ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՄՏԱՆԱԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԻՎԱ-ՄՏՍ-ՈՒՄ

Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:

Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ի՝ «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի շնորհիվ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարիների փորձ և հիմնարար գիտելիքներ են ստանում աշխատաշուկայում դիրքավորվելու համար: Դա կարևոր առավելություն է թե´ գործատուի, թե´ աշխատանք փնտրողի համար: Ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելու և հաջողված մասնագետ լինելու համար պահանջվում է ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն: «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն մասնակցության հավասար հնարավորություններ է տալիս մայրաքաղաքում և մարզերում բնակվող ուսանողներին:

Անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով, երկամսյա ժամանակահատվածում, «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի մասնակիցները սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինխրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ համակարգչային իմացությանը, օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հոսքի ուսանողներն արժեքավոր ձեռքբերում են համարում հատկապես այս ոլորտում տեսական գիտելիքները գործնականով հարստացնելը: Կա այն համոզմունքը, որ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է ապահովում տարբեր ոլորտների առաջընթացը: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Վիվա-ՄՏՍ-ի 17-ամյա փորձի արդյունքում կուտակված գիտելիքները կարևոր հաղթաթուղթ կարող են լինել ծրագիրն ավարտած ուսանողների համար՝ կյանքի հետագա փուլերում: Դրանք համընդհանուր գիտելիքներ են՝ կիրառելի ոչ միայն տելեկոմ, այլև ՏՏ այլ ճյուղերում:

Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների է մասնակցել տարբեր բուհերի 22 ուսանող: Նրանք մասնագիտական փորձ են ձեռք բերել ՏՏ և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ է տվել ուսումնասիրել և զարգացնել հեռահաղորդակցության ոլորտում թե´ նեղ մասնագիտական, թե´ ընդհանուր գիտելիքները:

Галерея (7 фото)

Основная тема:
Теги: