ԵՐԵՎԱՆԸ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԸ
Պաշտոնական Երևանը մինչև հիմա չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հաղորդում է News.am-ը։
Նրա խոսքերով, ԼՂՀ խորհրդարանը կամք և միասնականություն ցուցաբերեց՝ նախագահ ընտրելով Սամվել Շահրամանյանին։ «Շատ կարևոր և պատասխանատու փուլ է Արցախի համար, երբ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր մարտահրավերները դիմագրավելու համառություն ու կամք»,- ասաց Մանուկյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՐ Արցախի նոր նախագահին, որն ընտրվեց հակառակ Փաշինյանի ցանկությանը, որը փաստորեն կորցրեց Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողությունը և Արցախի անունից ինչ-որ մեկի հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու հնարավորությունը։ Ավելի շատ ապշեցնում է ոչ թե արցախյան նախագահի հասցեին շնորհավորական տեքստի բացակայությունը, այլ Երևանի լիակատար լռությունը Արցախում իշխանափոխության առնչությամբ։ Նույնիսկ ԵՄ-ն, լեգիտիմ չճանաչելով անցկացված ընտրությունները, կոչ արեց համախմբվել Արցախի «փաստացի ղեկավարության» շուրջ, գերազանց գիտակցելով, որ այդ ղեկավարության հետ այնուամենայնիվ ստիպված է լինելու աշխատել։ Մինչդեռ Երևանը ոչ մի կերպ չի արձագանքում։
Առհասարակ իրավիճակը պարադոքսալ է։ Ըստ էության՝ Երևանը հրաժարվում է կարգավորել կապը արցախյան ղեկավարության հետ, բայց միաժամանակ իր արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրներից մեկն է թողնում Ստեփանակերտ-Երևան ցամաքային կապի բացման հարցը։ Ավելին, Արցախի նորընտիր նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է կարգավիճակ ստանա և պետք է Հայաստանի հետ ուղիղ կապ ունենա Լաչինի միջանցքով, ինչին ինքը՝ Հայաստանը պատասխանում է մեռյալ լռությամբ։ Համաձա՞յն է արդյոք Երևանը արցախյան նոր ղեկավարության այդ դիրքորոշման հետ։ Եթե այո, ապա պետք է հաստատի կապի վերականգնման փոխադարձ ձգտումը, այնպես չէ՞։ Եթե համաձայն չէ, ապա պետք է առարկի։ Բայց Երևանը լռում է։
Հայկական իշխանության պահվածքին առանձնակի նրբին բնույթ է հաղորդում այն փաստը, որ 120 հազար արցախցիներն ունեն հայկական անձնագրեր, և այս իրավիճակում Հայաստանը պարզապես չի կարող անտեսել այդ 120 հազար արցախցիների փաստացի առաջնորդին։
Երևանը շարունակում է առաջ տանել այն թեզը, թե պետք է գտնել համապատասխան միջազգային մեխանիզմներ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար։ Այս համատեքստում նույնպես Երևանի ներկայիս լռությունը պարզապես պարադոքսալ է։ Ի՞նչ է կարծում հայկական իշխանությունը, ո՞վ պիտի ենթադրյալ բանակցությունների ժամանակ ներկայացնի 120 հազար արցախցիների շահերը, եթե ոչ նորընտիր նախագահը։
Հասկանալի է, որ արցախյան ղեկավարության վրա ազդեցության լծակները կորցնելու պատճառով Հայաստանի իշխանությունը ի վիճակի չէ իրեն ստիպել շնորհավորական ուղերձ հասցեագրելու Արցախի Հանրապետության նոր նախագահին։ Եվ ոչ ոք էլ չէր ակնկալում, թե պաշտոնական Երևանը հրճվանք է ապրելու արցախյան նոր նախագահի ընտրվելու կապակցությամբ։ Այլ հարց է, որ իր լռությամբ Հայաստանի իշխանությունն ըստ էության խզում է կապը Երևանի և Ստեփանակերտի միջև՝ նույնիսկ ընթացիկ հարցերի շուրջ փոխգործակցության համար։