«ՀԱՅԱՔՎԵՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆ Է ԲԱՑՈՒՄ

«ՀայաՔվե» նորաբանությունը բառացի նշանակում է «հայության ձայն»: Դա, ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը և Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաքի, այսինքն՝ վերջիններիս ազատ կամարտահայտության միջոցով: Զուտ քաղաքացիական նախաձեռնությամբ մարմնավորվող սույն իրավակարգավորումը մեզանում կիրառվում է առաջին անգամ: Թերևս՝ դրանով կարելի է բացատրել «ՀայաՔվե»-ի նկատմամբ ինչպես իշխանական, այնպես էլ հանրային որոշակի շրջանակներում առկա անհամարժեք վերաբերմունքը:

Այսպես՝ իշխանության պարագայում ավելի շուտ նկատելի է խանդի ու զգուշավոր վախի, իսկ հանրության պարագայում՝ թերահավատության զգացումը: Սակայն «ՀայաՔվե»-ի մեկնարկից հետո անցած առաջին մի քանի շաբաթվա ընթացքում հանրային ընկալման մեջ զգալի դրական փոխակերպում տեղի ունեցավ՝ ամրապնդելով նախաձեռնության հանդեպ վստահությունը: Ստորագրահավաքի համար սահմանված 60-օրյա ժամկետի 21-րդ օրը «ՀայաՔվե»-ին միացել էր արդեն մոտ 40.000 քաղաքացի: Եվս 10.000 քվե, և առաջին փուլով պահանջվող ստորագրությունների քանակը կապահովվի, ինչը թույլ կտա այն դնել ԱԺ-ի քննարկմանը: Խորհրդարանի կողմից մերժվելու դեպքում, որն ամենահավանական տարբերակն է, խնդիրը կբարդանա՝ հարկ կլինի հավաքել 300.000 ստորագրություն:

Ինչ արած, պետք է տքնել՝ փշոտ է ժողովրդավարության ճանապարհը: Ավելի խորագիտակ գործիչները ժամանակին ուշագրավ բնորոշում են տվել՝ ժողովրդավարական համակարգն էլ մի բան չէ, բայց ավելի լավը չունենք: «ՀայաՔվե»-ի նախաձեռնողները շատ ծանր գործի «տակ են մտել», ինչպես կասեր ժողովուրդը: Ծանր, բայց՝ հույժ անհրաժեշտ, հայության պատշաճ աջակցությունը պահանջող: Իշխանությունների հակազդեցությունը մեծ է, նրանք ամեն քայլի դիմում են նախաձեռնությունը խափանելու համար: Եվ դա հասկանալի է՝ օրինագծով խստագույն պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսվում բոլոր նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որևէ այլ պետության կազմում:

Այսօրվա դրությամբ ՀՀ բարձրագույն իշխանությունը ներկայացնող պաշտոնյաներից առնվազն երկուսը՝ վարչապետը և ԱԳ նախարարը, հրապարակավ հայտարարել են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ իրենց պատրաստակամության մասին: Եթե խնդրո առարկա օրենքն ընդունվեր ավելի վաղ, Փաշինյանն ու Միրզոյանը առաջինը կհայտնվեին մեղադրյալի աթոռին: Նրանցից առաջ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա երբեք Արցախն Ադրբեջանի մաս չէր ճանաչել: Ի դեպ, իրենց «հետթավշյա» գործունեության արշալույսին թե՛ Փաշինյանը, թե՛ Միրզոյանը մեղադրվում էին համապատասխանաբար Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ, ինչը ցայսօր չի հերքվել:

Ակնհայտ է, որ երկու ցեղասպան երկրների հետ «քիրվայություն» հաստատելու և ՀՀ-ի ազգային շահերը նրանց «ոտքերի տակ» փռելու՝ ՔՊ-ական խաժամուժի քաղաքական-գաղափարական ուղենիշները գծվել են դեռևս 2018-ից շատ առաջ: Երբ ասում ենք ազգային շահեր, նկատի ունենք նախևառաջ Արցախը, որի հանձնումը, ըստ երևույթին, կանխորոշված էր: Եվ կանխորոշված էր ոչ առանց մեծ տերությունների կամոք: Արցախում այսօր հումանիտար ճգնաժամն այնքան է սրվել, որ ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերաճել մեծ ողբերգության: Այս կացության խորապատկերին «ՀայաՔվե»-ի հիմնական ուղերձը և առաքելությունը դառնում են խիստ արդիական:

Մարդիկ հասկանում են, որ ստեղծված իրավիճակը հետևանք է գործող իշխանության կողմից թույլ տրված բազում սխալների, ձախողումների և կամայականությունների, որոնք անհետաձգելի կարգավորում են պահանջում՝ տնտեսական, սոցիալական և իրավական: «ՀայաՔվե»-ն կարևորագույն այս խնդիրների արդարացի լուծման հնարավորությունների պատուհան է բացում: Պետության կառավարման գործընթացին քաղաքացիների լայն մասնակցության պատուհան: Իրական ժողովրդավարության աննախադեպ դրսևորման պատուհան:

Acnis.am