ԴԱՌԸ ՓՈՐՁ

Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» նշանաբանի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես հաղորդել են «Արմենպրես»-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, դրամահավաքի միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: «Հեռուստամարաթոն 2023»-ի շրջանակներում Հայաստանում հավաքվել է 552 372 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքել է 3 250 000 դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3 100 000 դոլար, Տորոնտոյի տեղական մարմինը (Կանադա) ՝ 500 000 դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450 000 դոլար, Արգենտինայի տեղական իշխանությունները՝ 160 690 դոլար, ինչպես նաև նվիրատվություններ հետևյալ երկրներից. Նիդերլանդներ՝ 100 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 92 000 դոլար, Գերմանիա՝ 66 400 դոլար, Շվեյցարիա՝ 50 000 դոլար, Ավստրալիա՝ 27 000 դոլար, Ավստրիա — 25,900 դոլար, Ռումինիա 4,360 դոլար։

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի միջոցներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՉՔԻ Է ԶԱՐՆՎՈՒՄ ԱՅՆ ՓԱՍՏԸ , որ Ռուսաստանի թվաքանակով ահռելի հայ համայնքն ընդհանրապես չարձագանքեց այս իրադարձությանը։ Համենայնդեպս այն երկրների ցանկում, որտեղից հայերը նվիրատվություններ են կատարել, ՌԴ-ն չկա։ Եվ առաջին հայացքից դա պարզապես պարադոքսալ է։

Ասենք, պարադոքսալ է թվում նաև մեկ այլ փաստ։ Այն պայմանով հանդերձ, որ այդ հավաքված միջոցներն ուղղվելու են Արցախից տեղահանվածներին աջակցելուն, ակցիայի շրջանակներում հավաքվել է վերջին տարիների նվազագույն գումարը։ Օրինակ, անցյալ տարի հեռուստամարաթոնը հավաքեց 11 միլիոն, 2021-ին՝ ավելի քան 12 միլիոն դոլար։ Մինչդեռ այժմ, թերևս առավել քան երբևէ, արցախցիներն օգնության կարիք ունեն, սակայն նվիրատվությունների գումարը կազմել է 8,4 միլիոն դոլար։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե համայն հայությունը կորցնում է կարեկցելու և ապրումակցելու ունակութունը։ Սակայն այդ տպավորությունն անշուշտ սխալ է։ Իրականում ակներև է, որ խոսքը վերաբերվում է մեկ այլ զգացումի՝ վստահության կորստին։ Հիմնադրամի, Հայաստանի կառավարության նկատմամբ վստահության։ Իրականում Արցախում սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո հայկական Սփյուռքն անտարբեր չի մնացել հայրենակիցների ճակատագրի հանդեպ, ցուցաբերել և մինչև օրս ցուցաբերում է նյութական-ֆինանսական մեծ օգնություն։ Պարզապես նախընտրում է դա անել անմիջականորեն, շրջանցելով տարբեր հիմնադրամները, կառավարական կառույցները, ձգտելով հասցնել իր աջակցությունը հենց հասցեատիրոջը։

Եվ այդ ձգտումն առավել քան հիմնավորված է, ելնելով դառը փորձից։ Իսկ դա (դառը փորձը) հիշեցնում է երեք տարվա վաղեմության իրադարձությունների մասին։ Մենք էլ հիշեցնենք։ 44-օրյա պատերազմի շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց դրամահավաք՝ «Մենք ենք, մեր սարերը» նշանաբանով։ Գործողության շրջանակներում հավաքվեց 170 միլիոն դոլար։ Նվիրատվությունները գալիս էին ողջ աշխարհից, հիմնադրամին գումար էին փոխանցում բոլորը, ներառյալ թոշակառուներն ու երեխաները։ Եվ ահա, մարտական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ միջոցների մեծ մասը «Հայաստան» հիմնադրամը պարզապես փոխանցել է Հայաստանի կառավարությանը։ Խոսքն ավելի քան 100 միլիոն դոլարի մասին է։ Այստեղ կարևոր է նշել ևս մեկ նրբերանգ. այդ ժամանակահատվածում, նույնիսկ պատերազմի պայմաններում Հայաստանի կառավարությունը չէր հրաժարվել պետական պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացնելուց։ Ինչևէ, առ այսօր հասկանալի պատասխան չկա մի ամբողջ շարք հարցերի։ Օրինակ, ինչո՞ւ «Հայաստան»-ը փոխանցեց միջոցները կառավարությանը։ Ինչո՞ւ դրամահավաքի ընթացքում չէր ասվում այն մասին, որ դրանք հատկացվելու են կառավարությանը։ Ինչպե՞ս կառավարությունը տնօրինեց հիմնադրամից ստացած միջոցները։

Բնականաբար, ողջ այդ պղտոր պատմությունը չէր կարող չանդրադառնալ հիմնադրամի հեղինակության վրա։ Չէր կարող չխաթարել վստահությունը նրա նկատմամբ։ Այսօր, ընդամենը երեք տարի անց հերթական ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքներն ակնեևաբար հաստատում են դա։