«Ժողովուրդ» ԹԵՐԹԸ ՔՊ–ԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հատկացնել կուսակցությանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Օրաթերթը տեղեկացել է, որ ՔՊ-ին կլորիկ գումար փոխանցած գործարարների թվում է Արցախից եկած ու Հայաստանում իր բիզնեսը զարգացնող Արման Հակոբջանյանը:
«Իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է իր աղմկահարույց գնումներով, նույնպես վճարել է ՔՊ ֆոնդին»«,–գրում է թերթը:
Ի դեպ, վերջինս արտոնյալ պայմաններով գնել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 5 մլրդ դրամով, ինչպես նաև նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող շքեղ բնակարանի գնորդն էր՝ «փակովի տարբերակով»:
«ՔՊ-ի դրամահավաքին մասնակցած գործարարներից են նաև «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, «Վիվառո» ընկերության սեփականատերեր Վահե և Վիգեն Բադալյանները (վերջինս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է)»,–հայտնում է թերթը` հավելելով` չի բացառվում, որ նրանք ուղիղ իրենց անունով արած չլինեն պարտադիր նվիրատվությունը:
«Ժողովուրդը» փորձել է պարզել, թե որ գործարարը որքան գումար է նվիրել ՔՊ-ին:
«Արման Հակոբջանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցին, Նարեկ Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է լսում դրամահավաքի մասին, ինքը որևէ մասնակցություն չի ունեցել դրան, Դավիթ Երեմյանը նույնպես վստահեցրեց, որ մասնակցություն չի ունեցել այդ դրամահավաքին, իսկ Բակուր Մելքոնյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Արտակ Թովմասյանի գրասենյակից մեզ ասացին, որ մինչև օրվա ավարտը կպատասխանեն մեր հարցերին, բայց դեռ որևէ արձագանք չկա»,–գրում է թերթը:
«Ժողովուրդը» նշել է, որ առաջիկայում կհրապարակի նաև մյուս նվիրատուների ցանկը:
Հիշեցնենք` ՔՊ-ի դրամահավաք-երեկոն կազմակերպվել է հուլիսի 31-ին, 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 506 532 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1մլն 322 հազար դոլար: