ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿՏՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 55 հայ կա։ Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է շատ ավելի մեծ թվով գերիների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

 


Նրա խոսքով՝ պաշտոնապես հաստատված է, որ ադրբեջանական գերության մեջ են գտնվում 6 քաղաքացիական անձ, 41 զինվորական և Արցախի 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, նրանք համարվում են քաղբանտարկյալներ։ Բացի այդ, կան ոչ պաշտոնական տվյալներ առնվազն 80 զինվորականների և քաղաքացիական անձանց մասին։ Նրանց ճակատագրերը պարզելու համար ջանքեր չեն գործադրվում, փաստել է Սահակյանը։

Փորձագետը նշել է գերիներին այցելելու անհնարինության խնդիրը։ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տալիս նրանց այցելել միայն ԿԽՄԿ ներկայացուցիչներին, և գերիներն ամբողջ ընթացքում չեն կարողացել հանդիպել կտտանքների դեմ պայքարի անկախ կառույցների ներկայացուցիչների հետ։ ԿԽՄԿ այցելություններն էլ, որպես կանոն, ուշացած են։ Բարձրաստիճան արցախյան գործիչների պարագայում այն կայացել է միայն մի քանի շաբաթ անց։

«Բոլոր վերադարձած անձինք վկայում են վատ վերաբերմունքի և կտտանքների մասին։ Համեմատելով տվյալները՝ կարծում ենք, որ Ադրբեջանում չկա մեխանիզմ, որը բացառում է կտտանքները։ Անկախ փորձագետների այցելությունների արգելքի պայմաններում նման անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը շարունակվում է»,- նշել է Սահակյանը։

Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ շատ կառույցներ հարցը կապում են Միջազգային հումանիտար իրավունքի հետ, իսկ այս ոլորտում հիմնական դերը հատկացվում է ԿԽՄԿ-ին։ «Նման մոտեցումն անընդունելի եմ համարում։ ԿԽՄԿ մանդատը չի հետապնդում կտտանքների փաստերին իրավական գնահատական տալը։ ԿԽՄԿ-ն չի կարող անգամ հրապարակայնորեն հայտարարել նման փաստերի մասին»,- նշել է Սահակյանը՝ ավելացնելով, որ ՄԱԿ զեկուցողները փորձել են այցելել Ադրբեջան, բայց անհաջող։

Ադրբեջանցիների «վերադարձը» ժողովրդագրական վտանգներ է պարունակում Հայաստանի համար

Հայաստանը կարող է ՀՀ-ում ադրբեջանցիների անվտանգ ապրելու երաշխիքներ տալ։ Այլ հարց է, թե ինչպես կարող է դա անդրադառնալ երկրի անվտանգության վրա, - հայտնել է Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով երբևէ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին հարցին։

«Հայաստանում ատելության քաղաքականություն չի իրականացվում, և մենք հանդուրժող ենք օտարերկրացիների հանդեպ, այդ թվում և ադրբեջանցիների։ Ադրբեջանցիների կյանքը ՀՀ-ում սպառնալիքի տակ չի գտնվում։ Բայց այս հարցի քննարկման ժամանակ անհրաժեշտ է հիշել Ադրբեջանում հայերի անվտանգության հարցի մասին, առաջին հերթին պատմական հայրենիքի տարածքում։ Եթե Ադրբեջանի իշխանությունները դա չեն արել, ապա ինչ սկզբունքով է Հայաստանը բացելու սահմանները ադրբեջանցիների համար, այն դեպքում, որ դա հղի է լրջագույն հետևանքներով։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է մեր սահմանների հանդեպ հավակնություններին»,- հիշեցրել է փորձագետը՝ կասկած հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները չեն հաշվարկել նման մոտեցման ռիսկերը։

Սահակյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիների զանգվածային մուտքը կհանգեցնի ժողովրդագրական հետևանքների, և մենք կարող ենք հայտնվել փոքրամասնության վիճակում մեր իսկ հայրենիքում։ Այսպիսով, նրանք կարող են նաև քաղաքական ազդեցություն ունենալ։ Այդ հնարավորությունները իշխանությունները պետք է հաշվի առնեն, նախազգուշացրել է Սահակյանը՝ կոչ անելով բացառել ռիսկերը պետականության համար։

