Ո՛Չ ՄՈՍԿՎԱՆ, Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ՓԱՐԻԶԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՉՆՉԻՆ ԻՍԿ ՀԻՄՔ ՉՈՒՆԵՆ ԼՈՒԾՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտգործնախարար Բուժար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացվում է ԵԱՀԿ կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
Օսմանին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ խոցելի խմբերի, այդ թվում կանանց և երեխաների վրա դրա ազդեցության վերաբերյալ: Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին, նա վերահաստատել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ճանապարհ, ի նպաստ հակամարտությունից տուժած բնակչության:
ԵԱՀԿ նախագահն ընդգծել է, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումները և մարդկանց կենսական կարիքները։ Նա առաջարկել է իր միջնորդական ծառայությունները, ինչպես նաև ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների շրջանակում։
Օսմանին պատրաստակամություն է հայտնել շարունակել իր անձնական և ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ: Այս համատեքստում նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՍՎԵԼ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԻ ։ Իսկ այդ գլխավորը, որ նա կարող էր ասել, այսօր ամփոփված է մի քանի թեզիսային ձևակերպումների մեջ է։ Նախ, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է այնպես, ասես չկա ԵԱՀԿ Մինսկի խումբ, չեն եղել տասնամյակներ շարունակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու նրա ջանքերը։ Իիսկապես, չգիտես ինչու, այսօր բոլորը մոռանում են ԵԱՀԿ ՄԽ-ի մասին։ Եվ առավելևս տարօրինակ է, որ նրա մասին չի հիշում ԵԱՀԿ գործող նախագահը։
Երկրորդ, ԵԱՀԿ ղեկավարը կարող էր հարյուրտոկոսանոց վստահությամբ ասել, որ գոյություն ունի ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլև խնդիրը, որի պատճառով այն ձևավորվել է։ Անկախ նրանից, որ Ալիևը լուծված է համարում ղարաբաղյան խնդիրը, անկախ նրանից, որ Փաշինյանը բանավոր պատրաստակամություն է հայտնել ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, դե յուրե ԵԱՀԿ ՄԽ-ի վախճանն արձանագրող ոչ մի բան տեղի չի ունեցել։
Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի կարող փաստարկ լինել կարգավորման այդ ձևաչափի պիտանիության կորստի համար։ Նկատենք, եռակողմ հայտարարությունն ընդամենը արձանագրում է կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածությունը և որոշ պայմաններ։ Փաստաթղթում ասված է. «Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինը, հայտարարել ենք հետևյալը. 1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Մնացած բոլոր կետերը առաջինի լրացումն են:
Մյուս կետերից ոչ մեկում չկա, օրինակ, հիշատակում այն մասին, թե որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իսկ կարգավիճակի հարցը ղարաբաղյան հակամարտության առանցքային խնդիրներից մեկն է և այն հարցը, որի վրա տասնամյակներ շարունակ կենտրոնացած է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը։ Ահա և հարց է ծագում. այդ ինչո՞ւ է կազմակերպությունն ինքնաբացարկվում իր օրակարգից։ Ինչի՞ հիման վրա է ԵԱՀԿ-ին դադարել հուզել ղարաբաղյան խնդիրը և Արցախի կարգավիճակի հարցը։ Կրկնեմ, այդ հիմքերը չնչին են և ամփոփված մի քանի հայտարարությունների մեջ . հրադադարի մասին հայտարարության, ղարաբաղյան հակամարտության լուծված լինելու մասին Բաքվի հայտարարության և Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին Երևանի հայտարարության։ Ընդ որում գոյություն չունի կողմերի ստորագրած որևէ փաստաթուղթ ղարաբաղյան հիմնախնդրի սպառվածությունն արձանագրումով…
Կարելի է հասկանալ, երբ որոշ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ հանդես են գալիս Լաչինի միջանցքի և ընդհանրապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով, ելնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրողություններից և հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների խոսքերը։ Բայց այ բոլորովին անբացատրելի, ավելի ճիշտ՝ անհամարժեք է իրավիճակի նկատմամբ նման վերաբերմունքը ԵԱՀԿ-ի կողմից, որի շրջանակներում դեռևս գործում է Մինսկի խումբը, ինչպեսև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից։ Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզը իրավական չնչին իսկ հիմք չունեն լուծված համարելու ղարաբաղյան հիմնախնդիրը։