ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Իշխանության քարոզիչների սիրելի թեզը. իբր՝ լավ թե վատ, բայց իշխանությունն ունի Արցախի հարցի լուծման հայեցակարգ, իսկ ո՞րն է ընդդիմության հայեցակարգը։ Նկատի ունեն, թե իբր ընդդիմությունը հայեցակարգ չունի, այլ ունի միայն քննադատություն։ Իսկ իշխանության հայեցակարգը, իբր, այն է, որ Ստեփանակերտը պետք է ուղիղ երկխոսություն վարի Բաքվի հետ, իսկ Երևանը՝ կոչ անի միջազգային հանրությանը միջազգային հարթակ ապահովել այդ երկխոսության համար։

ԴԵ, ՆԱԽ՝ ԴԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՉԷ։ Դա Փաշինյանի հերթական բլեֆն է, հասկացությունների հերթական նենգափոխումը։ Իրականում դա Արցախի խնդիրներից ձեռքերը լվանալու հայեցակարգ է։ Քանզի անհեթեթ է ապավինել ինչ-որ միջազգային հարթակների, բայց ընդ որում բացառել ինքզինքը այդ բանակցային միջազգային հարթակից։ Դա նշանակում է՝ թող մեկ ուրիշը լուծի իմ խնդիրները, որովհետև ես կա՛մ անչափ վախենում եմ, կա՛մ էլ, ինչն ավելի վատթար է, ընդհանրապես իմը չեմ համարում այդ խնդիրը, այլ համարում եմ դա կույր աղիք, որը լոկ խանգարում է ապրել։ Ահա թե ինչ է նշանակում իրականում «իշխանության հայեցակարգը», որի իրականացման գործում Փաշինյանի թիմը բավական հաջողել է։

Իսկ ընդդիմության հայեցակա՞րգը։ Իրականում այն գոյություն ունի: Եվ ամփոփված է նրանում, որ Փաշինյանը պետք է հեռանա, և դա հնարավոր ամենաիրական հայեցակարգն է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպեսև Հայաստանի անվտանգության ապահովման խնդրի լուծման ամենակարճ և ճիշտ ճանապարհը։ Ներառյալ բոլոր այն հարցերի լուծման, որոնք ծնել է «փաշինյանական հայեցակարգը», սկսած ռազմագերիների վերադարձի հարցերից մինչև ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերում Հայաստանի տարածքից։

Ինչո՞ւ է խնդիրների մի ամբողջ կույտի լուծման բանալին ընկած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարթությունում։ Որովհետև հարցերի ողջ համալիրի լուծումը, ընդհուպ մինչև Արցախի անկախության միջազգային ճանաչում և, որպես հետևանք՝ Հայաստանի անվտանգ զարգացման ապահովում, միանգամայն հնարավոր է։ Բայց միայն մեկ պարտադիր պայմանով. հայոց աշխարհի լիակատար համախմբում իր իրավունքների պաշտպանության գործում։ Այնպիսի համախմբում, ինչպիսին 1988 թվականին էր։

Եթե վաղը համայն հայությունը ոտքի կանգնի ամենուր, որտեղ հնարավոր է. Արցախից մինչև Հայաստան և Սփյուռք, ապա թուրք-ադրբեջանական ոչ մի տանդեմ չի կարող իր կամքը պարտադրել նրան: Բայց դա իսկապես պետք է լինի համահայկական օրակարգ, իսկ գլխավոր նպատակը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահանջ։ Հանուն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի փրկության:

Եթե վաղը հարյուր հազարավոր մարդիկ այդ պահանջով դուրս գան Արցախի, Հայաստանի և հայ համայնք ունեցող երկրների հրապարակներ, դուրս գան ու չցրվեն, մինչև որ աշխարհը լսի այդ պահանջը, ապա կլուծվեն և՛ Լաչինի ճանապարհի, և՛ ռազմագերիների հարցերը։

ԲԱՅՑ ՔԱՆԻ ԴԵՌ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ Է, ԱՅԴՊԻՍԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ։ Արցախը ոտքի կկանգնի ու չի ցրվի։ Սփյուռքը ոտքի կկանգնի: Հայաստանը Փաշինյանի օրոք՝ ո՛չ։

Եվ ոչ այն պատճառով, թե Փաշինյանը չի կարող ապահովել նման շարժում։ Երբ իրեն պետք է՝ կարողանում է: Հիշենք, թե ինչպես էր նրա կոչով արգելափակվում խորհրդարանի աշխատանքը, ինչպես էին շրջափակվում դատարանները ողջ Հայաստանում։ Ցանկության դեպքում Փաշինյանը կարող է փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, ասենք՝ կոչ անելով, որ սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունենա ոչ թե ընդդիմության հերթական հանրահավաքը, այլ համաժողովրդական հանրահավաք։ Ընդդիմությունը կաջակցեր Արցախի փրկության գաղափարի շուրջ այդպիսի միավորմանը։

Բայց Փաշինյանը նման քայլի երբեք չի դիմի, քանզի չի ուզում դա անել։ Որովհետև վախենում է, որ եթե հայ ժողովուրդը դառնա մի հզոր բռունցք, որը կստիպի աշխարհին լսել իր պահանջները, ապա այդ նոր համազգային, համաժողովրդական վերելքը կտապալի նախևառաջ իրեն:

Այսպիսով, հենց Փաշինյանն ու իր թիմն են այսօր գլխավոր խոչընդոտը համայն հայության միավորման ճանապարհին՝ հանուն Արցախի ու Հայաստանի փրկության, որոնց միանգամայն իրական վտանգ է սպառնում. առաջինի դեպքում՝ էթնիկ զտում, երկրորդի պարագայում՝ վերածում երրորդ կարգի պետության, Անկարայի ու Բաքվի մանկլավիկի։ Բայց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերը միավորելու համար Հայաստանի ղեկին հարկավոր է լրիվ ուրիշ մարդ։ Որովհետև չի կարող լուծվել որևէ խնդիր, ցանկացած խնդիր, եթե այդ խնդրի լուծման ամենահարուստ գործիքակազմն ունեցող մարդը չի ցանկանում լուծել դա: