ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ԳՆԵՐԸ «ԿԾԱՆ» ԵՆ

Հաշված օրեր են մնում նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Եվ մայրաքաղաքում օրըստօրե ավելի շատ վաճառակետեր են համալրվում դպրոցականների համար նախատեսված ապրանքներով։ Ծնողներն իրենց երեխաների հետ բծախնդրորեն զննում են ապրանքները, նայելով գներին ու համեմատելով դրանք դրամապանակի պարունակության հետ։

Արմինե Կարապետյանը 5-րդ դասարանցի որդու համար պայուսակ է գնել 7,5 հազար դրամով, իսկ այ 9-րդ դասարանցի Վարսիկի համար այդ գնով ոչ մի հարմար բան չես գտնի. ավարտական դասարանների աշակերտների ուսապարկերի գները սկսվում են 18-20 հազար դրամից: Բացի այդ, դեռ պետք է կոշիկ գնել և սպորտային համազգեստ՝ մարզակոշիկներով:

Ամենահամեստ հաշվարկներով, եթե այդ ընտանիքը գնումներ կատարի գետնանցումներում ու չհրապուրվի բուտիկներով, ապա դպրոցական տոնավաճառ այցելելը կարժենա մոտ 150 հազար դրամ։ Կիսաշրջազգեստների, վերնաշապիկների, սարաֆանների, կոշիկների գները նախորդ տարիների համեմատ զգալիորեն թանկացել են (8 հազար դրամից՝ 16 հազարի), թեև ընտանիքի եկամուտները սաստիկ նվազել են։ Արմինեն խոստովանում է, որ գրենական պիտույքները գնել է առիթից առիթ՝ ամբողջ ամառվա ընթացքում, իսկ երկու երեխաների դասագրքերի համար կվճարի սեպտեմբեր ամսվա ընթացքում՝ ամուսնու հերթական աշխատավարձից: Ասում է, որ կարանտինի շրջանում ստիպված էին հեռախոսներ ու պլանշետներ գնել երեխաների համար, արդյունքում պարտքերի տակ ընկան։ Փոխարենը՝ երեխաները հետ չմնացին հեռավար ուսուցման ծրագրից։ Եվ հիմա ծախսերի այդ մասը իրենց համար արդեն մի քանի տարի արդիական չի լինի։

Իսկ բազմազավակ ընտանիքներում միաժամանակ երեք-չորս երեխայի դպրոցական պարագաների նախապատրաստումը ներկայիս գներով, առանց կողմնակի օգնության, չի հաջողվի, այլապես ընտանեկան բյուջեի խնդիրները կզգացվեն երկար ամիսներ:

Այս կապակցությամբ կցանկանայի առաջարկել մայրաքաղաքի քաղաքապետի հարգելի թեկնածուներին իրենց լուման ներդնել ազնվաբարո գործում՝ կարողացածի չափով թեթևացնել բազմազավակ ընտանիքների հոգսերը ուսումնական տարվան նախապատրաստվելիս: Օրինակ, քաղաքի յուրաքանչյուր շրջանում անհրաժեշտ ուսումնական պարագաներով պայուսակներ հատկացնել բազմազավակ ընտանիքների դպրոցականներին կամ փոխհատուցել նրանց դասագրքերի վճարը. մի խոսքով՝ օգնություն ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին անմիջականորեն դպրոցի միջոցով: