ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱ՛Ն Է

Հայաստանի ԱԳՆ-ը բացահայտ քարոզչություն և անթաքույց սպառնալիք է անվանել Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։

«Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. եթե սա պաշտոնական Երեվանի ողջ արձագանքն է Ադրբեջանի պետական հեռուստատեսության սյուժեին, ապա այո, իսկապես, Հայաստանն ընթանում է աշխարհի քարտեզից անհետացման ուղեգծով։ Իրականում ակնհայտ է, որ այս և բազմաթիվ այլ դեպքերում պաշտոնական Բաքուն առավել քան կոնկրետ տարածքային նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Դա տեղի է ունենում աշխարհի, նույն ՄԱԿ-ի աչքի առաջ, որոնք խիստ մտահոգված են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խնդրով, բայց ընդ որում չեն նկատում ադրբեջանական մարտահրավերներն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին։

Իհարկե, այս առումով միջազգային հանրությունն արժանի է բազմաթիվ կշտամբանքների և նախատինքի, հերթական անգամ մերկացվելով երկակի չափանիշների կիրառման մեջ և այլն։ Բայց կա մի նրբերանգ։ Երևանը գործող իշխանության շուրթերով հռչակեց այսպես կոչված խաղաղության օրակարգ՝ ամեն գնով, դրանով իսկ միջազգային հանրությանն ընձեռելով երկաթբետոնե արդարացում Բաքվի ագրեսիվ պահվածքը չդատապարտելու համար։ Ասել է թե՝ չխանգարենք կողմերին հասնել խաղաղության, և կարևոր չէ, թե ինչ ճանապարհով, ում շահերի հաշվին կապահովվի խաղաղությունը։ Եթե Երևանը, չնայած ադրբեջանական նկրտումներին ու ագրեսիային, շարունակում է առաջ հրել իր «խաղաղ» գիծը, շարունակում է չառարկել ու զիջել, ապա ինչո՞ւ պիտի դրան դիմադրեն ուրիշները։

Ուղիղ 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Այսօր Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այսօր պաշտոնական Բաքուն պնդում է, թե Հայաստանը Ադրբեջան է, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն դրան էլ չի առարկում։ Որևէ մեկը լսած կա՞, որ նա գոնե ասած լինի. «Հայաստանը Հայաստան է, և վե՛րջ»։ Ոչ, ամենևին: Որևէ մեկը գիտի՞, թե որտեղով են անցնում Հայաստանի շահերի կարմիր գծերը փաշինյանական «խաղաղության օրակարգում»։ Ոչ։ Դրանք պարզապես գոյություն չունեն: Որևէ մեկը գիտի՞, թե որտեղ է Փաշինյանի կողմից թշնամուն արվող զիջումների սահմանը։

Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է այս իշխանությունը նվաստացուցիչ քայլերով խոնարհման տանում երկիրը թշնամու առջև։ Բայց սահմանափակվենք միայն մեկով. արդեն ավելի քան մեկ տարի շարունակ Հայաստանի օդային տարածքով կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում Բաքվից Նախիջևան։ Բացելով իր երկինքը թշնամու համար՝ Երևանը դա մատուցեց իբրև բարի կամքի քայլ։ Իսկ հիմա, դատելով ադրբեջանական պետական հեռուստատեսության սյուժեից, ադրբեջանցիները վստահ են, թե այդ երթուղով թռչելիս՝ իրենց ինքնաթիռները գտնվում են Ադրբեջանի օդային տարածքում։ Ահա այսպես բռնազավթվում է Հայաստանը և՛ ցամաքում, և՛ օդում։ Ահա այսպես է այդ բռնազավթումը խրախուսում Հայաստանի գործող իշխանությունը, որի մտքով էլ չի անցնում, որ կարելի է չեղարկել իր «բարի կամքի քայլը» գոնե այն բանից հետո, երբ ադրբեջանցիներն արդեն բացահայտ ծանուցում են Արցախում էթնիկ զտումների մասին և սովի մատնում 120 հազար հայերի։ Կրկնեմ. այդ ընթացքում ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են հանգիստ ակոսել հայկական օդային տարածքը…

Անկեղծ ասած, բացարձակապես չի զարմացնում ադրբեջանական պետական եթերում հակահայկական սյուժեի հրապարակման փաստը։ Եթե Հայաստանի ղեկավարը չի հայտարարում, որ Հայաստանը Հայաստան է, և վե՛րջ, ինչո՞ւ պիտի ադրբեջանական հեռուստատեսությունը չասի, թե Հայաստանը Ադրբեջան է։ Եվ այո, այստեղ ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ կարելի է համաձայնել։ Հավանականություն կա, որ ներկայիս իշխանության օրոք Հայաստանը կարող է անհետանալ աշխարհի քարտեզից։ Նման հեռանկարից խուսափելու թերևս միակ հնարավորությունն այն է, որ Հայաստանի քաղաքացին ասի իր խոսքը։ Այն քաղաքացին, որն այսօր, ավաղ, լսում է, թե Ղարաբաղը Ադրբեջան է, և ունակ է ապրել այդ մտքով։ Այն քաղաքացին, որն այնուամենայնիվ կարթնանա և կառարկի Ալիևին, ասելով՝ Հայաստանը Հայաստա՛ն է, և շեշտ կդնի, կտրականապես բացառելով հարցական նշանը այս արտահայտության մեջ՝ նույնիսկ հանուն փաշինյանական «խաղաղության օրակարգի»։