Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԴՈՒՐՍ Է ՄՂԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով, НСН-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ Փաշինյանը The Wall Street Journal–ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է, հայտարարել է, որ «գոնե այս պահին մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել»։ Նա նաև հայտարարել է, որ հիմա չի քննարկվում ՀՀ–ից ռուսական ռազմաբազայի հանման հարցը։

Զատուլինը կարծում է, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ որոշել է թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների, թե՛ ռազմաբազաների հետ կապված։

«Փաշինյանը վաղուց կողմնորոշվել է Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշման հարցում։ Նա պարզապես միանգամից չի հրապարակել իր իրական մտադրությունները: Նա այժմ ցանկանում է օգտվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունից և դրա մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Հենց սրանով է նա բացատրում շրջադարձը դեպի Արևմուտք։ Նա կարծում է, որ եկել է Ռուսաստանի հետ հաշիվները պարզելու և դաշինքից դուրս գալու, տարածաշրջան այլ ուժեր հրավիրելու բարենպաստ պահը։ Նա հույս ունի, որ իր պահվածքը կգնահատեն Արևմուտքում, իսկ Արևմուտքը կօգնի իրեն մնալ իշխանության ղեկին»,- ասել է նա։

Newsarmenia.am