Վլադիմիր ՎԱՍԻԼԵՎ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՍՊԻՍԻՆ Է՝ «Ե՛Վ ԳԱՅԼԵՐԸ ԿՈՒՇՏ ԼԻՆԵՆ, Ե՛Վ ՈՉԽԱՐՆԵՐԸ՝ ՈՂՋ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Alpha News-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը, ամերիկագետ Վլադիմիր Վասիլևն ընդգծել է, որ ամերիկացիները հետևում են «ե՛վ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ողջ» սկզբունքին:

 


«Այսօր ՄԱԿ-ի դիրքորոշումն ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրում, այն պարտադիր նշանակություն կամ ազդեցություն չունի, և, ընդհանուր առմամբ, դա ավելի շատ դիրքորոշման հռչակագիր է։ Սովորաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգները հենվում է տնտեսական լծակների վրա, և այս դեպքում, դա հնարավորություն է հենց տնտեսական ազդեցության համար։

Բայց մյուս կողմից, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև մերձեցում է նկատվում, ապա այդ դիրքորոշումն արտացոլում է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ իրենք կարող են ավելի շատ ազդել Թուրքիայի և, համապատասխանաբար, Ադրբեջանի տարածքով այդ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշումը կարող է ուժեղանալ։

Մյուս կողմից՝ դիրքորոշումը բխում է «ե՛վ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ողջ» կզբունքից, այսինքն՝ ցույց տալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Փաշինյանի ռեժիմին, ավելի ճիշտ՝ Փաշինյանի կառավարությանը սատարելու սկզբունքին։ Նրանք բարեկամաբար են վերաբերվում Հայաստանին, բայց միևնույն ժամանակ, ստեղծվում է քաղաքական իրավիճակ, որը դրդում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ավելի շատ կողմնորոշվել այն ուժերի դասավորվածության վրա, որոնք գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Այս առումով, դա մեծ վնաս է և մեծ հարված Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ահա այս չեզոք դիրքորոշումից մի կողմից ցանկություն է առաջանում վնասելու կամ սասանելու Ռուսաստանի դիրքերը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին այս տարածաշրջանում հետ մղելու ցանկությունը։ Իսկ մյուս կողմից՝ պահպանելու բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև տվյալ դեպքում՝ Փաշինյանի կառավարությունը բավականին մեծ հույսեր է կապում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և ինչ-որ տեղ, նույնիսկ, պրոամերիկյան դիրք է զբաղեցնում։

Ահա այստեղից էլ առաջ է գալիս այդ բավականին բարդ դիրքորոշումը, որը զբաղեցնում է Ամերիկան։ Մի կողմից՝ վնասել, եթե այդպես կարելի է ասել, Ռուսաստանին հետ մղելով այս տարածաշրջանից, բայց մյուս կողմից՝ պահպանել նորմալ կամ բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ահա այս ամենից, ըստ իս, բխում է Ամերիկայի քաղաքականության բարդ գիծը, որը նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի իրականացնել», — նշել է փորձագետը։

Alpha News