ՀՈՒՇԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, կամ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արդեն մի քանի օր շարունակ ադրբեջանական ԶԼՄ-ները իրար հերթ չտալով հաղորդում այն մասին, որ նոյեմբերի 8-ին Ալիևը նախատեսում է «հաղթանակի շքերթ» անցկացնել Ստեփանակերտում՝ ի նշանավորումն 44-օրյա պատերազմի ավարտի 3-րդ տարեդարձի և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ձգված ցեղասպանության անպատիժ իրականացման:
3 տարի առաջ այդ օրը նա հայտարարեց, որ իր բանակին հաջողվել է գրավել Շուշին, թեև պաշտոնական Երևանը դեռ հերքում էր բերդաքաղաքը հանձնելու փաստը: Այն մասին, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը երրորդ անգամ մերժել է պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը՝ Շուշին ու Հադրութը պահելով հայկական ԶՈՒ վերահսկողության տակ, հաղորդվել է բազմիցս։ Կապիտուլյացիայի հայտարարության ստորագրման 3-րդ տարելիցի նախաշեմին Փաշինյանի քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել այն թեզը, թե «ավելի լավ է ապրել թուրքական կամ պարսկական լծի տակ, քան Սերժ Սարգսյանի Հայաստանում»։ Քարոզչական այդ թեզը հայտնվեց երրորդ նախագահի և Սամվել Շահրամանյանի հանդիպման խորապատկերին։ Հիմարացման քաղաքականությունը շարունակվում է, ժողովրդին նախապատրաստում են թուրքական վիլայեթի բնակիչների ճակատագրի։
Սարգսյանի Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության հուսալի երաշխավորն էր, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվող շքերթներն ընդունում էին նախագահներ Սարգսյանն ու Բակո Սահակյանը: 44-օրյա պատերազմից հետո անցած 3 տարիների ընթացքում ժողովուրդը չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավան, Նորաշենիկ, Վարդաբաց և այլ գյուղերը բնակեցվում են ադրբեջանցիներով, որ Մարտակերտի շրջանում Նոր Մարաղա, Նոր Կարմրավան, Թալիշ և այլ անուններն այլևս ոչ մի կապ չունեն հայերի հետ։
Շահումյանի շրջանի Քարվաճառ, Ակնաբերդ, Նոր Վերինշեն, Հադրութի շրջանի Ակնաղբյուր, Դրախտիկ, Մեծ Թաղեր և այլ գյուղեր, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Արմենականավան, Մարտունիում՝ Թաղավարդ, Վազգենաշեն և այլ գյուղեր. ընդհանուր առմամբ 187 ամայացած գյուղ և 6 քաղաք, 161 եկեղեցի, 591 խաչքար, 4 հազար լքված պատմական հուշարձան: Այսպիսին է Արցախի հանձնման դաշտում իշխող ռեժիմի գործած ոճիրների ոչ ամբողջական ցանկը։
Երևանում տարբեր տարիքի, մասնագիտության և սոցիալական դիրքի մարդիկ ամեն օր միմյանց ասում են նույն արտահայտությունը. «Ուզում եմ արթնանալ ու հասկանալ, որ վերջին տարիների բոլոր իրադարձությունները լոկ մղձավանջային երազ էին»։ Մարդիկ, որոնք երբեք չեն եղել Արցախում, տառապում են ահռելի կորստի ցավից։ Շատերը խոստովանում են, որ չեն գիտակցել, թե ինչ դեր է ունեցել Արցախն իրենց կյանքում և իրականում ինչ նշանակություն է ունեցել Արցախն իրենց համար: Հասարակության մտածող հատվածը չի հավատում ռեժիմի պարագլխի ցինիկ հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմում կրած պարտությունն ամբողջությամբ գեներալների խղճի վրա է, որոնք իբր կատարել են ոչ թե իր, այլ ՌԴ գլխավոր շտաբի հրամանները։ Է՛լ ավելի մեծ անվստահություն է հարուցում Արցախի շրջափակման և ցեղասպանության