Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԸ ՉԻ ԱՆՋԱՏՎԻ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՆԵՐՈՎ ՉԻ ՎԱՃԱՌՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարծում եմ՝ Հայաստանի գազը չեն անջատի և այն եվրոպական գներով նույնպես չեն վաճառի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ, ՀՀ կառավարության նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

 


«Եթե Հայաստանում ռուսական գազը թանկանա, դա կազդի գների աճի, հայկական ապրանքների մրցունակության վրա և կհանգեցնի տնտեսական անկման։ Որքան էլ խոսում են այն մասին, որ Իրանից հնարավոր է էներգակիրներ ձեռք բերել, այնուամենայնիվ, Ռուսաստանը միշտ առաջարկել է ամենաձեռնտու գինը։ Բացի այդ, Իրանը բազմաթիվ խնդիրներ ունի նավթավերամշակման ոլորտում»,- ընդգծել է փորձագետը։

Նրա կարծիքով, ռուսական շուկան Հայաստանի համար փակ չի լինի, թեև որակի հետ կապված հարցեր կարող են առաջանալ։

«Առևտրաշրջանառության 70%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին։ Հայաստանի ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը Ռուսաստանն է»,- հիշեցրել է նա։

Գաբրիելյանը չի հավատում ապոկալիպտիկ սցենարի, հետևաբար՝ չի լինի նաև տնտեսության տոտալ փլուզում։

Նա հավելել է, որ հնարավոր չէ շատ արագ Հայաստանի տնտեսությունը ռուսական շուկայից վերաորակավորել Եվրոպայի, Իրանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրների կարիքների համար, դրա համար տարիներ կպահանջվեն։

News.am