ՆՈՐ ԱՀԱԳՆԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ

Երևանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ: Ստեփանակերտը ողջունել է նման քայլը։ Պետք է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները, նույնիսկ ներկայիս իշխանությունները, նախնական աշխատանքներ են իրականացրել, որպեսզի Հայաստանի և Արցախի ձայնը հստակ լսելի լինի ԱԽ նիստում, ընդունվի Արցախի ապաշրջափակում պահանջող համապատասխան բանաձև, իսկ ԱԽ մշտական անդամների վետոյի իրավունքը չօգտագործվի։

Ասենք, ԱԽ մշտական անդամները բազմիցս աջակցություն են հայտնել Լաչինի միջանցքի ազատ գործարկման պահանջին, այդ առումով անակնկալներ չեն սպասվում։ Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Լոնդոնը, և՛ Մոսկվան, և՛ Փարիզը բազմիցս պաշտոնական մակարդակով հայտարարել են Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին։ Թերևս միայն Պեկինի կողմից նման հայտարարություն մտաբերել դժվար է, բայց կարծում ենք՝ ոչ այն պատճառով, թե Պեկինը դեմ է, այլ որ պարզապես Չինաստանը հեռու է տարածաշրջանից։ Այնպես որ կարելի է ենթադրել, որ միջանցքի ապաշրջափակման մասին բանաձևը կամ հայտարարությունը կընդունվի։ Եթե դա տեղի չունենա, ապա այլ կերպ, քան հայկական ողջ դիվանագիտության լիակատար ձախողում, դա չես անվանի։ Հուսանք, որ նման բան չի լինի, և Արցախի տարրական իրավունքներին աջակցող արդարացի բանաձև կընդունվի։

Իսկ հետո՞: Կկատարի՞ Բաքուն Անվտանգության խորհրդի պահանջը։ Չի կատարի: Եթե նա այլ դիրքորոշում ունենար, վաղուց լսած կլիներ Լաչինի միջանցքը բացելու պահանջով աշխարհի առաջատար երկրների և կազմակերպությունների բազմաթիվ հայտարարությունները։ Չենք խոսում արդեն Միջազգային քրեական դատարանի որոշման մասին։ Բայց Բաքուն մտադիր չէ նահանջել, նա իր նպատակն ունի։

Կարելի է նկատել, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքուն Արցախի և ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ իր քաղաքականության մեջ գործում որոշակի ծրագրով, ուղղված Արցախի հարցի վերջնական «լուծմանը»՝ միջազգային օրակարգից և զուտ ֆիզիկապես այն վերացնելու միջոցով։ Քայլ առ քայլ Բաքուն առաջ է շարժվել և շարժվում այդ ուղղությամբ։ Ի տարբերություն Երևանի, որը գործում է իրավիճակային կերպով, իսկ գործողությունների ծրագիրը բաղկացած է բացառապես խաղաղասիրության մասին հայտարարություններից, որոնք միայն խթանում են Բաքվի և Անկարայի ախորժակը։

Բաքվի կողմից միջազգային հանրության անտեսումը ցույց է տալիս Արցախը հայերից մաքրելու քաղաքականությունն ավարտին հասցնելու ձգտումը՝ օգտվելով միջազգային հարաբերություններում տիրող որոշակի քաոսից, համաշխարհային և տարածաշրջանային տերությունների կապերում առկա լարվածությունից։ Բաքվի այդօրինակ քաղաքականությունը շարունակվելու է։

Բաքվում արդեն հայտարարում են, թե Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իբր, նշանակում է՝ Երևանի ելք բանակցություններից։ Իհարկե, դա նման բան ամենևին չի նշանակում։ Այլ հարց է, որ Բաքուն առիթ է փնտրում Արցախ նոր ռազմական ներխուժման համար։ Նոր պատերազմի համար, քանի որ համոզվել է, որ Արցախը հյուծելով վերցնել չի հաջողվում, դա միայն հարվածում է Ալիևի իմիջին՝ չբերելով ոչ մի շահաբաժին։ Մնում է ռազմական ներխուժումը։

Ամենածայրահեղ դեպքում, եթե դա տեղի չունենա մոտ ժամանակներս, ապա կարվի 2025 թվականից հետո, երբ Ռուսական խաղաղապահ զորակազմը Բաքվի պահանջով լքի տարածաշրջանը, ինչը ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ։ Եթե, իհարկե, Հայաստանն ու Արցախը ձգեն մինչև 2025 թվականն առանց պատերազմի, քանզի Բաքուն և Անկարան լոկ հարմար պահի են սպասում։

Պետք է հասկանալ. եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Հայաստանն էլ այսպես թե այնպես կներքաշվի ռազմական գործողությունների մեջ՝ անկախ իշխանությունների կամենալ-չկամենալուց։ Այս հարցում պետք չէ պատրանքներ տածել։

Կա՞ արդյոք պատերազմից խուսափելու սցենար։ Կա։ Եթե հավանական ագրեսորը վստահ լինի, որ իր դեմ լիովին մոբիլիզացված պետություն և հասարակություն է։ Պետություն և հասարակություն, որոնք հստակ հաշիվ են տալիս իրենց, որ համենայնդեպս մեր տարածաշրջանի համար հարյուրտոկոսանոց աքսիոմա է այն հանրահայտ դրույթը, որ հանգիստ, խաղաղ ապրելու համար պետք է լիովին պատրաստ լինել պատերազմի։

Ցավոք, մենք հիմա հակառակն ենք տեսնում։ Մենք տեսնում ենք փառատոններով մտահոգ իշխանություն և հասարակություն, որին դա դուր է գալիս։ Մենք տեսնում ենք իշխանություն, որը հանդիսավորությամբ ազդարարելով խաղաղության օրակարգ՝ իր փառատոնային խաղաղասիրությամբ փաստորեն միայն հրահրում է ագրեսորին նոր պատերազմի։

Հ. Գ.-Տոտալ շրջափակման, տրանսպորտի և բենզինի բացակայության պատճառով մի քանի օր առաջ Ստեփանակերտում մի տղամարդ քաղաքի մի ծայրից մյուս ծայրում գտնվող միակ ծննդատուն է գրկած տարել հղի կնոջը, որի երկունքի ցավերը սկսվել էին: Նա հասցրել է, և կինը որդի է ծնել՝ 4 կիլոգրամ 200 գրամ քաշով: