ԲԻԶՆԵՍ՝ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՎՐԱ
Apricot Capital-ը մտադիր է զարգացնել ենթակառուցվածքները Հայաստանում և բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գիտելիքների մակարդակը
Apricot Capital ներդրումային ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է վերջերս՝ 2022 թվականին։ Սակայն բավական սեղմ ժամկետներում այն աստիճան ակտիվ գործունեություն է ծավալել, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, ընդգրկվել է երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետգանձարան վճարելով մոտ 800 մլն դրամ։ Եվս մի քանի ամիս անց, ներառյալ 2023 թվականի արդեն երրորդ եռամսյակի տվյալները, ընկերության հարկային հատկացումները մոտեցել են 1 մլրդ դրամ նիշին։
Այն մասին, թե որն է ներդրումային ընկերության առաքելությունը Հայաստանում և որքանով նրա գործունեությունը կնպաստի հայրենի կապիտալի շուկայի զարգացմանը, մենք որոշեցինք զրուցել Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
-Պարոն Գևորգյան, Հայաստանում Apricot Capital-ի բացումը ժամանակային առումով գրեթե համընկավ Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) մուտքի հետ հայկական կապիտալի շուկա, քանի որ հենց 2022 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի ֆոնդային բորսան ձեռք բերելու GPW-ի առաջարկին։ Դա պատահական զուգադիպություն էր, թե՞ ոչ, եթե նկատի առնենք, որ ներդրումային ընկերությունների և կապիտալի շուկայի գործունեությունը սերտորեն փոխկապակցված է:
-Այդ երկու իրադարձություններն իրականում բոլորովին կապված չեն միմյանց հետ: Ինչպես բազմիցս նշել եմ, մեր հիմնադիրն արդեն աշխատանքի մեծ փորձ ուներ միջազգային ֆինանսական ոլորտում։ Բայց հենց Հայաստանում աշխատելու համար պետք էր այստեղ ընկերություն ստեղծել զրոյից։ Այսինքն խնդիրը հանգում էր նրան, որ երկրում ստեղծվեր արտոնագրված ընկերություն՝ մասնագիտացած ակտիվների կառավարման, բրոքերային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում։ Ինչն էլ, ըստ էության, արվեց, պարզապես ժամանակային առումով համընկավ հայկական կապիտալի շուկա Վարշավայի բորսայի մուտքի հետ։
-Գաղտնիք չէ, որ կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք՝ մասնագիտացված հիմնադրամների, ներդրումային բանկերի առկայություն և այլն: Թեև այստեղ հարց է ծագում. ո՞րն է առաջնային՝ ձուն, թե՞ հավը: Այլ կերպ ասած, պե՞տք է արդյոք, որ նախ լինի կապիտալի զարգացած շուկա, որպեսզի ակտիվացվի ենթակառուցվածքային ֆոնդերի գալուստն ու ստեղծումը, թե՞ սխեման այստեղ հակառակն է գործում։ Ուստի կցանկանայինք լսել Ձեր գնահատականը մեր կապիտալի շուկայի զարգացման մակարդակի, ինչպես նաև այն առնչությամբ, թե ինչ դեր են խաղում այդ շղթայում ներդրումային այնպիսի ընկերությունները, ինչպիսին Apricot Capital-ն է:
-Իսկապես շատ ճիշտ հարց է, քանի որ իրականում գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք անհրաժեշտ են կապիտալի շուկայի զարգացման համար: Բայց եթե խոսենք պատճառահետևանքային կապի մասին, այսինքն՝ թե ինչն է առաջնային, ապա, կարծում եմ, գլխավոր գործոնը զարգացած ենթակառուցվածքն է, ինչի արդյունքում էլ շուկայում հայտնվում են ներդրումային ընկերությունները: Ի վերջո, եթե ենթակառուցվածքը անհարմար լինի մարդկանց համար, չլինի պարզ ու հասկանալի, ապա ոչ մեկին սկզբունքորեն չի հետաքրքրի։
