ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳԻՇԵՐԱԿԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԹԵՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ

«Լավ» լուրեր կառավարությունից՝ արցախցի «քույրերի և եղբայրների» համար

Որքան էլ պարադոքսալ է, բայց Փաշինյանը սեպտեմբերի 28-ին կառավարության հերթական նիստում հայտնագործեց նաև լավ նորություն, այն է՝ արցախցի տանջահար փախստականները, իր կարծիքով, կկարողանան արագ աշխատանք գտնել Հայաստանում՝ օգտվելով «աշխատաշուկայի ակտիվությունից»։ Արցախից գաղթածները, նրա մտահղացմամբ, պետք է իրենց, ինչպես ընդգծեց՝ «արժանապատիվ աշխատանքով» հոգան իրենց կարիքները։ Ըստ երևույթին, արժանապատիվ աշխատանք ասելով նկատի ունի ծանր և պետության կողմից ոչ մի կերպ չվերահսկվող ստրկական աշխատանքը՝ 100-120 հազար դրամ աշխատավարձով, քանզի հենց այդ պայմաններում է այսօր աշխատում մեր երկրում ապրող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը…

Փաշինյանն արդեն լրիվ մոռացել էր եռօրյա վաղեմության իր այն թեզը, երբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տեսնում էր իրենց տներում, իրենց հողի վրա արցախցիների անվտանգ գոյության հնարավորություններ: Անդրադառնալով փախստականների թեմային ՝ վարչապետն անընդհատ օգտագործում էր «մեր քույրերն ու եղբայրները» կամ հակառակը՝ «մեր եղբայրներն ու քույրերը» արտահայտությունն այն մարդկանց մասին, որոնց հենց ինքը զրկեց Հայրենիքից, «աղայավարի» նվիրելով այն Ադրբեջանին։ Այժմ արցախցիներին կտրամադրեն մթերային քարտեր և կացարաններ խարխուլ հանրակացարաններում, քանի որ լեփ-լեցուն հյուրանոցները «շուտով պետք է վերադառնան իրենց առևտրային գործունեությանը»։

Փախստականների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մտահոգ դեմքով, հաճախ կակազելով տեղեկացրեց, որ Արցախից Հայաստան մեքենաների հոսքը չի նվազում, և սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ Հայաստանի սահմանն արդեն հատել է 66,5 հազար մարդ, այսինքն՝ Արցախի բնակչության կեսից ավելին: Նրա խոսքերով, յուրաքանչյուր մեքենան 100 կմ ճանապարհը հաղթահարում է միջինը… 30-35 ժամում։

Բռնի տեղահանված անձանց այդ թվաքանակից տարբեր աստիճանի պիտանիության ժամանակավոր կացարանով ապահովվել է 11 հազարից էլ պակասը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունեց փախստականների նախնական տեղավորման հետ կապված խնդիրների առկայությունը: Միջնաժամկետ առումով նրանց սպասվում է տեղավորում վարձակալված կացարանում կամ մասնավոր հյուրընկալության մեխանիզմի միջոցով, իսկ երկարաժամկետ առումով՝ ընդհանրապես անհասկանալի է։ Բայց թե կա մի բան, ինչում կառավարությունը հավասարը չունի, դա փող հավաքելն է. կառավարությունում որոշեցին օպերատիվորեն բացել գանձապետական հատուկ հաշվեհամար՝ այդտեղ տարատեսակ նվիրատվություններ կուտակելու նպատակով։ Իսկ թե ինչպես կարող են պաշտոնյաներն օգտագործել բարեգործական միջոցները, բոլորն էլ հիշում են 2020 թվականի պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամի հետ կապված պատմությունը։

Ընդ որում նախարարները երդմնալից հավաստիացնում էին, թե անօթևան չի մնում ոչ մի փախստական, թեև հստակ հայտնի է այն դեպքերի մասին, երբ արցախցիները Գորիս կամ Վայք հասնելուց հետո ամբողջ ընտանիքներով՝ երեխաների հետ միասին, գիշերում են մեքենաներում, լավագույն դեպքում՝ ծածկոցներով փաթաթված։ Փաշինյանն ընդ որում թերահավատորեն նայում էր թիմակիցներին՝ արդեն տեղյակ, որ թղթի վրա և զեկույցներում կարող է լինել մեկ բան, իսկ իրականում՝ բոլորովին այլ բան։

Այդ խորապատկերին նողկանք էր առաջացնում աթոռին փռված (միայն հեռուստաօպերատորի տեսախցիկով «բռնվելուց» հետո ուղիղ նստեց) և, չգիտես ինչու, իրենից միանգամայն գոհ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նիստի մեկ ժամվա ընթացքում ոչ մի բառ չարտասանեց։ Պակասում էր միայն ժպիտը՝ 32 ատամի ցուցադրումով։ Եվ իսկապես. ի՞նչ կապ ունի այստեղ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, որը նույնիսկ չփորձեց օգնության հասնել շրջափակման մեջ կռվող արցախցիներին։

Ասենք, մյուսներն էլ նրանից լավը չեն։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանց խղճի խայթի բոլորին մեծադղորդ հայտնեց այն «հերոսական» փաստը, որ ինքն անձամբ... գիշերել է Գորիսում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեց գերատեսչության կայքում կամավորների գրանցման համար բացված հարթակի մասին՝ տեղեկացնելով, որ արդեն դիմել է ավելի քան 800 մարդ: Այս տեղեկատվությամբ նա մեջ ընկավ անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը կոչ արեց ակտիվորեն ներգրավել նրանց աշխատանքներում, թեև ինքը՝ նախարարը դեռ երեկ պնդում էր, թե կամավորների անհրաժեշտություն բացարձակապես չկա։

Փախստականների խնդրի քննարկման վերջում Փաշինյանը հանկարծ հիշեց և մեկ նախադասությամբ անդրադարձավ Լաչինի անցակետում արցախցիների ձերբակալության դեպքերին, կոչ անելով պահել այդ հարցը տեսադաշտում և այդ առնչությամբ «ռմբակոծել» միջազգային ատյաններին…

Իսկ հետո կառավարության անդամներն անցան սովորական օրակարգին, մասնավորապես՝ պետբյուջեի ավանդական վերաբաշխմանը, երբ ֆինանսական միջոցները «քշում» են մի հոդվածից մյուսը, ինչը, բացի ամենից, վկայում է երկրի ի սկզբանե ընդունվող հիմնական ֆինանսական օրենքի ցածր որակի մասին։ Դրա մասին կխոսենք առանձին, քանի որ նշյալ նիստում կառավարությունը հավանություն տվեց հաջորդ տարվա պետբյուջեի նախագծին, որն այնուհետ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: