ԻՐԱՆԸ ՀԱՄԱՍ-ԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է, ՈՐ ՈՒՂԻՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՏՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ
Թեհրանը ՀԱՄԱՍ-ին հստակ հասկացրել է, որ իր պլանների մեջ չի մտնում պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ինչպես իրանական, այնպես էլ պաղեստինյան աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Թեհրանի այս դիրքորոշումը հնչեցվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Խամենեիի և ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին։
Իրանի իշխանությունները, նշել է գործակալության զրուցակիցը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ասել են, որ իրենց չեն նախազգուշացրել Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասին։
Խամենեին Հանիային հավաստիացրել է, որ Իրանը նախկինի պես բարոյական աջակցություն կցուցաբերի ՀԱՄԱՍ-ին, չնայած ուղիղ դիմակայության մեջ չի մտնի Իսրայելի հետ։
Այաթոլան Հանիայից նաև պահանջել է ՀԱՄԱՍ-ում «ստիպել լռել» նրանց, ովքեր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» կոչ են անում լայնածավալ պատերազմ սկսել Իսրայելի դեմ։
ՀԱՄԱՍ-ում, նշել է Reuters-ը, այս հրապարակումից առաջ հրաժարվել են մեկնաբանություններից։ Դրա հրապարակումից հետո ՀԱՄԱՍ-ը իր սոցցանցերում հրապարակումն անվանել է «անհիմն»՝ մանրամասներին չանդրադառնալով։
Իրանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները ևս հրաժարվել են մեկնաբանություններից։ Ավելի վաղ, սակայն, Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ չի պատրաստվում թույլ տալ զինված հակամարտության տարածումն ամբողջ տարածաշրջանում։