ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌՋԵՎ
«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք՝ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք: Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում՝ նույնպես»,- հայտարարեց Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։ Մի խոսքով, եթե Ադրբեջանը նկրտումներ հնչեցնի 8 այսպես կոչված «անկլավների» նկատմամբ, ապա Հայաստանը կբարձրացնի օկուպացված գյուղերի հարցը։ Այստեղից՝ հարց. իսկ եթե Ալիևը չպահանջի «անկլավները», ապա Փաշինյանը չի՞ բարձրացնի հայկական տարածքի օկուպացված 150 քառ. կմ-ի հարցը։
ԱՅՍ ԹԻՎԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ։ Իրականում, այն տարածքը, որ վերահսկվում է ադրբեջանական զավթիչների կողմից 2021 թվականի մայիսի 12-ից և 2022 թվականի սեպտեմբերի 13-ից, ներառյալ սույն տարվա մարտի 29-ից ինքնիշխան պետության տարածքում վերջին առաջխաղացումը, շատ ավելի մեծ է։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին լրագրողներն օրերս հարց ուղղեցին, թե ինչպե՞ս կվարվի իշխող վերնախավը, եթե «անկլավների» վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեն ադրբեջանական կողմի հետ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն, քանզի խոսքը պետական տարածքի օտարման մասին է։ Նախարարի պատասխանը հիմնավորված մտահոգություն հարուցեց։ «Այդ առնչությամբ սահմանադրական հանձնաժողովը դեռ քննարկումներ չի ունեցել, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Հիմնական օրենքի բարեփոխումների հանձնաժողովը կարող է փոփոխություններ կատարել հիշյալ հոդվածում՝ օժտելով Փաշինյանին տարածքային հարցերի լուծման միանձնյա իրավունքով:
Մինասյանին հարցրեցին նաև, թե վերջին անգամ ե՞րբ է գումարվել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նիստ, և ինչպիսի՞ն է եղել այդ նիստի օրակարգը։ Այդ հարցին նշյալ հանձնաժողովի անդամ նախարարը պատասխանեց. «Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակն այդ մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացրել է լրատվամիջոցներին: Վերջին նիստը Տավուշում էր, ինչի մասին հիշյալ գրասենյակն արդեն տեղեկացրել է»:Հանձնաժողովի աշխատանքին գնահատական տալու խնդրանքին նախարարը պատասխանեց. «Դա բարդ և շատ երկար գործընթաց է և, երբ ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը, ապա դա ենթադրում է բավական բարդ գործընթաց: Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը՝ այս փուլում գործընթացը նորմալ է ընթանում»։
Հիշեցնեմ, որ հայ հասարակությունը քիչ է տեղեկացված Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ հանձնաժողովի աշխատանքների մասին, սակայն արդարադատության նախարարի անորոշ պատասխանները հիմնավոր կասկածներ են ծնում, որ ռեժիմի պարագլուխը կարող է տարածքային փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացնել՝ շրջանցելով Հիմնական օրենքը, իսկ օրենքը հետո կսրբագրեն, հարմարեցնելով այդ որոշմանը։
Հաշվի առնելով անցած 5 տարիների ընթացքում ռեժիմի պարագլխի գործողությունների առանձնահատկություններն ու անթիվ ոտնձգությունները Սահմանադրության դեմ, ոչինչ բացառել չի կարելի, հնարավոր են ցանկացած անակնկալներ, Փաշինյանից սպասելի է ինչ ասես... Հատկապես վերջին հայտարարությունների լույսի ներքո…
Արեվմտյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում ռեժիմի պարագլուխը, արցախյան ցեղասպանությունից մեկուկես ամիս անց, արտաբերեց բառացիորեն հետևյալը. «Ես կառանձնացնեի Արցախի հարցը Հայաստանից»։ Մի հարցնող լինի. Ալիևը համաձա՞յն է այդ առանձնացմանը։ Իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս ընկալել անվտանգության հայեցակարգը, որում բանակն ու սպառազինությունը կատարում են բնավ ոչ առաջնային դեր։ Այս հայեցակարգը Փաշինյանը նկարագրեց նշյալ հարցազրույցում, ընդ որում տպավորություն ստեղծվեց, որ իր վաղեմի սովորության համաձայն՝ կրկին որոշել է գժի տեղ դնել իրեն…
