ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆ Է. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է 100 ՏԱՐԻ ԱՆՑ…
«Հայաստանի ոչնչացման ծրագիրն արդեն հաստատված է»,- ԱՄՆ-ից հայտարարել է իշխանության հակասահմանադրական զավթման սկզբնական փուլում Փաշինյանի մերձավոր զինակից Արմեն Չիբուխչյանը։ Նրա խոսքերով, եթե Փաշինյանը համաձայնի առանց միջնորդի բանակցելու Ալիևի առաջարկին, ապա այդ բանակցությունները կդառնան հանցավոր ծրագրի մաս, որի հեղինակներն են Ալիևն ու Էրդողանը: Եթե ծրագիրը, որի մասին խոսում է Չիբուխչյանը, արդեն մեկնարկել է, ապա Փաշինյանը դրա անքակտելի մասն է։ Մինչդեռ անցնող քաղաքական տարվա վերջին իրադարձություններն արդեն շտկումներ են մտցնում համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում։
Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է անդրօվկիանոսյան այն խուճապի անտեսումով, որ պատերազմի բեկումն արդեն տեղի է ունեցել, և ժամանակն է մտածել, թե ինչպես վերջակետ դնել ռազմական գործողություններին։ Արևմուտքում հասկանում են, որ այսօր ռազմական գործողություններն ընթանում են ի նպաստ ՌԴ-ի շահերի։ Հատուկ գործողությունը շարունակում է աղալ արևմտյան ռազմական տեխնիկան և Ուկրաինայի մարդկային ռեսուրսները, իսկ Փաշինյանը դեռևս պաշտպանություն է ակնկալում ԱՄՆ-ից, որտեղ շատ շուտով կարող է դեկորացիայի փոփոխություն տեղի ունենալ ոչ հօգուտ Հայաստանի։ Թե՞ ոմանք մոռացել են, որ 2020-ին Թրամփը մատ մատին չտվեց, որ կանգնեցնի 44-օրյա պատերազմն Արցախում։
Պատերազմից հետո ԱՄՆ-ը Ալիևին ագրեսոր չճանաչեց, ընդհակառակը՝ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանը հռչակվեց Ամերիկայի հուսալի գործընկեր։ Թրամփը Էրդողանի և Ալիևի բիզնես գործընկերոջ համբավ ունի։ Վաշինգտոնի հասցեին թուրքական տանդեմի կտրուկ հարձակումները (հատկապես Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու որոշումից հետո) թելադրված են դեկորացիաների փոփոխության վրա արվող խաղադրույքով. ցեղասպան երկրների նախագահները վստահ են, որ քննադատում են հեռացող քաղաքական կերպարին։ Այսօր շատ են կանխատեսումները, որ 2024 թվականի նոյեմբերյան ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ում իշխանության կվերադառնան հանրապետականները։ Իսկ ռազմական օգնության դադարեցումն ամենևին վնաս չհասցրեց Ալիևի բանակին, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն Արցախում թողեց 4,5 միլիարդի սպառազինություն։
Այն հարցի պատասխանի որոնումը, թե ունի արդյոք ԱՄՆ-ը Ալիևի վրա ազդելու լծակներ՝ ՀՀ-ի դեմ նրա ագրեսիային խոչընդոտելու համար, բախվում է հակընդդեմ հարցի, թե ցանկանում է արդյոք ԱՄՆ-ը գործի դնել այդ լծակները։ Ռազմական օգնություն տրամադրելու մերժումը հաշվից դուրս է, խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Բլինքենի վերջին զանգն Ալիևին ու Փաշինյանին նույնպես հետևանքներ չունեցավ, իսկ տնտեսական միջոցներ ագրեսոր երկրի նկատմամբ, որին միջազգային ազդեցիկ ատյանների ամբիոններից դատապարտեցին սեպտեմբերի 19-20-ին արցախահայության ցեղասպանության և բռնի տեղահանման համար, Վաշինգտոնը չի ձեռնարկում։ ԱՄՆ-ը զսպող գործոն չէ Բաքվի համար, ուստի Ալիևը ցույց է տալիս, որ իր ձեռքերն ազատ են։
Արևմտյան հարթակից ստանալով այն ամենը, ինչ իրեն պետք է, նա նետվեց դեպի ռուսական հարթակ, իսկ հիմա Փաշինյանին առաջարկում է բանակցել առանց միջնորդների։ Հոկտեմբերին Ալիևը դժգոհում էր Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումից, հետո խոսում Վաշինգտոնի միակողմանի մոտեցման մասին, հիմա ասում է, որ Երևանը պետք է խաղաղություն փնտրի Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում ու Փարիզում:
ԱԼԻԵՎԻ ԴԵՍՈՒԴԵՆ ԸՆԿՆԵԼԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՉԻ ՁԳՏՈՒՄ։ Այդ մասին պաշտոնական Երևանին բաց տեքստով ազդանշանում են Թեհրանից՝ հասկացնելով, որ «դեմ առ դեմ» ձևաչափը անցանկալի է Իրանի համար, որը շարունակում է ջանքեր գործադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները չեզոքացնելու ուղղությամբ։ Եթե Ալիևն իսկապես ձգտեր խաղաղության, ապա չէր նետվի մի հարթակից մյուսը։ Շուրջ 4 ամիս բանակցություններ չկան, և դեռ հարց է, թե ինչով կավարտվի նոյեմբերի 30-ին միջպետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։
