ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՌԱՋԱՐԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը՝ համարելով, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իր շրջակա տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։

«Թուրքիան աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանին և Հայաստանին, ու կոչ անում միջազգային հանրությանը ևս աջակցել դրանց՝ տարբերություն չդնելով երկրների միջև։ Տարածաշրջանում կայունության ճանապարհն ընկած է խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրման միջով, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։ Լաչինի միջանցքը նա անվանել է Ադրբեջանի տարածք, նշելով, թե Բաքուն իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք այնտեղ հարկ կհամարեն՝ ինքնիշխան իրավունքների պաշտպանության և սեփական անվտանգության ապահովման համար, հաղորդում է News.am-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամենեվին էլ զարմանալի չէ, որ Թուրքիայի ԱԳ նախարարը միջանցքների հարցերում լիովին աջակցում է ադրբեջանական դիրքորոշմանը։ Սակայն միջազգային հանրության, բոլոր նրանց մոտ, ում հետաքրքրում են տարածաշրջանի խնդիրները, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացներում, Ֆիդանի հայտարարությունը պետք է առնվազն տարակուսանք առաջացնի։ Նախ՝ այն պարզ պատճառով, որ Անկարայի ու Բաքվի միջանցքային ծրագրերի և երազանքների համար տվյալ պահին չկան փաստաթղթային հիմքեր։ Այո, Թուրքիան ցանկանում է արագացնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, որի շրջանակներում հույս ունի ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Բայց փաստն այն է, որ այդ «նախաձեռնությունը» գոյություն ունի միայն թուրք-ադրբեջանական տանդեմի երևակայության մեջ, և այդ գաղափարն իրականացնելու համար իրավական հիմք չկա։ Ուստի այսօրվա դրությամբ, երբ տվյալ հարցի վերաբերյալ Երևանի կողմից որևէ փաստաթուղթ ստորագրված չէ, Հայաստանի ինքնիշխան տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացելու ցանկության մասին խոսակցությունները ոչ միայն բացարձակապես անհիմն են, այլև բացահայտ տարածքային նկրտումներ են Հայաստանի նկատմամբ։ Այնպես որ Թուրքիայի արտգործնախարարը, ըստ էության, կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել հատկապես և միայն Անկարայի ու Բաքվի այդ նկրտումներին։

Նույն տրամաբանությամբ պետք է դիտարկել Անկարայի դիրքորոշումը մյուս միջանցքի՝ Լաչինի վերաբերյալ։ Ահավասիկ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները համերաշխ արձանագրում են, թե իբր՝ դա (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի տարածքն է։ Ընդ որում այսօրվա դրությամբ կրկին իսկ չկա փաստաթուղթ, որում դա հաստատված լինի։ Միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր մակերեսով, բավարար չէ։ Դե, նախ՝ ճանաչելու պատրաստակամությունը դեռ չի նշանակում ճանաչման փաստ։ Փաշինյանը շատ բանի կարող է պատրաստ լինել։ Քանի դեռ չի ստորագրվել համապատասխան փաստաթուղթը, քանի դեռ այն հավանության չի արժանացել Հայաստանի Սահմանադրական դատարանի և ՀՀ խորհրդարանի կողմից, հայկական կողմը ադրբեջանական չի ճանաչում ո՛չ ընդհանրապես Արցախը, ո՛չ էլ Լաչինի միջանցքը։ Դա չի կարող ընդունել նաև միջազգային հանրությունը, որի համար տասնամյակներ շարունակ տվյալ տարածքը համարվել է վիճելի և որը ներգրավված է եղել այդ վեճի կարգավորման գործընթացում։

Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են այդ մասին, կա Երևանի և Բաքվի միջև վեճը կարգավորել փորձող ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության երկաթբետոնե փաստը։ Ավելին, այսօր գոյություն ունի և՛ Արցախի, և՛ Լաչինի միջանցքի կարգավիճակին վերաբերող միակ փաստաթուղթը. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ ոչ մի բառ չկա, թե Արցախը և Լաչինի միջանցքն Ադրբեջանի տարածքն են։

Կրկնեմ. միակ հիմնավորումը, որ այդ հարցում կարող են ներկայացնել Բաքուն և Անկարան, Փաշինյանի խոսքերն են, որոնք իրավական տեսանկյունից չնչին են։ Այստեղ, ի դեպ, արժե ուշադրության առնել ևս մեկ փաստ։ Փաշինյանը խոսել է Արցախը ադրբեջանական ճանաչելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ Բաքուն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր մակերեսով։ Մինչդեռ նման պատրաստակամություն Ալիևը ոչ մի անգամ չի հայտնել, ավելին՝ հենց նույն «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը վկայում է այն մասին, որ Բաքուն համաձայն չէ Փաշինյանի առաջարկած դասավորությանը։ Ալիևն ավելին է ուզում։ Իսկ դա նշանակում է, որ տվյալ պահին Փաշինյանի առաջարկը կարելի է համարել անվավեր, քանզի Բաքուն, փաստորեն, հրաժարվում է դրանից։

Այս իրավիճակում միակ կոչը, որ պետք է լսվի այսպես կոչված միջազգային հանրության կողմից, առանց չնչին իսկ իրավական հիմքերի փակված Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն աջակցելու կոչն է։ Բացի այդ, միջազգային հանրությունը պարզապես պարտավոր է որակել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք-ադրբեջանական ծրագրերը որպես նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք առաջ է քաշում թուրք-ադրբեջանական տանդեմը և միջազգային աջակցություն ակնկալում այդ հարցում։ Մինչդեռ նրան (միջազգային հանրությանը) Անկարայի և Բաքվի կողմից առաջարկ է արվում հավանություն տալ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներին և Արցախի շրջափակմանը՝ 120 հազար արցախցիներին դատապարտելով սովի և մահվան։ Ուղիղն ասենք, անպարկեշտ առաջարկ է