Հիմա մարդիկ արդեն վարժվել են տարբեր գործիքների օգտագործման հեշտությանը։ Օրինակ, մեկ մատնահպումով նրանք կարող են մտնել Ուայլդբերրիզ և ապրանք գնել, մեկ հպումով կարող են բանկային հաշվեհամար բացել և այլն: Հարմարավետության տեսանկյունից նույնպիսի մոտեցում է պետք ցուցաբերել նաև կապիտալի շուկայի հաճախորդներին: Այլապես նրանց այն չի հրապուրի։ Սակայն Հայաստանում միշտ էլ եղել է դրա հետ կապված խնդիր։ Նույնիսկ այսօր հայկական բորսայում արժեթղթեր գնելը (անգամ այն փոքր ծավալի պայմաններում, որն առկա է շրջանառության մեջ) շատ ավելի բարդ է, քան ամերիկյան բորսայում։ Եթե այնտեղ կարող եք դա անել բառացիորեն մեկ կամ երկու մատնահպումով, ապա մեզ մոտ ստիպված կլինեք նախ զանգահարել բանկ, ապա գնալ և գրավոր դիմում տալ, լավագույն դեպքում ձեզ կասեն՝ դիմում գրեք առցանց բանկինգով: Բայց մեզանում մինչ օրս չի եղել հատուկ հավելված, որը թույլ կտա առցանց ռեժիմով մի քանի քայլով ձեռք բերել, ասենք, նույն պետպարտատոմսերը ֆոնդային բորսայից։
Եվ մենք որոշեցինք լրացնել այդ բացը։ ԿԲ արտոնագիրը ստանալիս ներկայացնելով մեր ռազմավարությունը՝ մատնանշեցինք, որ մեր առջև հավակնոտ խնդիր ենք դնում, մտադրվելով զարգացնել ենթակառուցվածքները հայկական շուկայում։ Իսկ դա մեծ ծախսեր է պահանջում, ինչին, ի դեպ, ներդրումային բազմաթիվ ընկերություններ նախկինում պատրաստ չէին՝ հաշվի առնելով մեր շուկայի փոքր ծավալները և, համապատասխանաբար, նման ներդրումների արդյունքի հետ կապված ռիսկերը։
Իսկ մենք գնացինք այդ քայլին, վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում մեր ներդրումները կփոխհատուցվեն։ Արդեն գործում է մեր բջջային հավելվածը, որը կարելի է ներբեռնել սմարթֆոնում, հաշիվ բացելուց հետո (նույնպես ամեն ինչ ավտոմատացված է) ստանալ մուտքանուն-գաղտնաբառը և այնուհետ, հաշվին համապատասխան գումարի առկայության դեպքում, օգտվել մի շարք ֆինանսական գործիքներից. արտարժույթի առցանց փոխանակում, պետական պարտատոմսերի առքուվաճառք մեր բորսայում, արժեթղթային ներդրումներ նչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա շուկաներում և այլն:
-Տարիներ շարունակ մեզանում մշտապես խոսվում է այն մասին, որ երկրում զարգացած կապիտալի շուկայի բացակայության պայմաններում հասարակ քաղաքացիները, ինչպեսև ձեռներեցներերը խնայողությունները պահելու համար օգտագործում են միայն բանկային դեպոզիտները: Կարելի՞ է ենթադրել, որ Apricot Capital-ի հենց նույն հավելվածի գործիքների ներդրումը կնպաստի արժեթղթային ներդրումներին, ինչն էլ այլընտրանք կդառնա բանկային ավանդներին:
-Եթե օբյեկտիվ լինենք, ապա Հայաստանում առաջին տարին չէ, որ գոյություն ունի այդ այլընտրանքը։ Մասնավորապես, հենց նույն բանկերը, դեպոզիտից բացի, հաճախորդներին առաջարկում են նաև իրենց իսկ թողարկած պարտատոմսեր։ Ընդ որում այդ պարտատոմսերում, ինչպեսև ավանդներում արված ներդրումները ապահովված են Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի երաշխիքով: Նշենք, որ պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի բարձր է, գումարած՝ դրանք ենթակա չեն 10 տոկոս եկամտահարկի, ինչպես բանկային ավանդները:
Բայց այստեղ ի հայտ է գալիս քաղաքացիների ֆինանսական գրագիտության հարցը. նրանք, ովքեր ունեն ֆինանսական բարձր գրագիտություն, այլևս չեն ներդնում միջոցները դեպոզիտ հաշիվներում, այլ գնում են պարտատոմսեր (լինեն դրանք պետական, թե բանկերի թողարկած), քանի որ դրանց եկամտաբերությունն ավելի բարձր է: Բայց այդպիսի մարդիկ շատ չեն։ Մեծամասնությունը պարզապես չգիտի, թե ինչպես ճիշտ կառավարի սեփական գումարները, այդ իսկ պատճառով պահում է խնայողությունները կա՛մ կանխիկ արժույթով, կա՛մ գնում բնակարաններ՝ հետո դրանք վարձով տալու համար: Երևակայությունը բավականեցնում է լոկ այդքանի:
