ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՒԽՏԱԴՐՈՒԺ ԲԱՔՎԻ ՀԵՏ

Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Մեր վերջին շփումներից հետո, հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի 5-րդ խմբագրությունը կամ մեկնաբանությունները։ Եվ բառացիորեն երեկ, ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ գործընթաց կա, քննարկումներ են ընթանում, սակայն ցավով ընդգծել է, որ կան էական հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից: Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հնարավոր էր համարել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: Նրա խոսքերով, բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության համաձայնագիրը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե կոնկրետ ինչում են էականորեն տարբերվում կողմերի դիրքորոշումները փաստաթղթի բովանդակության վերաբերյալ, կարելի է լոկ կռահել։ Սակայն դա, թերևս, ամենագլխավոր հարցը չէ հայ-ադրբեջանական պայմանագրի ենթադրյալ ստորագրման համատեքստում։ Ինչպիսին էլ լինի դրա տեքստը, ինչպիսին էլ լինի դրա էությունը, սկզբունքային և առանցքային է ապագայում պայմանագրի կենսագործման խնդիրը։ Նույնիսկ եթե կողմերը պայմանավորվեն, նույնիսկ եթե ստորագրություններով ամրագրեն պայմանավորվածությունները, չնչին իսկ հիմք չկա համարելու, թե Բաքուն գործնականում կկատարի իր պարտավորությունները։ Ավելի ճիշտ՝ բոլոր հիմքերը կան համարելու, որ չի կատարի։

Անշուշտ, նման հիմքերից մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի գերակշիռ մասի գրեթե իսպառ անտեսումն է Ադրբեջանի կողմից։ Արդեն գրեթե երեք տարի շարունակ Բաքուն բացահայտ և լկտիաբար խախտում է պայմանավորվածությունները, սկսած ռազմագերիների վերադարձից և վերջացրած կողմերի պարտավորությամբ՝ կանգ առնելու այնտեղ, որտեղ գտնվում էին ռազմական ստորաբաժանումները փաստաթղթի ստորագրման պահին։ Կրկնեմ. Ադրբեջանն այդ փաստաթղթի համատեքստում խախտել է հնարավոր ամեն ինչ։ Եվ հիմա, երբ խոսքը վերաբերում է ցանկացած նոր փաստաթղթի, անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել Բաքվի ուխտադրուժ էության գործոնը։

Թեպետ, բերենք Բաքվի ուխտադրժության ավելի վառ և թարմ օրինակ։ Վերջին իրադարձություններն ու պայմանավորվածությունները Լաչինի միջանցքի շուրջ։ Հիշեցնեմ, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այն բանից հետո, երբ ռուսական Կարմիր խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարը Աղդամով անցնող երթուղով կհասնի Ստեփանակերտ, մեկ օրվա ընթացքում պետք է բացվի Լաչինի միջանցքը։ Բեռը տեղ է հասել, անցել է մի ամբողջ օր, բայց Բերձորի ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Հերթական անգամ, սովորականի պես, Բաքուն ավազակաբար «քցեց» նրանց, ում հետ պայմանավորվել էր։ Տվյալ դեպքում՝ ռուսական կողմին։

Այս խորապատկերին պարզապես անհեթեթ են թվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին բոլոր խոսակցությունները։ Եվ առավելևս փաստաթուղթը խմբագրելու և սրբագրելու պաշտոնական Երևանի փորձերը։ Միանգամայն ակնհայտ է, որ անկախ դրա (փաստաթղթի) բովանդակությունից, ինչպես ասում են՝ հողի վրա Բաքուն կփորձի անել ինչ կամենա։ Իսկ կամենում է Բաքուն, ի դեպ, Հայաստանի ողջ տարածքի յուրացում, ինչը բնավ չի էլ թաքցնում։

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ շատուշատ առաջարկներ են կողմերը փոխանցել միմյանց։ Փաստաթղթի նախագիծը կարծես թե շտկվում ու խմբագրվում է։ Բայց նույնիսկ վերջնական տարբերակով դեռ չձևավորված՝ դա (փաստաթուղթը) արդեն մեռած է ։ Այն չի աշխատի, քանի որ Բաքուն իր ուխտադրուժությունը ցուցադրում է բացահայտ և ամեն քայլափոխի…