մեղքը ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձը։ Պայմանավորված պատերազմի ճարտարապետը, որը մարտական գործողությունների 3-րդ օրը դադարեցրեց կենդանի ուժի համալրումն առաջնագծում, 3 տարի անց ժողովրդին դրել է մանկուրտների նախրի տեղ, որոնց կարելի է ներշնչել, թե իրենց նախնիները ոչ մի կապ չունեն Արարատ լեռան հետ և այդ լեռը տեղ չունի ՀՀ պետական զինանշանի վրա:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ և ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՉԱԼՈՒՐՋ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ»։ 2021 թվականից երկրում բնակռել են ադրբեջանցի զավթիչները, որոնք սպանում և առևանգում են մարդկանց, գնդակոծում սահմանամերձ համայնքները, այդ թվում՝ դպրոցներն ու խաղաղ բնակիչների տները, գողանում անասուններին և փակում խմելու ջրի աղբյուրները։
Զավթիչները սպառնում են խաղաղ հայ բնակչությանը, իսկ պարագլուխը դատողություններ է անում այն մասին, թե անվտանգության համար պետությանն ամենևին էլ պարտադիր չէ ունենալ ուժեղ բանակ և ժամանակակից սպառազինություն։ Փաստ դպրոցական ծրագրից. հայ ժողովրդի պատմության մեջ խաղաղության դարաշրջանը միայն մեկ անգամ է տևել 100 տարի: Դա եղել է Բագրատունիների թագավորման օրոք, երբ հայերն ունեցել են տարածաշրջանի ամենամեծաթիվ և ամենազինված բանակը։
Սերժ Սարգսյանի Հայաստանում, որի մասին այս օրերին բարբառում է Նիկոլի քարոզչամեքենան, զոհված զինվորների մայրերին ձեռքուոտքից բռնած քարշ չեն տվել ասֆալտին Եռաբլուր զինվորական պանթեոնում, չեն եղել 18-25 տարեկան 40-ից ավելի քաղբանտարկյալներ, կալանավորվածներին չեն ծանակել հարազատների հետ տեսակցության արգելման միջոցով։
Սերժ Սարգսյանի Հայաստանում չկար քաղբանտարկյալ Տաթև Վիրաբյան, որն արդեն երկու անգամ ուշագնաց է եղել բանտախցում: Տանը նա ունի երկու անչափահաս երեխա և մայր, որը պատերազմում կորցրել է որդուն՝ Տաթևի եղբորը։ Սերժ Սարգսյանի Հայաստանում Փաշինյանից բացի ոչ ոք ատելություն չի սերմանել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը չի ծրագրել իր միջոցառումները Շուշիում, իսկ թուրք երիտասարդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խորապատկերին ցույց չի տվել ողջ աշխարհին «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը…
Սերժ Սարգսյանի Հայաստանում չեն ծանակել Հաղթանակի գեներալներին։ Փաշինյանի թերթի 2018թ. հունիսի 30-ի համարում սպիտակ շան լուսանկարի տակ առաջին էջում զետեղված էր ծաղրալից գրառում այն մասին, թե գեներալ Մանվելի ձերբակալությունից հետո նրա շները սոված չեն մնում։ Գեներալին պահում էին բանտախցում՝ չնայած բանտային ռեժիմի հետ անհամատեղելի ծանր ախտորոշումներին։ Փաշինյանը մահվան շեմ հասցրեց լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարին և միայն դրանից հետո թույլ տվեց տուն գնալ՝ մահանալու, իսկ գեներալը շտապում էր ռազմաճակատ։ Նոյեմբերի 19-ին լրանում է այդ մարդու մահվան 3-րդ տարելիցը, որի անունը ստիպում էր սահմռկել հակառակորդի բանակին։ Այսօր կալանավորված են Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Միքայել Արզումանյանը, որի վրա է Նիկոլն ուզում բարդել Շուշիի հանձնման մեղքը, և Հաղթանակի գեներալներից վերջինը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:
