Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԱԼԻԵՎԻՆ, ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԴՆԵԼ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ըստ երևույթին, դուր է գալիս խայտառակել պետդեպարտամենտը, գրել է Մայքլ Ռուբինը 19fortyfive պորտալի իր հոդվածում։
«Ալիևը, հրադադարի արդեն զրոյացված համաձայնագրից ընդամենը մի քանի օր հետո հեռուստատեսության ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին՝ այդ ժամանակ Ղարաբաղի հարցով ԱՄՆ ներկայացուցչին։ Նշելով, որ ինքը չի հրավիրել ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներին, Ալիևը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, կլսի, եթե նրանք ինչ-որ արժեքավոր բան ասեն։ Բայց Ալիևը դիվանագետներին լսելու ցանկություն չուներ։ «Ադրբեջանը լուծել է 30 տարի տևած հակամարտությունը։ Եվ ես կարող եմ համաձայնել [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի հետ, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է... Ադրբեջանն ինքն է լուծել այն։ Եվ հաղթելով Հայաստանին մարտի դաշտում՝ մենք ագրեսորին ստիպեցինք ընդունել իր պարտությունը, ստորագրել հռչակագիր, որը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի կապիտուլյացիայի ակտ»։
Անցած երեք տարիների ընթացքում նա միայն կրկնապատկել է իր արհամարհանքը ամերիկյան դիվանագիտության հանդեպ։ Անցած շաբաթ ելույթ ունենալով Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի առջև՝ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի ոչ մի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»։ Ալիևը այս խոսքերը բլեֆ է անվանել, իսկ Կիմը, որը Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանը դառնալու հույս ունի, ցույց է տվել, որ իր հայտարարությունը դատարկ է ու ոչ անկեղծ։
Սա ամերիկյան դիվանագիտության համար լավագույն տարբերակը չէ։ Եվ Կիմը միակը չէ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջին օրերին կրկնում էր, որ «չի կարող լինել ռազմական լուծում» կամ «ուժի կիրառումը վեճերը լուծելու համար անընդունելի է»։ Պարապ նստելը, մինչև որ Ալիևը ռազմական ուժի օգնությամբ լուծում պարտադրի, որը կհանգեցնի տարածաշրջանի հնագույն քրիստոնյա համայնքներից մեկի զանգվածային փախուստին կամ վտարմանը, ոչ միայն ամրապնդում է պատկերացումն այն մասին, որ Բլինքենը ամենաթույլ պետքարտուղարն է Ֆրենկ Քելոգի ժամանակներից։ Վտանգն այն է, որ ոչ միայն Ալիևը, այլև մյուս բռնապետերը ևս այդ անգործությունը կընկալեն որպես կանաչ լույս։ Ի վերջո, պայքարը Հայաստանի համար, գուցե, դեռ ավարտված չէ, մանավանդ հաշվի առնելով այն, որ Ալիևը զավթել է Հայաստանի մի մասը և հայտարարում է, որ անգամ մայրաքաղաք Երևանն է ադրբեջանական քաղաք։