Փորձագետ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻՆ
Հայաստանը պետք է փախստականի կարգավիճակ տա Լեռնային Ղարաբաղից եկած հայերին, քանի որ նրանք լքել են իրենց տները Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության և էթնիկ զտումների հետևանքով: «Անավարտ պատերազմ. նոր մարտահրավերներ» կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության» բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։
«Առաջին հերթին ուզում եմ նշել սխալ տերմինաբանությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մեր հայրենակիցների վերաբերյալ. «հարկադիր տեղահանվածները» բացարձակապես սխալ ձևակերպում է։ Խոսքը փախստականների մասին է։ Նրանք ինքնակամ չեն լքել իրենց տները։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը մեր արցախցի հայրենակիցների համար ապահովի այդ կարգավիճակը»,-ընդգծեց Մարուքյանը։
Նշենք, որ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է եկել ՀՀ։
Նա նշեց, որ Ադրբեջանը փորձեց կոծկել իր գործողությունները արցախահայության նկատմամբ՝ ՄԱԿ-ի առաքելություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ամայացած տարածք: Ընդ որում, Բաքվի ցանկությամբ առաքելության կազմում ընդգրկված էին Պակիստանի, Ալբանիայի և Ադրբեջանի այլ դաշնակիցների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի առաքելության գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում 50-1000 մարդ է մնացել, սակայն թվերի այդքան մեծ տարբերությունը վկայում է այն մասին, որ իրականում ոչ մի հաշվարկ էլ չի արվել:
Փորձագետի խոսքով` Հայաստանը պետք է ձգտի ՄԱԿ-ի նոր առաքելություն բերել ԼՂ։ Ընդ որում, դրա կազմում պետք է լինեն այն երկրների ներկայացուցիչները, որոնք պատրաստ են իրերն իրենց անուններով կոչել և հստակ գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողություններին:
Պատմաբանը կարևորեց նաև փաստահավաք աշխատանքների իրականացումը Հայաստան ժամանած արցախցիների շրջանում: «Իշխանությունների անգործության պայմաններում դրանով պետք է զբաղվեն հասարակական կազմակերպությունները»,– ասաց Մարուքյանը։
Նա կոչով դիմեց լրագրողներին և օպերատորներին՝ շրջել բնակավայրերում և արձանագրել տեղահանվածների վկայությունները: Ընդ որում, պետք է հստակ հարցաթերթիկ կազմել, որում պետք է ներառվեն հարցեր այն մասին, թե ինչ հանգամանքներում են նրանք ստիպված եղել լքել տները, ինչ կորուստներ են կրել, ինչպիսին են եղել Ադրբեջանի գործողությունները, ինչպես են նրանք գնահատում խաղաղապահների աշխատանքը, ինչ ունեցվածք են ստիպված եղել թողնել։
Հայաստանում պետք է էլեկտրոնային արխիվային բազա ստեղծվի, հավաքագրված այդ տեղեկատվությունը հետագայում կարող է օգտագործվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանին ցեղասպանության մեջ մեղադրելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել հնարավոր կլինի, առաջին հերթին, ՄԱԿ-ի միջազգային դատարան, անկախ նրանից Ադրբեջանը կհամաձայնի նման դատական գործընթացի, թե ոչ։
Միաժամանակ նա ընդգծեց, որ խոսքը ՄՔԴ-ի մասին չէ, որի ստատուտը հայկական խորհրդարանը վավերացրեց հոկտեմբերի 3-ին։ Մեծ հաշվով դրան միանալը մեզ իրավական հիմքեր չի տալիս Ադրբեջանի դեմ որևէ դատական գործ սկսելու համար:
«Նրանք, ովքեր մեծ եռանդով պաշտպանում են Հռոմի ստատուտը, կամ ամբողջությամբ չեն կարդացել ՄՔԴ կանոնադրությունը, կամ էլ միտումնավոր լռում են դրանում առկա ստորջրյա խութերի առկայության մասին։ Նախ, այն չի տարածվում նախկինում կատարված հանցագործությունների վրա: Երկրորդ՝ ստատուտը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որոնք միացել են դրան։ Այսինքն՝ ՄՔԴ-ն ոչինչ չի կարող անել Բաքվի դեմ, որը չի միացել»,-եզրափակեց պատմաբանը։
Մարուքյանը նշեց, որ իրավական խնդիրներ կան նաև այդ գործիքի կիրառման առումով։ Սակայն Հայաստանը գլխովին սուզվեց այդ գործընթացի մեջ և վերջնականապես փչացրեց հարաբերությունները սակավաթիվ դաշնակիցներից մեկի հետ, ինչի բացասական հետևանքները, նրա կարծիքով, չեն ուշանա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը: