ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՏՈՐՈՒՄ

Ո՞րն է Փաշինյանի առավելությունը իրեն դիմակայող քաղաքական դաշտի նկատմամբ։ Նա կիրառում է մրցակցից առաջ անցնելու գործելակերպը։ Նա արդեն այսօր պատրաստվում է արտահերթ ընտրություններին։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Առավելապես զբաղված է ներքաղաքական և արտաքին քաղաքական հաշվեպարզումներով. ով, ինչ, երբ ինչ-որ բան սխալ ասաց և սխալ չարեց։ Թռիչքների վերլուծությունն, իհարկե, օգտակար բան է, բայց այսօր բնավ տեղին չէ։

ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։ ԻՆՉՈ՞Ւ Է ՆԱ ԵՆԹԱԴՐՈՒՄ, ԹԵ ԲԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ։ Ոչ միայն այն պատճառով, որ արդեն նախադրյալներ կան, այլ որ հասկանում է. ամսեամիս, եթե ոչ օրեցօր, այդ նախադրյալներն ավելանալու են։

Վերցնենք թեկուզ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երևանն ասում է, թե կողմերը մոտ են ստորագրմանը։ Բաքուն էլ է արդեն ասում, թե կողմերը մոտ են ստորագրմանը։ Եվրոպական երկրներից ու Վաշինգտոնից լսում ենք նույն տոնայնությունը։ Մոսկվան ասում է, որ պատրաստ է «եռանդագին» նպաստել գործընթացի առաջմղմանը։

Այսպիսով, պայմանագիրը ստորագրվելու է։ Նիկոլն արդեն հոգնել է ասելուց, որ պայմանագրի հիմքում լինելու են խորհրդային Գլխավոր շտաբի վերջին քարտեզները։ Համաձայն այդ քարտեզի՝ մի շարք անկլավներ ներառված էին Ադրբեջանի կազմում։ Այսինքն, համաձայն այդ քարտեզների և պայմանագրի, որը Նիկոլը պատրաստ է ստորագրել, Բաքուն բոլոր հիմքերը կունենա անհապաղ պահանջելու անկլավները…

Այսինքն խոսքն ակնհայտ կանխատեսելի գործընթացի մասին է։ Լսո՞ւմ ենք արդյոք ընդդիմության արձագանքը։ Լսո՞ւմ ենք արդյոք հայտարարություններ, որ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդի թիկունքում էլի ինչ-որ բան հանձնել Ալիևին։ Որ այն ծրագրում, որով նա շահեց ընտրությունները, ոչինչ ասված չէր այն մասին, թե 8 գյուղեր պետք է անցնեն Ադրբեջանին, հետևաբար՝ Փաշինյանը մանդատ չունի նման որոշում ընդունելու, միանձնյա տնօրինելու երկրի տարածքները։ Հո պապից չի ժառանգություն ստացել։

Պետք է առնվազն նոր ընտրություններ անցկացվեն, որոնց ժամանակ պարզ կդառնա, թե պատրաստ են քաղաքացիներն իրենց ձայնը տալ Փաշինյանին, իմանալով, որ նա Բաքվին է հանձնելու ևս 8 գյուղ։

Ողջամիտ ընդդիմությունը հարցը պետք դնի հենց այսպես. միայն ընտրությունների արդյունքներով Փաշինյանը կարող է էլի ինչ-որ բան հանձնելու մանդատ ստանալ։ Եթե մարդիկ ձայն տան նրան, հստակ պատկերացնելով հետևանքները, ապա ի՜նչ արած, թող այդպես լինի։ Բայց միայն՝ իմանալով քաղաքացիների կամարտահայտությունը։

Ողջամիտ ընդդիմությունը այդ օրակարգի շուրջ պետք է աշխատանք տանի քաղաքական բոլոր ուժերի հետ։ Ավելի կոնկրետ. խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի մյուս բոլոր քաղաքական ուժերին կոնկրետ հարցով. համամի՞տ են արդյոք, որ անհնար է նոր զիջումներ անել Ադրբեջանին, չիմանալով մարդկանց կարծիքը, այսինքն՝ ընտրությունների արդյունքները։

ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՆԹԱՆԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ, որոնք գոնե ինչ-որ կշիռ ունեն։ Նույն հարցը պետք է դնել Փաշինյանի առջև. համաձա՞յն է արդյոք երկրի ամենամեծ ժողովրդավարը, որը սիրում է կրկնել, թե ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, որ Բաքվին նոր զիջումներ անելն անհնար է, եթե դրանց վերաբերյալ չկան քաղաքացիների կամարտահայտության կոնկրետ տվյալներ։ Իսկ դա կարելի է իմանալ միայն նոր ընտրությունների միջոցով։ Թող Փաշինյանը արտահայտի իր դիրքորոշումը։

Ընդդիմությունը պետք է հստակ հայտարարի Փաշինյանին. անկլավների ոչ մի հանձնում՝ առանց ժողովրդի համաձայնության։ Դա կարելի է ստուգել միայն ընտրությունների միջոցով։ Այլապես երկրի տարածքները հանձնելու քո որոշումը կլինի ոչ լեգիտիմ, քրեորեն պատժելի, և մենք կպայքարենք դրա դեմ բոլոր միջոցներով։ Այսպիսի աշխատանք պիտի տանի այսօր ընդդիմությունը առցանց ռեժիմով, բայց մենք այլ բան ենք տեսնում։ Մենք տեսնում ենք միանգամայն այլ բան. քնած վիճակ։

Ի դեպ, միայն ընտրությունների միջոցով է պետք պարզել մարդկանց վերաբերմունքը ոչ միայն անկլավների հանձնման խնդրին։ Նույնպիսի մոտեցում է պետք նաև Նիկոլի արտաքին քաղաքական թախլաչիությանը։ Նա, ինչ է, իր նախընտրական ծրագրում խոստացել էր խզե՞լ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Ոչ։ Ուրեմն բարի եղիր հարցնել համաքաղաքացիներիդ. նրանք համաձա՞յն են, որ Հայաստանն անցնի բրիտանական հատուկ ծառայությունների արտաքին կառավարման տակ։

Նիկոլը պարտավոր է գնալ ընտրությունների և հստակ ասել ընտրողին. հաղթելու դեպքում կհանձնի անկլավները, դուրս կգա ՀԱՊԿ-ից, կխզի կապերը Ռուսաստանի հետ։ Միայն այդպես է պարտավոր վարվել «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդը։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանը հասկանում է՝ ամեն ինչ դրան է տանում։ Իսկ ընդդիմությունը մտորում է կյանքի իմաստի մասին