ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ: ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, երբ իրենք ասացին այդ մասին, Ռուսաստանի հասցեին որևէ դժգոհությունները՝ ջանքերի անբավարարության վերաբերյալ, կրկնակի անտեղի են դիտվում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով, բարձր մակարդակով բազմիցս նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ավանդը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, շեշտվել է իրավիճակի կարգավորմանն ուղղված նրա գործունեության պահանջվածությունը:

«Ուստի այդ ամենը կասկածի տակ առնելու այդպիսի ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է դա արվում: Դե, և առհասարակ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, երբ իրենք ասացին այդ մասին, Ռուսաստանի հասցեին որևէ դժգոհությունները՝ ջանքերի անբավարարության վերաբերյալ, կրկնակի անտեղի են դիտվում»,- հայտարարել է Զախարովան։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՁԱՅՆԵԼ։ Իսկապես, երբ Հայաստանի ղեկավարությունը բացահայտ հրաժարվում է Արցախից, երբ հայկական իշխանությունն ինքն է զիջում դիրքերը, առնվազն պարկեշտ չէ կողմնակի մեղավորներ փնտրել։ Այնպես որ՝ այո, ովվ, բայց բնավ Փաշինյանը չէ, որ պիտի հանդիմանի Մոսկվային և մյուս մայրաքաղաքներին արցախցիների շահերի և կյանքի պաշտպանության գործում պասիվության համար։ Հարյուր անգամ ասվել է, բայց կրկնեմ. այսօր սովամահության եզրին հայտնված մեր 120 հազար հայրենակիցները, բացի ամենից, Հայաստանի քաղաքացիների անձնագրեր ունեն։ Այդ խորապատկերին հայտարարել Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու պատրաստակամության մասին՝ նշանակում է գիտակցաբար Ադրբեջանին պատանդ հանձնել Հայաստանի փաստացի քաղաքացիներին։ Այն Ադրբեջանին, որի առաջնորդը բաց տեքստով ասում է արցախցիներին. կա՛մ դարձեք Ադրբեջանի քաղաքացի, կա՛մ հեռացեք։

Այդուհանդերձ կա մի նրբություն, որին թե՛ Մոսկվայում, թե՛ դեռևս գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս մայրաքաղաքներում նախընտրում են ուշադրություն չդարձնել։ Եվ պարզ է, թե ինչու։ Բոլորին էլ այդպես հարմար է:

Այո, Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Բայց չէ՞ որ դեռ չի ճանաչել։ Նրան լսել, իհարկե, կարելի է, բայց այդ երբվանի՞ց է նման հարցերում խոսքն ավելի կարևոր, քան ստորագրությունը: Փաշինյանը ժամանակին ասում էր, որ Արցախը Հայաստան է։ Եվ ի՞նչ։ Ինչ-որ մեկը դա լուրջ ընդունե՞ց: Թերևս միայն Ալիևը գերգրգռվեց այդ հայտարարությունից։

Ահավասիկ Ալիևը պարբերաբար ասում է, թե Երևանը, Սևանը, Սյունիքը Ադրբեջան են, իսկ Փաշինյանը հաճախ չի պատասխանում այդ բարբաջանքներին։ Գուցեև համաձայն է Ալիևի հետ։ Բայց չէ՞ որ դա բնավ չի նշանակում, թե նման հայտարարությունները պետք է ընկալել որպես գործողության կամ անգործության ուղեցույց։ Այո, հռետորաբանությունը չարժե թերագնահատել, բայց գերագնահատել այն նույնպես չի կարելի։

Արդեն մի քանի տարի է, ինչ նույն Մարիա Զախարովան, պարբերաբար հնչեցնելով Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում, ընդգծում է անհրաժեշտությունը, որ կողմերը (հայկական և ադրբեջանական) պահպանեն հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու կոչված միակ փաստաթղթի պայմաններն ու կետերը: Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։ Նույն Մարիա Զախարովան նախանձախնդրորեն պաշտպանում է Մոսկվայի այդ դիրքորոշումը, չնայած այն հանգամանքին, որ հետպատերազմյան գրեթե երեք տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչներն այնքան բան են ասել, որ հիմա նույնիսկ դժվար է մտաբերել։ Սակայն մինչ օրս Մոսկվան շատ ավելի քիչ նշանակություն էր տալիս հռետորաբանությանը, նախընտրելով հիմնվել իր միջնորդությամբ իրականցվող հայ-ադրբեջանական գործընթացի փաստաթղթային, իրավաբանորեն նշանակալի հիմքի վրա։ Ուրեմն ի՞նչ է փոխվել հիմա։

Ինչո՞ւ է ռուսական կողմը, փոխանակ շարունակելու առաջնորդվել բացառապես իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթով, որի տակ դրված են Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրությունները, իր դիրքորոշման մեջ հիմք ընդունում Փաշինյանի խոսքերը: Այո, կարելի է և պետք է տարակուսել, երբ Փաշինյանը դժգոհություններ է ներկայացնում ընդհանրապես որևէ մեկին, բացի սեփական անձից։ Սակայն հենվել նրա հայտարարությունների վրա, դրանց համաձայն փոփոխել սեփական դիրքորոշումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող գործող փաստաթղթի առկայության պայմաններում, առնվազն տարօրինակ է։ Իմիջիայլոց, այդպիսով նաև լեգիտիմացվում են փաշինյանական թեզերը, քանզի դրանց նշանակությունը ծայրահեղ գերագնահատվում է։

Հայաստանի գործող իշխանությունը, իհարկե, Մոսկվայի նկատմամբ դժգոհություններ ունենալ չի կարող։ Բայց հայ հասարակությունը ունի հարցեր. ինչո՞ւ ռուսական կողմը, և ընդհանրապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդքան հեշտ ու անբռնազբոսիկ կերպով նախընտրեցին լուծված համարել ղարաբաղյան կարգավորման խնդիրը, սպառված համարել Արցախի կարգավիճակի հարցը՝ ելնելով ընդամենը Փաշինյանի խոսքերից։ Իրականում դա (կարգավիճակի հարցը) չի կարող սպառվել, Արցախը չի կարող համարվել Ադրբեջանի տարածք այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ-ն, քանի դեռ գործում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գործնականում չի իրականացրել այն, ինչի պատրաստակամությունը հայտնել է։

Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը պարզապես պարտավոր են գործնական քայլեր ձեռնարկել, մասնավորապես, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար։ Պարտավոր են դա անել նաև ռուս խաղաղապահները։ Եվ գլխավորը՝ անկախ նրանից, թե հերթական անգամ ինչ է բարբաջել Նիկոլ Փաշինյանը…