Ի՞ՆՉ Է ՀԻՇՎՈՒՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել: Այսօր հրապարակված տեքստում Հարությունյանը նշել է. «Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020 թ. մայիսի 21-ին ստանձնել եմ nախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացե’ք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով»:
Եվ այսպես` արդյոք Ա. Հարությունյանի «անմեղ մեղավորությունն» ա՞յն էր, որ նա պատերազմի ժամանակ ընդամենը չորս ամիս էր, ինչ նախագահ էր։ Սկսենք նրանից, որ արցախցի լինելը չխանգարեց Արայիկ Հարությունյանին ամեն ինչ դնել մի կողմ և կանգնել 2018 թ․ Հայաստանն օկուպացրած չարաբաստիկ իշխանությունների կողքին՝ անընդհատ ջուր լցնելով վերջիններիս ջրաղացին: Դեռևս 2018 թ․ օգոստոսին Արցախի արդեն նախկին նախագահն ապահովում էր ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100-օրյակին նվիրված ցույցին արցախցիների ներկայությունը։ 2019 թ․ Ա․ Հարությունյանը հայտարարում էր. «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության՝ մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված Ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դա պարտվողական կամ դավադիր, այդ բոլորը դավադիր ուժեր կամ գործիչներ են…»: Լրագրողի այն հարցին, թե Փաշինյանն իրեն (Արայիկ Հարությունյանին – խմբ.) հավաստիացումներ տվել է, որ, չակերտավոր ասած, հողեր չի հանձնելու, Արայիկ Հարությունյանը ժպտադեմ պատասխանել է. «Ոչ միայն բացատրություն է տվել, այլ այն ծրագիրը, այն օրակարգը, այն քայլերը, որոնք կատարվել են մինչ այսօր, և նախատեսում է (Փաշինյանը – խմբ.), ոչ թե հող տալու մասին չի խոսքը գնում, ես նշեցի՝ մենք հող պահելու խնդիր ունենք, զարգացնելու: Եվ այն ցուցանիշները, որոնք ես ներկայացրել եմ, հնարավոր են միայն համատեղ ներդաշնակ աշխատանքի արդյունքում՝ օրակարգից հանելով այդ բոլոր չակերտավոր երևույթները»:
2020 թ․ հուլիսին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ա․ Հարությունյանը հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, որ 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր՝ «մեծահոգաբար» հավելելով, որ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։
44-օրյա պատերազմից հետո՝ կապիտուլյացիայից մոտ մեկ ամիս անց, հրապարկվում է Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսլան Իսրայելյանի հետ։ Ենթադրվում է, որ այս հեռախոսազրույցը կայացել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտից պաշտոնապես հայտարարեցին, որ Շուշին ընկել է։ Ձայնագրության մեջ Ա․ Հարությունյանն ասում է, որ 10 օր է՝ խնդրում է դադարեցնել քաղաքական խաղերը և կանգնեցնել պատերազմը։ Ավելին՝ ձայնագրությունից պարզ է դառնում, որ հակառակ Ա․ Հարությունյանի կոչերի՝ Հայաստանից զորք չի տրամադրվում Ստեփանակերտի պաշտպանության համար, և իր բառերով ասած՝ Ստեփանակերտը մնացել էր երկու կաղ մարդկանց հույսին։
Սակայն 2020 թ․ նույեմբերի 11-ին, երբ արդեն ստորագրվել էր կապիտուլյացիոն հայտարարությունը, Ա․ Հարությունյանն իր ուղերձում ասում էր. «Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի։ Դավաճանել ենք մեր զինվորին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք… Հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։
Ի վերջո այս ամենից զատ՝ ադրբեջանական մշտական սպառնալիքի պայմաններում՝ 2020 թվականից սկսած՝ Ա․ Հարությունյանն Արցախը չէր նախապատրաստել շրջափակման պայմաններին, ինչի հետևանքով այսօր ունենք լիարժեք պաշարված Արցախ և թշնամու դեմ անպաշտպան ու ցեղասպանության վտանգի մեջ ապրող արցախահայություն:
Ասվածը խոսուն վկայությունն է այն բանի, որ Ա․ Հարությունյանը, որպես պարտության ոչ առաջնային մեղավոր ու պատասխանատու, բայց որպես պարտության մարմնավորում ու հայաստանյան դե-ֆակտո իշխանությունների ածանցյալ՝ պետք է հեռանար…