ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՍՏԱՀՈԴ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ Է ICBL-Ն ԳՈՐԾՈՒՄ Ի ՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Ցամաքային ականների արգելման միջազգային արշավը (ICBL), որը հայտարարված նպատակ ունի՝ պայքարել հակահետևակային ականների դեմ, հրապարակում է տարեկան զեկույցներ, որոնցում նշում է ական արտադրող երկրներին: Հրապարակվել է նոր զեկույց՝ «Landmine Monitor Report 2023», որը անմիջապես տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցների և պաշտոնյաների կողմից։

Բանն այն է, որ ինչ-ինչ պատճառներով զեկույցում Հայաստանը ներառված է ականներ արտադրող 12 երկրների շարքում։ «Հայաստանի ընդգրկումն ականներ արտադրողների ցուցակում ապացուցում է Ադրբեջանի պնդումների հիմնավորվածությունը»,- անմիջապես հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Մինչդեռ, զեկույցն ինքնին ուղղակիորեն նշում է, որ տեղեկատվության առաջնային աղբյուրն Ադրբեջանն է, սակայն զեկույցի հեղինակները չեն կարողացել ճշտել այդ տեղեկությունը։ Ավելին, նախորդ երկու տարիների զեկույցները համառ «հարձակում» էին Հայաստանի վրա։ Սա շատ տարօրինակ է թվում, քանի որ եթե զեկույցի հեղինակներն օգտագործեին կողմերի տվյալները, ապա Երևանի կարծիքը, այդ թվում՝ կասետային զինամթերքի կիրառման վերաբերյալ Բաքվին ուղղված մեղադրանքները, պետք է արտացոլվեին զեկույցներում, ինչը տեղի չի ունեցել։

«The Monitor-ը Հայաստանը ներառել է հակահետևակային ականներ արտադրող երկրների ցանկում՝ այդ ցուցակը հասցնելով 12 երկրների։ Թվարկված բոլոր արտադրողներն Ականների արգելման պայմանագրի մասնակից պետություններ չեն՝ Հայաստան, Չինաստան, Կուբա, Հնդկաստան, Իրան, Մյանմա, Հյուսիսային Կորեա, Պակիստան, Ռուսաստան»,- ասվում է զեկույցում։

Դրա հեղինակները ներկայացնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալները՝ հայկական արտադրության ավելի քան 100 հակահետևակային ականների հայտնաբերման վերաբերյալ։

«Հայաստանում հակահետևակային ականների արտադրության այս նախնական պնդումները դժվար էր հաստատել ոչ ադրբեջանական աղբյուրներից»,- խոստովանում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ «2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, Լաչինի շրջանում մաքրել է 1318 հակահետևակային ականներ։ Հայաստանը հերքել է այդ մեղադրանքները և այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ՄԱԿԱԽ) սեպտեմբերի 13-ի նամակում։ Սակայն այս պնդումների ի հայտ գալուց հետո հեղինակավոր տեխնիկական աղբյուրները ցուցակում ներառեցին ПМН-Э հակահետևակային ականը և դրա արտադրությունը վերագրեցին Հայաստանին։ Թեև շատ հարցեր են մնում»,- գրում են զեկույցի հեղինակները։

Հարցեր միայն նրանց մոտ չեն մնում…

«Ինչ վերաբերում է ПМН-Э ականի ծագմանը և արտադրության կոնկրետ մանրամասներին, The Monitor-ը կարծում է, որ «արտադրությունը» կարող է ներառել նաև սկզբնական արտադրողի արտադրանքի փոփոխություն՝ մարտական ​​արդյունավետությունը բարելավելու համար, և այնուհետև վերալիցքավորում, հավաքում և փաթեթավորում՝ արտադրանքը պահեստում՝ պահպանման կամ օգտագործման համար հարմար վիճակի բերելու համար։

Ինչպես նշվում է զեկույցում, Հնդկաստանը նաև արտադրում է Pinaka՝ բազմափողանի հրթիռային կայան, որի մարտագլխիկները կարող են լիցքավորվել հակահետևակային ականներով։ 2022 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը Հնդկաստանի մասնավոր ընկերություններից պատվիրել է բազմափողանի Pinaka հրթիռային կայան, սակայն հայտնի չէ՝ արդյոք այդ պատվերը ներառում է հակահետևակային ականի տարբերակ։

Զեկույցի հեղինակները «տվյալներ» են քաղում Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) զեկույցներից։ Ըստ այդմ, զեկույցում թվարկված են Բաքվի բոլոր փաստարկներն ու թեզերը...

Իսկ ինչու՞ է ականների արգելման միջազգային արշավն իր վրա վերցրել Ադրբեջանի փաստաբանի դերը: Միգուցե այն պատճառով, որ դա հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, իսկ ՀԿ-ները, ինչպես գիտենք, ֆինանսավորման խիստ կարիք ունեն։ Թեև բաց աղբյուրներում նման տվյալներ չեն հայտնաբերվել, սակայն շատ հնարավոր է, որ Բաքուն օգնում է այս խնդրի լուծմանը։ Դե, իսկ հետո օգտագործում է հաշվետվությունները որպես «ապացույցների բազա»:

News.am