Իսկ այ զարգացած երկրներում կապիտալի շուկան հանդես է գալիս որպես մարդկանց բարեկեցության բարձրացման հիմնական մեխանիզմ, այսպես կոչված՝ «wealth creation»։ ԱՄՆ-ում, օրինակ, բնակչության 56%-ը արժեթղթեր ունի։ Ընկերությունների գերակշիռ մասն այնտեղ բաց է, և մարդիկ կապիտալի շուկայի միջոցով ձեռք են բերում այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց զարգացմանը հավատում են, որոնց վստահում են, և հետո, ըստ գնած բաժնեմասի, մասնակցում են այդ ընկերությունների կառավարմանը, ստանալով շահաբաժիններ։
-Իսկ գուցե մեզանում խնդիրը ոչ թե ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է, այլ այն, որ քի՞չ են հայկական ընկերությունները, որոնց զարգացմանը մենք հավատում ու վստահում ենք:
-Գիտեք, այդ մասին ես էլ եմ մտածել, բայց այնուամենայնիվ հանգել եմ այն եզրակացության, որ խոսքն առաջին հերթին մեր բնակչության ֆինանսական գրագիտության ցածր մակարդակի մասին է։ Չէ՞ որ եթե այդ մարդիկ պատրաստ են իրենց խնայողությունները վստահել բանկին և ավանդ ներդնել, ապա ինչո՞ւ չեն վստահում նույն այդ բանկին, երբ խոսքը վերաբերում է նրա թողարկած պարտատոմսերին՝ շատ ավելի հրապուրիչ պայմաններով, քան ավանդները։ Այսինքն այստեղ ոչ թե վստահության, այլ ավելի շուտ գիտելիքների հարց է։ Ինչ վերաբերում է բաժնետոմսերին. լավ, եթե չեք վստահում հայկական ընկերություններին, ձեռք բերեք օտարերկրյա արժեթղթեր։ Բայց դա էլ չեն անում, որովհետև չգիտեն ու չեն հասկանում։
Մենք բավական մանրամասնորեն վերլուծել ենք Հայաստանում բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի հետ կապված իրավիճակը և որոշել, որ շատ ակտիվ կաշխատենք նաև մարդկանց գիտելիքների բարձրացման ուղղությամբ՝ բազմաթիվ միջոցառումներ իրականացնելով այդ նպատակով։
-Բայց կա նաև մեկ այլ խնդիր, և այն կապված է հայ գործարարների հոգեկերտվածքի հետ, որոնցից շատերն առ այսօր բարոյապես պատրաստ չեն «բացվել»՝ իրենց բաժնետոմսերի թողարկման և առաջարկման ճանապարհով: Այդ ուղղությամբ որևէ առաջընթաց տեսնո՞ւմ եք: Եվ եթե այո, ապա Ձեր գնահատմամբ՝ ո՞ր ընկերությունները մեծ ներուժ ունեն կապիտալի շուկա մտնելու համար:
-Այո, ես իսկապես տեսնում եմ, որ հայրենի բիզնեսի մտածողությունը սկսել է փոխվել, և նրանցից շատերը պատրաստ են բացվել, դուրս գալ շուկա, որպեսզի բաժնետոմսերի գնորդների ներգրավեն նաև արտասահմանից: Բանն այն է, որ եթե մասնավոր ընկերությունը հասել է մեծ ծավալների, ապա այդպիսով նա դառնում է անիրացվելի ակտիվ։ Ենթադրենք, սեփականատիրոջը հանկարծ գումար է պետք եղել, և նա որոշել է վաճառել ձեռնարկությունը։ Հաշվի առնելով դրա մասշտաբները տեղական շուկայում և, համապատասխանաբար, բարձր արժեքը, բիզնեսն արագ վաճառել չի հաջողվի: Ուստի հավանական գնորդները կպահանջեն, այսպես կոչված, անիրացվելիության զեղչ, ասենք՝ արժեքի 10-20%-ի չափով։ Իսկ այ երբ նույն այդ ընկերությունը մտնի ֆոնդային բորսա, ապա զեղչը ինքնաբերաբար կբացառվի: Գործարարները սկսել են դա հասկանալ, ուստի վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հայկական ընկերությունների թիվը, որոնք որոշել են տեղադրել իրենց բաժնետոմսերը բորսայում, անշեղորեն աճում է։
Ինչ վերաբերում է ներուժին, ապա, ինչպես ցույց է տալիս կապիտալի միջազգային շուկաների պատմությունը, գնորդներին հիմնականում հետաքրքիր են այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնք ունեն աճի ներուժ և սահմանափակված չեն միայն մեկ երկրում ներկայությամբ։
Նույնը կիրառելի է նաև Հայաստանի համար, ուստի կապիտալի շուկա դուրս գալու ամենամեծ ներուժն ունեն այն ընկերությունները, որոնք կապված են տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի հետ, որտեղ չկան լոգիստիկ խնդիրներ և չկան խոչընդոտներ դրանց գլոբալ աճի համար։ Իմ կարծիքով, այդ ոլորտն այսօր շատ ավելի մեծ հեռանկար ունի մեզանում, քան այն ընկերությունները, որոնց բիզնեսն ուղղված է բացառապես Հայաստանի ներքին շուկային։