«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԱՆԳԵԼ Է, ԲԱՅՑ ԿՐԵՄԼՈՒՄ ՆՐԱՆ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել:
Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտինն էլ ասաց, որ Փաշինյանից «ծավալուն նամակ է ստացել»: Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Լադիմիր Լադիմիրովիչին, ինչի մասին էլ վերջինս Վլադիվոստոկի համաժողովում ասաց։
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ այդ նամակում Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում մոլեգնող հակառուսական գործընթացների հետ կապված՝ վստահեցնելով, որ դրանք Ռուսաստանի դեմ չեն։ Եվ եթե նայենք Փաշինյանի հռետորաբանությանը, ապա հենց սեպտեմբերի 9-ից հետո նա փորձեց մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ դրսևորած դիրքորոշումները»։