Բոլոր նախագահների օրոք էլ ժողովուրդը բարօրի չի ապրել, բայց իր թիկունքին զգացել է ազգային պետության ուժը։ Մարդիկ կարող էին հայհոյել իշխանության ներկայացուցիչներին, բայց ընդ որում վստահում էին պետական ինստիտուտներին՝ ի դեմս բանակի, ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի։ Այդ վստահությունը պահպանվել էր Միության փլուզման և Արցախյան առաջին ազատամարտի դժվարին փուլում, այն չի լքել ցանկացած ցնցումների ժամանակ՝ 1988թ. սարսափելի երկրաշարժից մինչև 1999թ. խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունն ու 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: Այսօր պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունից մնացել են լոկ հուշերի փշրանքներ:
Սարգսյանի Հայաստանում ոչ ոք իրեն թույլ չէր տա հրապարակային հարձակումներ գործել այսօր ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահների, խոսնակի և երկու գեներալների դեմ, քանզի այդ հարձակումները մարդկային բարոյականության սահմաններից դուրս են, քանզի տղամարդիկ ընկածին չեն խփում…
Սարգսյանի Հայաստանում ոչ ոք կադաստրի վկայական չի մուրացել Ալիևից՝ հայկական պետության գոյության համար, ոչ ոք հաշված շաբաթների ընթացքում չի վտարել Սուսի, Աղավնոյի և Բերձորի բնակիչներին, ոչ ոք թույլ չէր տա Ալիևին 9 ամիս սովամահ անել 120 հազար հայի, որոնցից 30 հազարը՝ երեխաներ…
Փաշինյանն ու իր ոհմակը հետեվողականորեն զոմբիացնում են ժողովրդին՝ ստիպելով հրաժարվել սեփական անցյալից, Արցախից, Մասիս սարից, Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման պահանջից։ Ժողովրդին ստիպում են հաշտվել այն մտքի հետ, որ ՀՀ տարածք վերադառնան 150 հազար «ադրբեջանցի փախստականներ», որ թուրքերի հետ խաղաղություն հնարավոր է, որ 2021թ.մայիսի 12-ից Հայաստանի տարածքում ադրբեջանցի զավթիչների ներկայությունը միանգամայն նորմալ է, իսկ հայերի գլխավոր թշնամին Ռուսաստանն է։
Թուրքիային և Ադրբեջանին հաջողվեց երկրի երեսից ջնջել հայկական երկրորդ հանրապետությունը, այսօր այդ երկրները, հենվելով իրենց փոխանորդի վրա, իրականացնում են Հայաստանի ոչնչացման ծրագիրը: Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր ժամը մոտեցնում է հայ ժողովրդին սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանության կրկնությանը, իսկ դրանից հետո ողջ մնացածները կա՛մ կլքեն երկիրը, կա՛մ կհաշտվեն թուրքական վիլայեթի բնակչության ճակատագրի հետ։ Արցախում նույնպես մնացին հայեր...
Ալիևն իրացրեց «հակաահաբեկչական գործողության» իրավունքը «իր սեփական» տարածքում, այսօր նա «իր սեփականն» է անվանում Սյունիքից մինչև Երևանի կենտրոնի Կոնդ թաղամաս ընկած տարածքը: Հայաստանի վրա հարձակման «լուրջ հետևանքների» մասին Վաշինգտոնի նախազգուշական հայտարարությունը հուշեց նրան, որ այս անգամ էլ բանը խոսքերից այն կողմ չի գնա։ Միայն 1% վստահություն ունեցող Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն է այս օրերին հայտարարել, թե «Ամերիկան Հայաստանին ասում է, որ պատերազմ չի լինելու»։ Դատելով ամենից, Վաշինգտոնի ձայնը «չեն լսում» Բաքվում ու Անկարայում, փոխարենը այնտեղ շատ լավ հիշում են, որ 1915թ. Ցեղասպանությունից հետո նույնպես Արևմուտքում խիստ վրդովված էին և կարեկցում էին հայերին...