Քանի դեռ Ադրբեջանում իրականացվում է հայատյացության քաղաքականություն, խաղաղ գոյակցությունն իրատեսական չէ

Առանց հակամարտության պատճառների վերացման անհնար է հասնել կայուն խաղաղության,- ասել է միջազգային իրավունքի փորձագետը՝ պատասխանելով հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության վերաբերյալ հարցին։

«Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Հակամարտությունը էթնիկական ծագում ունի։ Հայերի նկատմամբ ատելությունը և բռնությունը հանգեցրել են նման զարգացումների։ Քանի դեռ Ադրբեջանում այս քաղաքականությունը շարունակվում է պետական մակարդակով, բռնությունը շարունակվելու է։ Որքան էլ որ փորձեն քաղաքականապես պարտադրել համակեցությունը, քանի դեռ պատճառները վերացված չեն, բռնությունը կրկնվելու է»,- փաստել է Սահակյանը։

Իրավաբանը հիշեցրել է, որ միջազգային իրավունքը շատ լուրջ է վերաբերվում ռասիստական քաղաքականությանը և որպես միջոցներից մեկն առաջարկում է առանձնացումը կամ գոնե ինքնավարությունը, որը թույլ է տալիս պաշտպանվել։ Սահակյանի խոսքով՝ քաղաքականության փոփոխության առաջին ցուցիչը կլիներ պատիժը, գոնե նրանց, ովքեր այդպիսին են ճանաչվել օտարերկրյա կամ միջազգային դատարանների կողմից։ «Քանի դեռ Գուրգեն Մարգարյանին սպանողը (ռամիլ սաֆարով- խմբ.) կամ 44-օրյա պատերազմի գլխակերները «հերոսներ» են ադրբեջանական հասարակությունում, համակեցությունը իրատեսական չի թվում, և նման դեպքերը շարունակվելու են»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը

Հայաստանում ադրբեջանական գերության մեջ պահվող հայ գերիների՝ ադրբեջանցիների հետ փոխանակման գաղափարը ընդունելի և մարդասիրական մոտեցում է։ Բայց այն հավանաբար անընդունելի է Ադրբեջանի համար, - ասել է Սիրանուշ Սահակյանը։

«Եթե նա ցանկանար 2-ին փոխանակել 55-ով կամ գոնե 10-ով, գործարքը տեղի կունենար։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կհամաձայնի փոխանակել 2-ին 2-ով։ Մնացածը կմնան որպես Հայաստանի իշխանությունների վրա ճնշման լծակներ»,- ենթադրել է Սահակյանը։

Իրավաբանն ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք է արտահայտել Հայաստանի իշխանությունների ջանքերի վերաբերյալ գերիների ժամանակին ազատաման հարցում։ Նրա խոսքով՝ քայլերն իրավական առումով բավական հաջող էին, իսկ ահա քաղաքական առումով՝ ոչ այնքան։ «Որոշումը ենթադրում էր քաղաքական լուծում, ինչը տեղի չունեցավ։ Անհրաժեշտ էր քաղաքական ճնշում։ Հայաստանը չկարողացավ արդյունավետ աշխատել այն երկրների հետ, որոնք կարող էին ազդել Ադրբեջանի վրա։ Միջազգային հանրությունը մեղմ է խոսում Ադրբեջանի հետ։ Երբեմն կոչ են անում, բայց, որպես կանոն, դիմում են երկու կողմերին և սպասում քաղաքական որոշման։ Բայց պետք էր սպառնալ պատժամիջոցներով և համագործակցության սահմանափակմամբ։ Հայաստանը չպետք է մշտապես լեգիտիմացնի գործընթացը՝ հայտարարելով Ադրբեջանի հետ երկխոսության մասին։ Որովհետև երկխոսության պայմաններում ոչ մի երկիր չի ցանկանա երկխոսությունը վտանգել։ Միջազգային հանրությունը տպավորություն է ստանում, որ հարցը կլուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Սահակյանը։

