ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7 ՔԱՅԼԵՐԸ, ՈՐ ԲԵՐԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Թշնամի Ադրբեջանը կրկին ռազմական ակտիվ գործողությունների է պատրաստվում Հայաստանի և Հայաստանի բնակչության դեմ։ Մեծ է գայթակղությունը՝ կարծելու, որ հիմա ամեն բան պետք է մի կողմ դնենք և սպասենք մարտական գործողությունների ավարտին։ Իրականում հենց «ամեն բան մի կողմ դնելով» ենք հասել այս օրվան․․․ Ընդհակառակը՝ պետք է ճիշտ ախտորոշենք մեր հիվանդությունը, որ կարողանանք բուժել։ Իսկ հիվանդության անունն է «ՀՀ դե-ֆակտո իշխանություններ»։

Հիշեցնենք այն քայլերը, որ նրանք արել են՝ հանգեցնելով այս հերթական պատերազմին։

Ա) Արցախն Ադրբեջանինը ճանաչելը։ «Վիրտուալ» կերպով հանձնելով Արցախը՝ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն արձակեցին Ադրբեջանի ձեռքերը դեպի հայկական մնացյալ հողեր։

Բ) Հայտարարելը, որ Հայաստանը չունի տարածք, սահմաններ, «կադաստրի թուղթ»։ Երբ դու հայտարարում ես, որ չունես գույք կամ չգիտես՝ սեղանին դրված գույքերից որն է քոնը, որն ուրիշինը, դիմացինը կարող է այդ գույքերից ցանկացած մեկը վերցնել իրեն, և կողքից դիտողի համար ոչ մի խնդիր դա չի հարուցի։

Գ) Հայտարարությունները, որ Սև լճի, Իշխանասարի համար պետք չէ պատերազմել դա ուղիղ ուղերձ է թշնամուն, որ դու չունես դիմադրելու կամք։ Ընդամենը պետք է մի քիչ ուժ բանեցնել, և դու ամեն բան կհանձնես։

Դ) Բանակի միտումնավոր թուլացումն ու վարկաբեկումը՝ սկսած տասնյակ զինվորականների դատավարություններից, հավերժ օդում կախված քրեական գործերից, մինչև ատեստավորման անվան տակ պայմանագրերի լուծարում, ու վերջին պատերազմների զոհերի պատշաճ անվանացանկի չհրապարակում։ Համաձայնե՛ք, որ անգամ ամենահայրենասեր մարդու մոտ կարող է կոտրվել բարոյահոգեբանական ոգին, երբ տեսնի, որ դե-ֆակտո իշխանությունները, նույն ինքը՝ հրամանատարությունը, այն աստիճանի թքած ունեն իր նմանների վրա, որ նույնիսկ մահվանից հետո հերոսական անունը չեն հրապարակում։

Ե) Հայաստանն Արևմուտք-Ռուսաստան պայքարում մանրադրամ դարձնելը։ Ցանկացած պետություն ջանք է թափում՝ շատացնելու իր դաշնակիցներին ու բարեկամներին, իսկ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները «բարեհաջող» կերպով մսխեցին հնուց մնացած և պոտենցիալ դաշնակիցներին։

Զ) Ազգային համերաշխության փշրանքները քամուն տալը, բնակչության շրջանում կուտակված ցասումը թշնամու դեմ ուղղելու փոխարեն Հայաստանի ներս, այդ թվում՝ արցախցիների դեմ ուղղելու հանցավոր քայլերը։ Մեր շատ հայրենակիցներ, որ, ցավոք, շարունակում են գտնվել կապիտուլյացիոն իշխանությունների տեղեկատվական լծի տակ, անգամ այսքան բանից հետո հավատում են, որ վատ են ապրում, որովհետև կա հայկական Արցախ։

Է) Հայտարարությունները, որ Հայաստանն ավանդաբար ռազմական առումով մատակարարվել է Ռուսաստանից, իսկ այժմ վերջինս ևս խնդիրներ ունի, և Հայաստանը «մնացել է օդում»։ Սա ուղիղ ուղերձ է թշնամուն, թե «անպաշտպան եմ, հարձակվիր»։

Հարց կարող է առաջանալ, թե ինչու է Ադրբեջանը հարձակվել, եթե այսպես թե այնպես Հայաստանում այս վիճակն է։ Պատասխանը պարզ է որովհետև Ադրբեջանում գիտեն, որ այս իշխանությունները հավերժ չեն, մի օր Հայաստանում նորից կարող են իշխանության գալ ազգային ներհայեցողությամբ ուժեր, ուստի՝ պետք է առավելագույնը պոկել հիմա, քանի հնարավորության պատուհան կա։

Էդգար Էլբակյան

Hayaliq.com