Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՆՐԱՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ ՎՐԱՀԱՍ ԱՂԵՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ։ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ, ԲԱՅՑ ՓՈՐՁԵԼ ԵՆ
Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումը բոլոր-բոլորի միջև հարյուր անգամ քննարկված, համաձայնեցված ու պլանավորված գործողություն էր։ Մեր տարածաշրջանում շահ հետապնդող տերությունները նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել դա։ Էրդողանը բացահայտ ասում է, որ Նիկոլն էլ է տեղյակ եղել, իսկ վերջինս անգամ չի էլ փորձում հերքել դա։ Այսօր արդեն հայտնի դարձավ Ստամբուլում տեղի ուենցած գաղտնի հանդիպման մասին, որը նույնպես բացեիբաց հաստատվում է դրա մասնակից երկրների կողմից։ Մի խոսքով, բոլորը տեղյակ էին բավարար չէ, նաև համաձայն էին։
Համաձայն չէին միայն մի քանի հոգի, և ամենևին զարմանալի չէ, որ հենց այդ մարդիկ են այսօր դառնում նիկոլական հարձակումների հիմնական թիրախ։ Խոսքս Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու նրանց աջակիցների մասին է։ Այս մարդիկ գիտեին՝ ինչ անելանելի վիճակում է դրվել Արցախը, բայց չվախեցան երկիրը փրկելու վերջին փորձն անել։
Հիմա դավաճանների ողջ ոհմակը հարձակվել է այս մարդկանց վրա։ Փորձում է նրանց վերագրել նիկոլի ու իր կամակատարների՝ տարիներ շարունակ գործած դավաճանությունների մեղքը և այդկերպ մաքրվել դավաճանի ու հողատուի՝ իրենց ճակատներին դաջված դրոշմից։ Չի՛ ստացվելու։ Ժողովուրդը հիմար չէ։ Մարդիկ ամեն ինչ տեսնում ու հասկանում են։
Ես ուրախ եմ Դավիթ Իշխանյանի պես ընկեր ունենալու համար։ Անհամբեր սպասում եմ Սամվել Շահրամանյանի հետ մեր ծանոթությանը։ Նրանք մարդիկ են, ովքեր ի տարբերություն շատ շատերի, փորձել են կանգնել վրահաս աղետի ճանապարհին։ Չի ստացվել, բայց փորձել են։
Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեյսբուքյան էջ