Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ԱՆԿԱԽ ԱՅՍ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԵԼՔԻՑ՝ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալների՝ Գազայի վրա հարձակման հետևանքով Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ ազդեցություն կթողնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության այս թեժ փուլը մեր տարածաշրջանի վրա։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
- Մերձավոր Արևելքը միշտ աչքի է ընկել պարբերական լարվածություններով, հետևաբար եթե խոշոր հաշվով դիտարկում ենք տարածաշրջանը, որևէ նոր բան չկա, հատկապես եթե խոսքը վերաբերում է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին։ Մշտապես եղել են սրացումներ, հիմա մենք ականատեսն ենք դրա աննախադեպ փուլին, քանի որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը կիրառում է նոր մարտավարություն, նոր տեխնոլոգիաներ, և այս համատեքստում Իսրայելի համար ստեղծվել են դժվարություններ։
Իսրայելը՝ որպես Իրանի ախոյան, տարածաշրջանում բախվել է դժվարությունների, և դա, բնականաբար, բխում է Իրանի շահերից։ Իրանական կողմը, անկախ կոնֆլիկիտի հանգուցալուծման արդյունքներից կամ հետևանքներից, այդ պատմությունից դուրս է գալիս շահողի դիրքում, հատկապես, եթե հաշվի առնենք մեկ այլ կարևոր հանգամանք, «ՀԱՄԱՍ»-ի միջոցով արդեն իսկ հաջողվել է խարխլել Իսրայելի՝ անպարտ բանակ ունենալու մասին առասպելը, ինչը բխում է տարածաշրջանում Իսրայելի ախոյան Իրանի շահերից։ Եթե այս ամենին ավելացնենք այն հանգամանքը, որ արաբական մի շարք երկրներ փաստացի կերպով արդեն իսկ սառեցնում են հարաբերությունները կամ հարաբերությունների նորմալացումն Իսրայելի հետ, դրանց շարքում է նաև առաջնահերթ կարևորություն ունեցող այնպիսի երկիր, ինչպիսին Սաուդայան Արաբիան, ապա գործընթացները բխում են Իրանի շահերից։
Սրան զուգահեռ ստեղծվել են նաև մարտահրավերներ Իրանի համար, խոսքը վերաբերում է ԱՄՆ հնարավոր միջամտությանը։ Բայց կարծում եմ, իրանցիներն այս պահի դրությամբ առնվազն կարողանում են կառավարել ռիսկերը, նաև Միացյալ Նահանգների նախագահի այն միտքը, որ Իրանի ուղղակի նեգրավվածության մասին որևէ փաստ ըստ էության չկա, թույլ է տալիս ենթադրելու, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ կոնկրետ որևէ գործողություն առնվազն այս պահին չեն նախատեսում։
-Տարածաշրջանի երկրներից Թուրքիան նույնպես ակտիվ կերպով հետևում, արձագանքում է Իսրայելում տեղի ունեցող զարգացումներին։ Հնարավո՞ր է ինչ-որ պահի Իրանի ու Թուրքիայի շահերը համընկնեն, տարածաշրջանի երկու խոշոր խաղացողներն ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գան։
-Էրդողանական վարչախմբի վերաբերմունքը իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի համատեքստում կարելի է բնորոշել երկդիմի քաղաքականություն եզրույթով։ Համենայն դեպս, այս պահին թուրքական կողմը փորձում է «անկախ» միջնորդական դերակատարում ստանձնել, որը կարծում եմ, չի կարող հաջողել հատկապես Գազայում հումանիտար աղետի ֆոնին։ Հիշեցնեմ, էրդողանական վարչախումբը տարիներ շարունակ իրեն ի ցույց է դրել իբր Գազայի հատվածի բնակչությանն աջակցող պետություն։ Հումանաիտար աղետի ֆոնին նման դիրքորոշումը Թուրքիայի դիրքերը պաղեստինցիների շրջանում լրջորեն խաթարում է։ Ակնհայտ է, որ սա նույնպես բխում է Իրանի շահերից, քանի որ անկախ ամեն ինչից, մենք գիտենք, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան եթե չասենք Իրանի ախոյան պետությունն է, ապա մրցակիցն է, հետևաբար իրանցիները չեն ցանկանա, որ Թուրքիայի դիրքերը որևէ կերպ ամրապնդվեն։