Խաղաղություն և ապառազմականացում, զորանոցներում, այլ ոչ թե սահմանին գտնվող բանակ. այսպիսի ջենտլմենական պահվածք կարող են իրենց թույլ տալ Շվեդիան և Իսլանդիան, բայց բնավ ոչ Հայաստանը, որը պարագլխի շուրթերով մերժեց ցեղասպանության և բռնի տեղահանման օրերին արցախցի հայրենակիցներին օգնության հասնելու միտքն անգամ։
Ցեղասպանությունից և ավելի քան 100 հազար արցախցիների բռնի տեղահանումից հետո Փաշինյանը դատողություններ է անում, թե սահմանին զորքեր չպետք է լինեն, զորքը պետք է լինի զորանոցներում, իսկ սահմանին պետք է լինեն սահմանապահներ։ Սա ասում է գործադիրի ղեկավարը, որին են պատկանում այն խոսքերը, թե ձյունածածկ սարերի գագաթին սահմանապահ դիրքերի կարիք չկա։ Այսօր այդ գագաթներին բնակռել են ադրբեջանցիները։
Ապառազմականացման մասին խոսում է ռեժիմի պարագլուխը, որը թույլ տվեց բռնազավթել Շուռնուխը ադրբեջանական «ջի-փի-էս»-ների կիրառումով, սահմանազատման շրջանցումով. դա ասում է 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր բռնազավթման վիճակում գտնվող երկրի թիվ 1 պատասխանատուն։ Զավթիչները ՀՀ տարածքում են, իսկ Փաշինյանը ճամարտակում է խաղաղության մասին՝ այն ժամանակ, երբ Սյունիքը ներխուժման վտանգի տակ է, իսկ ադրբեջանական հեռուստաալիքներով ռեպորտաժ են ցուցադրում այն մասին, թե ինչ օբյեկտներ են վերահսկում ադրբեջանական զինված ստորաբաժանումները Կապանի տարածքում…
Քաղաքագետ Դավիթ Կարապետյանն օրերս նշեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» տարածք «փախստականների» վերադարձի մասին Բաքվի քարոզչական հայտարարությունների համատեքստում նշվում են Գեղարքունիքի մարզը, ավելի ճիշտ՝ Վարդենիսի շրջանը, որն ադրբեջանցիներն անվանում են Բասարգեչար, ինչպես նաև Վայոց Ձորը, որը նրանք անվանում են Կարանագյազ: Սյունիքի մարզն ադրբեջանցիները իրենցն են համարում ամբողջությամբ, Արարատի մարզում հավակնում են Արարատ և Արտաշատ քաղաքային համայնքների հարևանությամբ գտնվող առանձին տարածքների:
Հիշեցնեմ, որ պաշտոնական Բաքուն որևէ փաստաթուղթ չունի «անկլավների» նկատմամբ նկրտումների համար։ Նման պահանջների համար չկա իրավական ոչ մի հիմք, սակայն Փաշինյանի ռեժիմը 2021 թվականից ի վեր հանդուրժում է զինված ադրբեջանցիների ներկայությունը նշված մարզերի տարածքում, իսկ սեպտեմբերի 19-20-ից համառորեն անտեսում է ՀՀ-ի գլխավերևում կախված նոր պատերազմի սպառնալիքը՝ հույսը դնելով նրա վրա, թե Ալիևը կանսա հավաքական Արևմուտքի հորդորներին։
Արցախում ցեղասպանությունից առաջ նույնպես կոչեր էին հնչում՝ հանելու շրջափակումը և ռազմական գործողություններ չձեռնարկելու խաղաղ բնակչության դեմ։ Ալիևն ու Էրդողանն այդ կոչերի և հորդորների մեջ լսեցին միայն մեկ բան. պատժամիջոցներ չեն լինի, հետևաբար՝ կարելի է առաջ շարժվել հայերի դիակների վրայով, իսկ Փաշինյանի վերջին հայտարարությունները միայն հաստատեցին նրանց այն համոզմունքը, որ անպատժելիության վրա կատարած խաղադրույքը կրկին կշահի։ Եթե 2021-ին Փաշինյանը հայտարարեց, որ չի կռվի Սև լճի 30 տոկոսի համար, իսկ 2023-ին ասաց, որ թույլ չի տա ներքաշել Հայաստանին արցախահայության դեմ Ալիևի «հակաահաբեկչական գործողության» մեջ, ապա վաղը կասի, որ չի կռվելու այն տարածքների համար, որտեղ առանց այդ էլ արդեն հաստատվել են ադրբեջանցիները։
Ասենք, նա արդեն խոսում է այդ մասին, ականջ ունեցողը կլսի: Նրանք, ովքեր ընթացիկ իրադարձություններին նայում են բաց աչքերով, արդեն հասկացել են, որ Փաշինյանը բացել է հայերի դիակների վրայով առաջ շարժվելու ճանապարհը Ալիևի և Էրդողանի առջև։