաղի պայքարել: Նույնիսկ սեփական ժողովրդի դեմ, որին դանդաղ սպանդի է տանում Ադրբեջանին ու Թուրքիային։
…. Նիկոլի մեկ այլ սիրելի թեման այն է, թե ինչպես ինքը հոժարակամ հրաժարական տվեց, բայց ժողովուրդը նորից ընտրեց իրեն։ Էժանագին փորձ՝ արդարանալու, որ ինքը իշխանության ղեկին է, չնայած Հայաստանի ու Արցախի գլխին բերած պատուհասներին։
Հրաժարականներն էլ տարբեր են լինում։ 2021-ի հունիսին նա ընտրությունների գնաց ճարահատյալ, վախենալով, որ իրեն ուժով կհեռացնեն։ Իսկ հրաժարական տվեց, ասենք այսպես, կիսով չափ։
Հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին։ Գնաց ու գնաց: Չփորձեց Փաշինյանի ոգով ամեն տեսակի վախկոտ արդարացումներ հորինել։ Թե իբր՝ հրաժարական եմ տալիս, բայց վարչապետի պաշտոնը չեմ լքում, որպեսզի ապահովեմ «արդար ընտրություններ», լիովին վերահսկելով և ողջ թափով օգտագործելով վարչական ռեսուրսը։ Եթե Սերժ Սարգսյանը 2018-ին հրաժարական տար, բայց «նիկոլավարի» հայտարարեր արտահերթ ընտրություններ, պահպանելով վարչապետի լիազորությունները, ամենևին էլ փաստ չէ, թե Փաշինյանի թիմը ձայների մեծամասնություն կհավաքեր։ Փաշինյանի երկու հրաժարականները՝ ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ իշխանական բոլոր լծակների պահպանումով, հրաժարականի ծաղրապատկեր են։
Վերադառնանք Փաշինյանի իրական «կարմիր գծին». իշխանություն + անձնական բարգավաճում։ Հանուն դրա նա պատրաստ է ամեն ինչի, և Իլհամ Ալիևը Փաշինյանի իրական «կարմիր գծի» մասին տեղյակ է։ Մինչև վերջերս այդ «կարմիր գծին» նա ըմբռնումով էր մոտենում, Արցախի զավթումն ու Հայաստանի սահմանամերձ տարածքներում տեռորն իրականացնում էր դանդաղ, որպեսզի շատ չվնասի Փաշինյանին։
Փաշինյանի «կարմիր գծի» մասին գիտի նաև Էրդողանը։ Հեշտ է հիշել, որ ընդդիմության գործունեության ակտիվ շրջանում և՛ Անկարան էր «կառուցողականություն» ցուցաբերում, խոստանալով երկխոսություն՝ առանց նախապայմանների, և՛ Ալիևն այդչափ ռազմատենչ չէր։ Բայց «կառուցողական» Անկարայի, «խաղաղասեր» Ալիևի, ռուսատյաց Արևմուտքի և Նիկոլի չագուճի համատեղ ջանքերով ընդդիմության ակտիվությունը հաջողվեց ճնշել։
Եվ այդժամ Անկարան բացահայտ թքեց առանց նախապայմանների կարգավորման, զբոսաշրջային սեզոնում սահմանը բացելու վերաբերյալ Ռուբինյանին տված իր բոլոր խոստումների վրա, իսկ Ալիևը սկզբում տեղափոխեց, իսկ հետո ընդհանրապես փակեց Լաչինի միջանցքը։ Դե, իսկ հենց Կարմիր խաչի քթի տակից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ցույց տվեց, որ Ադրբեջանի կազմում որևէ իրավունքների, Արցախի որևէ անվտանգության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եվ միջազգային ոչ մի պայմանավորվածություն չի սահմանափակի Արցախը հայերից ամբողջությամբ մաքրելու Ալիևի ցանկությունը։
Ավելին, Խաչատրյանի առեվանգումով Ալիեվը հասկացնում է Փաշինյանին, որ այսուհետ նրա իրական «կարմիր գիծն» էլ հաշվի առնել մտադիր չէ։ Այդպես Ալիևը վրեժ լուծեց Փաշինյանից Լաչինի միջանցք մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելու համար։ Վերջինս իրական քայլ էր, որն իսկապես անհրապույր լույսի ներքո ցուցադրեց Ալիևին միջազգային ասպարեզում։
Հայաստանի վարչապետի այդ քայլը պայմանավորված էր նրա վերջին ձախողված ասուլիսով, որի ժամանակ Փաշինյանը մտադիր էր հող նախապատրաստել Ադրբեջանին հերթական սահուն զիջումների համար։ Մասնավորապես՝ «հիմնավորել», թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի շարք հայտարարություններում ամրագրված Արցախի ինքնորոշման իրավունքը, իբր, ենթադրում էր «ընդամենը» ինքնավարություն Ադրբեջանի կազմում։
Բայց լրագրողների վճռական հարցերը ցույց տվեցին Փաշինյանին, որ իր հռետորական հնարքները ազդեցություն չունեն, և խուճապահար Փաշինյանը որոշեց ապացուցել, թե ինքը միայն խոսքերով չէ, որ պաշտպանում է Արցախի շահերը: Նրա կինը սրտաճմլիկ տեքստ գրեց այն մասին, թե ինչպես է վարչապետը մտածում Արցախի մասին ամեն վայրկյան, իսկ ամուսինը, որպես ապացույց, շտապ հումանիտար շարասյուն կազմակերպեց դեպի Արցախ, ինչը կարելի էր և պետք էր անել դեռևս կես տարի առաջ։
Ալիևը միջազգային հանրության առջև իր այդպիսի վարկաբեկմանն արձագանքեց Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությամբ, որին Կարմիր խաչը Երևան էր տեղափոխում սրտի վիրահատության համար։ Ալիևը հասկացնել տվեց. թքած ունեմ այսուհետ քո, Փաշինյան, «կարմիր գծի» վրա։ Իր աշխատակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիևի շուրթերով հայտարարելով, որ «խաղն ավարտված է»։ Շատերն այնքան էլ ճիշտ չհասկացան Ալիևի այդ ուղերձը։ Դա վերաբերում էր բնավ ոչ Արցախին, կամ ոչ միայն Արցախին։ Դա մեսիջ էր Փաշինյանին. վերջացավ խաղը, Բաքուն չի շտապի Արցախի և արցախցիների վերացման հարցում՝ հանուն նրա, որ Փաշինյանը պահպանի իշխանությունը։
Օգտվելով այն հանգամանքից, որ Փաշինյանն իր «խաղում» ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Ալիևը որոշել է անցնել տոտալ հարձակման. փաստացի Արցախին պատերազմ է հայտարարված, որը դեռևս չի անցել արյունոտ փուլի՝ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության շնորհիվ։ Բայց Խաչատրյանի առևանգումը ցույց տվեց, որ մինչև 1980 թվականը ծնված Արցախի ողջ արական բնակչությունն այժմ վտանգված է.... Հաջիևի խոսքերը նշանակում են, որ Ալիևը սկսում է Արցախի էթնիկ զտման իր ծրագրի վերջին փուլը և թքած ունի ընդ որում՝ կպահպանի արդյոք Փաշինյանն իշխանությունը, թե ոչ։