Խոսելով կոնկրետ մարդկանց և «գործընթացների» մասին՝ Սահակյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ որոշման բողոքարկումը կրում է ձևական բնույթ։ «Նման դեպքեր եղել են անցյալում։ Ձևականորեն բողոքարկել են, բայց արդյունքներ չեն եղել։ Ադրբեջանը փորձում է ներպետական արդյունավետ դատական համակարգ ձևացնել։ Նպատակը «ապացույցներ» գեներացնելն է միջազգային դատարաններում ներկայացնելու համար»,- նշել է Սահակյանը։

Ռաշիդ Բեգլարյանի մեղադրանքների վերաբերյալ նա հիշեցրել է, որ նա սկզբում մեղադրվում էր սահմանն անօրիինական հատելու համար, իսկ մեղադրանքը «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար ավելի ուշ է հայտնվել։ Դա ցուցադրում է մեղադրանքի կեղծությունը։ «Ցեղասպանության» և նրա հեղինակների վերաբերյալ հարցն ավելի քան վիճելի է, ինչն էլ փաստել է ՄԻԵԴ-ը։

Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ոչ մի հայ գերի չի կարող խուսափել անօրինական դատավարությունից։ «Դա ձեռնտու է Ալիևի ռեժիմին։ Միջազգային հումանիտար իրավունքը պահանջում է ազատ արձակել բոլոր գերիներին անմիջապես մարտական գորոծղությունների ավարտից հետո, իսկ միջազգային քրեական իրավունքը հանցագործություն համարում է ազատ չարձակելը։ Դրա համար էլ Ադրբեջանը ստեղծում է իրավաբանական «հիմքեր» հայ գերիներին պահելու համար, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա բանակցային գործընթացում», նշել է Սահակյանը։

Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ, - ասել է միջազգային իրավունքի փորձագետը։

Նա նշել է, որ կոնկրետ տվյալներ դատավարության հնարավոր սկսվելու ժամկետի մասին չկան, բայց այն, ամենայն հավանականությամբ, կսկսվի այլ գերիների հանդեպ դատավարությունների ավարտից հետո, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում «գլխավոր» գործընթացից «շեղող» հանգամանքներ։ Ադրբեջանի իշխանությունները կփորձեն որքան հնարավոր է երկար «կերակրել» իրենց ժողովրդին այդ դատավարությամբ, և ըստ երևույթին այն կունենա հասարակության համար բաց մաս, որպեսզի ցուցադրվեն Արցախի նախկին ղեկավարները խոցելի, նվաստացած վիճակում։ Դատավարության սկիզբը իրավաբանը կանխատեսել է 6 ամսից ոչ շուտ։ Նա նշել է, որ փաստաբաններն Ադրբեջանում իշխանությունների ճնշման տակ են։ Օտարերկրյա փաստաբանների ներգրավումը իրավաբանը հնարավոր է համարել միջազգային ատյաններում, ընդգծելով, սակայն, Ադրբեջանում դատի մոնիթորինգի անհրաժեշտությունը, եթե հաջողվի, ապա միջազգային կազմակերպությունների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արցախի նախկին ղեկավարների, մասնավորապես՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մեղադրանքների հարցում՝ կապված Գյանջային 44-օրյա պատերազմի ժամանակ հարված հասցնելու հետ, իրավաբանը հիշեցրել է, որ Ադրբեջանը ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակչության շրջանում։ «Միջազգային իրավունքն այնպիսին է, որ եթե Ադրբեջանը օգտագործել է սեփական բնակչությանը որպես վահան, ավերածությունների և զոհերի համար պատասխանատվությունը կրում է ոչ թե Հայաստանը կամ Արցախը, այլ Ադրբեջանն ինքը՝ մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ընդգծել է Սահակյանը։

News.am-ի նյութերով