Եթե այս պատկերին ավելացնենք Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ ակնհայտ իսրայելամետ դիրքորոշումը, ապա պարզ է դառնում, որ տարածաշրջանում գոնե պաղեստինյան խնդրի համատեքստում իրանա-թուրքական համաձայնության կայացում չի կարող լինել։ Պարզ է, որ էրդողանական վարչախումբը ցանկանում է սեփական շահերն առաջ մղել, բայց լավածությունն այնքան բարձր է, Գազայում հումանիտար աղետի ծավալներն այնքան մեծ են, որ անհրաժեշտ է լինելու որոշակիացնել դիրքորոշումները։ Այս պահին թեև թուրքական կողմի մոտ նկատվում է հռետորաբանության որոշակի փոփոխություն, բայց այսուհանդերձ ամեն ինչ ակնհայտ է։ Եթե գործընթացներն այսպես շարունակվեն ու որևէ ռադիկալ փոփոխություն չլինի թուրքական կողմի դիրքորոշումներում, Թուրքիան կկորցնի իր դիքրքերը պաղեստինցիների շրջանում, ինչը կրկնեմ, բխում է Իրանի շահերից։
-Ճիշտ է, այս իրավիճակում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց Դուք այս պահի դրությամբ ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կհանգուցալուծվի կոնֆլիկտը։
-Ուժերի հարաբերակցությունը բնականաբար իսրայելական կողմի օգտին է՝ հաշվի առնելով թե ռազմական հնարավորությունները, թե միջազգային աջակցությունը, որն ունի Իսրայելն այս պահին։ Սակայն մի բան ակնհայտ է, պաղեստինցիները տրամադրված են վճռական, արդեն իսկ որոշակի խնդիրներ կարողացել են լուծել. մասնավորապես խոսքը իսրայելական բանակի անպարտելիության առասպելի ցրման, տակտիկական նոր հնարքների կիրառման, քարոզչական տիրույթում Իսրայել պետության համար բավականին բարդ խնդիրներ ստեղծելու մասին է։ Ակնհայտ է, որ այս կոնֆլիկտի ընթացքում պաղեստինցիները կարողացան, պատկերավոր ասած, սմարթֆոններն օգտագործել քարոզչական տիրույթում այնպես, ինչպես բանակներն օգտագործում են զենքերը մարտադաշտում։
Հետևաբար, տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ անկախ այս կոնֆլիկտի ելքից։ Փաստացի պարզ է դառնում, որ չկան հնացած զենքեր, տեխնոլոգիաներ, չկա արդիական տեխնոլոգիաների օգնությամբ հաջողության հասնելու որևէ գրավական։ Արդիական տեխնոլգիաներով հագեցված իսրայելական պաշտպանական համակարգը ըստ էության լրջորեն խոցվեց, մեղմ ասած, ոչ արդիական սպառազինություն ունեցող պաղեստինյան ջոկատների կողմից, ինչը փոխելու է Մերձավոր Արևելքում պատերազմների, ինչպես նաև անվտանգության կառուցման տրամաբանությունը։ Այս համատեքստում Հայաստանի համար ևս ուսանելի բազմաթիվ կետեր կան, բայց մենք պետք է կարողանանք դասեր քաղել ոչ միայն մեր, այլև ուրիշների սխալներից, ինչը ցավոք սրտի, դեռ մեզ չի հաջողվում։
-Իմ հաջորդ հարցը հենց սրա մասին էր։ Հայաստանի համար կա՞ն նոր ստեղծված հնարավորություններ այս իրավիճակում, որոնք կարելի է օգտագոծել։
-Միանշանակ։ Ակնհայտ է դառնում, թե ինչքան արդյունավետ կարող է լինել Իրանի հետ համագործակցությունը։ Բազմիցս ասել եմ, եթե մեր նպատակը Բաքվի բարբարոսական վարչախմբի զսպումն է, մեր անվտանգությանը սպառնացող նրանց հնարավորությունների նվազեցումն է, ի վերջո գերակայության հաստատումը թշնամու նկատմամբ, ապա Իրանի հետ քաղաքակարթական դաշինք պետք է ձևավորվի ի վերջո, որի կարևոր վաղադրիչը պետք է լինի անվտանգային հատվածին վերաբերող մասը։ Դա մեծ հնարավորություն կտա մեր անվտանգային ճարտարապետության մեջ լրացուցիչ տարրեր ավելացնել։ Կրկնեմ, դա պետք է բխի ոչ միայն Հայաստանի՝ որպես պետություն-ամրոցի գաղափարից, այլև պետք է նպաստի թշնամու թուլացմանը, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը կենսական վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության համար։
-Շնորհակալ եմ։
Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը