ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ՞ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Բանակցությունները ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագրի ստորագրումն արդեն մոտ է, կարծում է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Երկու երկրների առաջնորդների պարտականությունն է՝ անել ամեն ինչ, որպեսզի թույլ տան հայերին և ադրբեջանցիներին ապրել խաղաղության մեջ։ Նոր խորհրդակցություններ պետք է անցկացվեն Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք կհանգեցնեն պատմական շրջադարձի»,- հայտարարել է Լահբիբը երեքշաբթի օրը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Բելգիացի նախարարի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի այս պատմական հակամարտությունից միակ ելքը բանակցություններն ու փոխզիջումներն են:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այն, որ ցանկացած հակամարտությունից ելքն անցնում է կողմերի երկխոսության և բանակցությունների միջով, տարրական ճշմարտություն է։ Նույնպիսի տարրական ճշմարտություն է այն, որ ցանկացած բանակցությունների հաջողությունը կախված է փոխադարձ զիջումների գնալու կողմերի պատրաստակամությունից։ Փոխադարձ. սա առանցքային բառն է: Ահա ուրեմն, տվյալ դեպքում, ինչպես ասում են, փոխադարձության հոտ անգամ չի գալիս։ Բաքվի դիրքորոշումը բացարձակ անզիջում է Արցախին և հայ-ադրբեջանական օրակարգին վերաբերող գրեթե բոլոր հարցերում, իսկ Երևանը շարունակ գնում է զիջումների: Ո՞ւր են այստեղ փոխզիջումները: Այսպիսի պայմաններում պնդել, թե կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, առնվազն անհամարժեք է։ Այո, ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնել կարելի է։ Բայց խաղաղության՝ դժվար թե։ Համենայն դեպս՝ ամուր ու երկարաժամկետ խաղաղության: Եվ առաջին հերթին՝ այն պարզ պատճառով, որ ադրբեջանական հասարակության մեջ հայատյացությունը հասել է աներևակայելի աստիճանի։

Վերջերս հրապարակվեցին «Ֆոկուս» ՍԱԵԱՍ-ի կողմից Բաքվի բնակիչների շրջանում անցկացված սոցհարցման տվյալները: Հեռախոսային հարցումն անցկացվել է հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը, դրան մասնակցել է 1200 հարցվող: Հասարակական կարծիքի տվյալ հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվողների 72%-ը չի հավատում հայերի հետ խաղաղությանը։ Ավելին, նրանց 43%-ը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պիտի սպանվեն, իսկ 24%-ը՝ որ նրանց այնտեղից կվտարեն: Նշենք, որ այս հետազոտության ընթացքում հարցվածների 67,4%-ը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի համար պայքարում Ադրբեջանի դաշնակիցը Նիկոլ Փաշինյանն է: Հայաստանի վարչապետը հայտնվել է Ադրբեջանի գլխավոր դաշնակիցների (Լեռնային Ղարաբաղի համար պայքարում) վարկանիշի հինգերորդ հորիզոնականում՝ առաջ անցնելով Զելենսկուց, Պուտինից, Ղարիբաշվիլիից: Այսպիսի տրամադրություններ են այսօր տիրում ադրբեջանական հասարակության մեջ, շռայլորեն սնուցվելով պետական հակահայկական քարոզչությամբ, Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող մշտական տարածքային պահանջներով Հայաստանի նկատմամբ։

Իսկ ահա թե ինչպիսին են տրամադրությունները հայ հասարակության մեջ։ Հայաստանի հարցված քաղաքացիների ավելի քան 94%-ը անհնար է համարում Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքը՝ որպես ազգային փոքրամասնության, ինչի մասին օգոստոսի սկզբին հայտնեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, վկայակոչելով համապատասխան հարցման տվյալները: Նրա խոսքերով, դեռևս մայիսին այդ ցուցանիշը կազմել է 86%, իսկ այսչափ էական աճը բացատրվում է Արցախում առկա հումանիտար ճգնաժամով: Եվ դա հասկանալի է և միանգամայն տրամաբանական։ Մի կողմից, ակնհայտ է և մի շարք հեղինակավոր փորձագետների կողմից հաստատված է Բաքվի ցեղասպան քաղաքականությունը 120 հազար արցախահայության նկատմամբ, մյուս կողմից՝ այդ քաղաքականությանը սատարում է ադրբեջանական հասարակությունը: Ինչպե՞ս կարող է նման իրավիճակում նորմալ մարդը, առավելևս հայը, ընդունելի համարել Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում։

Ասենք, այստեղ ի հայտ է գալիս նաեվ մեկ այլ հարց և հասցեագրված է դա բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս հայ-ադրբեջանական տխրահռչակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Ժամանակին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում գրեթե բոլոր միջնորդները միաբերան կոչ էին անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել իրենց հասարակություններին խաղաղության նախապատրաստելու համար: Այսօր այդ թեզն իսպառ չքացել է նրանց բառապաշարից, ովքեր, իբր, շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Այո, փաստաթղթի ստորագրումը կարող է մոտ թվալ, ինչպես համարում է, մասնավորապես, Բելգիայի ԱԳ նախարարը։ Բայց համաձայնագիրը՝ առանց հասարակական կարծիքի հաշվառման, խաղաղություն չէ, այլ ճանապարհ դեպի նոր պատերազմ։

Եվ էլի մի բան։ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, խոսելով այն մասին, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն մոտ է, նշում է. «Բնակիչների (Արցախի – խմբ.) կյանքին վտանգ է սպառնում, և դա անընդունելի է։ Բելգիան լիովին ընդունում է ԵՄ դիրքորոշումը, և Ադրբեջանի պարտականությունն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Բելգիան, ինչպեսև ԵՄ-ն, կշարունակեն պնդել դա իրենց դիվանագիտական շփումներում և գործել այդ ուղղությամբ»։ Ըստ էության, այսօրվա պայմաններում համաձայնագրի շուտափույթ ստորագրման հարցում շահագրգռվածություն հայտնելը ոչ այլ ինչ է, քան դատապարտել Արցախը էթնիկ զտումների և ցեղասպանության, է՛լ ավելի վտանգել 120 հազար արցախահայության կյանքը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առնվազն տարօրինակ, եթե ոչ երեսպաշտ է թվում մտահոգությունը արցախցիների ճակատագրով…