ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ, ՆԵՐԱՌՅԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ, ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ ԵՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՎԱՆԸ ՀԵՏ ՉԻ ԿԱՆՉՈՒՄ ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում քննարկել է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին նա հայտնել է X-ի (Twitter) իր միկրոբլոգում, հաղորդում է News.am-ը։
Արարատ Միրզոյանի խոսքերով, Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ընթացքում ինքը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու սարսափելի հետևանքները բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների և սահմանափակ հնարավորություններ ունեցող 9 հազար մարդկանց համար:
«Ընդգծվել է Ադրբեջանի կողմից շրջափակումը լրիվ հանելու անհրաժեշտությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Իր մեկ այլ գրառման մեջ նա հայտնել է հույն գործընկեր Գիորգիոս Գերապետրիտիսի հետ զրույցի մասին։ Բարձր գնահատելով միջազգային գործընկերների հասցեական կոչերը՝ նա ընդգծել է Ադրբեջանի կողմից մոտ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշման իրագործմանը և Արցախի լիակատար պաշարման դադարեցմանն ուղղված կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, մենք երբեք չենք իմանա, թե ինչ տպավորություն են գործել Իսպանիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների վրա Միրզոյանի հետ զրույցները։ Սակայն տրամաբանական է ենթադրել, որ դիվանագիտական վարքականոնով կաշկանդված կամ չկաշկանդված ցանկացած նորմալ մարդու մոտ տվյալ դեպքում պետք է առաջանա առնվազն տարակուսանք։
Ահավասիկ Արարատ Միրզոյանը գանգատվում է, որ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է կազմակերպում Լեռնային Ղարաբաղում՝ բնակչության համար սարսափելի հետևանքներով։ Դրանում Միրզոյանը մոտ է ճշմարտությանը, թեև Արցախում իրավիճակն արդեն ոչ թե ճգնաժամային է, այլ աղետալի, թեև արդեն տեսանելի են ոչ թե պարզապես սարսափելի, այլ ցեղասպան հեռանկարներ։ Ահա ուրեմն, այս ամենն իր օտարերկրյա գործընկերներին ասում է հայ պաշտոնյան, որը մոտ մեկ ամիս առաջ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Միրզոյանն այն ժամանակ հավելեց, որ այդ ճանաչումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուծվեն այնտեղ բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը։
Այսօր ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը պարզապես թքել է Միրզոյանի հնչեցրած պայմանի վրա, երբ Արցախում մարդիկ սովից ուշաթափվում են, միակ բանը, որ կարող էր հայտարարել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող նորմալ մարդը, այն է, որ Երևանը հետ է կանչում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու իր բանավոր պատրաստակամությունը, քանի որ Բաքուն ողջ աշխարհին բացահայտ ցույց տվեց, թե հատկապես ինչ է սպասվում Արցախի 120 հազար հայերին, իսկ ողջ աշխարհը լիակատար անզորություն կամ անտարբերություն ցուցաբերեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հարցում։ Մինչդեռ Միրզոյանը, կրկնեմ, իր գործընկերներին պատմում է Արցախում տիրող սարսափելի իրավիճակի մասին և նույնիսկ չի ակնարկում, որ Հայաստանը չի կարող դատապարտել հայրենակիցներին անխուսափելի մահվան՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Փաստորեն Միրզոյանը նկարագրում է Արցախում տիրող իսկական դժոխքը, ընդ որում չհրաժարվելով 120 հազար հայի այդ դժոխքը նետելու և թղթի վրա դա ստորագրությամբ վավերացնելու Երևանի պատրաստակամությունից։
Միրզոյանն, իհարկե, ընդամենը հեռարձակում է Հայաստանի ներկայիս ղեկավարության դիրքորոշումը։ Սակայն դա չի նշանակում, թե ինքն այլ կերպ է մտածում։ Մնում է պարզապես զարմանալ հայկական իշխանության դաժանության ու զուտ կենդանական ցինիզմի վրա։ Դատելով ամենից, դիվանագիտական վարվեցողության շրջանակներից դուրս Միրզոյանի օտարերկրյա գործընկերները, որոնք չեն կորցրել մարդկային կերպարանքը, այնուամենայնիվ տարակուսում են նրա հետ խոսելուց հետո։ Մեղմ ասած՝ տարակուսում են, տեսնելով ու լսելով 120 հազար հայի մահվան դատապարտելու Երևանի պատրաստակամությունը…