Վերջին հանդիպումը, հիշեցնեմ, տեղի ունեցավ հուլիսի 12-ին՝ Տավուշի մարզի և ադրբեջանական Ղազախի միջև ընկած հատվածում։ Մեկ օր անց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնեց, որ չորրորդ հանդիպման արդյունքում համաձայնություն ձեռք չի բերվել այն հարցի շուրջ, թե որ քարտեզները պետք է հիմք ծառայեն սահմանազատման համար: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հիմք ընդունել 1975 թվականի քարտեզները: Վերջին անգամ նա այդ մասին հայտարարեց հունիսի 22-ի ասուլիսում՝ ընդգծելով, որ «1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ալմաթիի հռչակագրի վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»։
Տարածաշրջանային գործընթացներում բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք են բերվում քաղաքական կուլիսներում, մասնավորապես՝ առայժմ միայն ենթադրություններ կան, թե հատկապես ինչ է փոխվել վերջին շաբաթների ընթացքում, և ինչու է Ալիևը հանկարծ համաձայնել սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը, իսկ քաղաքական շրջանակներում սկսել են խոսել դեկտեմբերի վերջին Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի մասին։
Մինչ այդ պաշտոնական Բաքուն Երևանին մեղադրում էր ոչ կառուցողական դիրքորոշման մեջ՝ հող նախապատրաստելով նոր ագրեսիայի համար։ Միայն նոյեմբերին 5 անգամ Թել Ավիվից Բաքվի օդանավակայան են եկել զենք-զինամթերքով ինքնաթիռներ՝ մատակարարման մասին ավելի վաղ կնքված պայմանագրերի շրջանակներում, որոնք Իսրայելը շարունակում է իրականացնել՝ չնայած Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Բաքվից այդ սպառազինությունն ուղղվում է Նախիջևան։
Ըստ որոշ կանխատեսումների՝ Ադրբեջանը ժամանակ է ձգելու, մինչև պարզվի ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Հայաստանը կարող է օգտագործել այդ դադարը սպառազինություն ներկրելու համար։ Փաշինյանի թիմի արևմտամետները համարում են, որ այդ ժամանակը պետք է օգտագործել նաև արևմտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացն արագացնելու համար, քանի որ միայն այդպիսի ինտեգրումը կարող է փրկել մեր երկիրը հերթական ագրեսիայից։ Այն, որ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, կասկածից վեր է, և այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել գլխավոր բանակցողին և չի դադարել փլուզել բանակն ու պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովող մյուս կառույցները:
Ներկա իրավիճակը մեծ վտանգ է պարունակում, սակայն տպավորություն է ստեղծվում, որ ռեժիմի վերնախավը հանցավոր անփութություն է դրսևորում ՀՀ-ի գլխավերևում կախված նոր ագրեսիայի սպառնալիքի պայմաններում։ Սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հայկական կողմին առաջարկներ են ուղարկվել ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակներում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ առաջարկներին ռուսական կողմը, ըստ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, այդպես էլ պատասխան չի ստացել։ Հիշեցնեմ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե տեղյակ չէ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մասին։
Զախարովան ընդգծել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն կարող բարեխիղճ միջնորդներ լինել, քանի որ նրանց ջանքերն ուղղված են Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելուն: Այդ իսկ պատճառով այդ միջնորդությունից օգուտ չկա, իսկ Երևանը, նրա կարծիքով, անհեռատեսորեն հաշվարկ է կառուցում Արևմուտքի օգնության վրա։
Սորոսական շրջապատը ներշնչում է Փաշինյանին, թե Վաշինգտոնը դիտարկում է իրեն որպես վստահելի գործընկերոջ, որն օժտված է լեգիտիմության բարձր աստիճանով և մտադիր չէ խուսափել արևմտյան ժողովրդավարության նորմերից։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԿ ԽՈՍՔԵՐ ԵՆ։ Փաստերը շատ ավելի խոսուն են. բավական է հիշել Արևմուտքի դիրքորոշումը 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և այդ հիշողություններին հավելել համարժեք արձագանքի բացակայությունը 2021թ. մայիսի 12-ից ի վեր ինքնիշխան Հայաստանի տարածքի սողացող բռնազավթմանը:
Դժվար թե կարելի է համարժեք համարել նաև հավաքական Արևմուտքի արձագանքը 2022թ. սեպտեմբերին ՀՀ սահմանների դեմ ագրեսիային, թեև շատերն այսօր էլ շարունակում են պնդել, թե ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցրել է պետքարտուղար Բլինքենը։
Հավաքական Արևմուտքը 9 ամիս շարունակ քննադատում էր Արցախի շրջափակումը, ինչը ոչ մի կերպ չազդեց ցեղասպանություն իրականացնելու և հայերին բռնի տեղահանելու Ալիևի ծրագրերի վրա։ Այս խորապատկերին հուսալ, թե Արևմուտքը մեզ կօգնի, կարող է միայն խելագարը կամ նա, ով, Փաշինյանի խոստովանությամբ, գժի տեղ է դրել իրեն։ Խոսելով անվտանգության համակարգի տարբերականացման մասին՝ ռեժիմի պարագլուխը փչացնում է հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ՝ բոլոր ձվերը դնելով մեկ զամբյուղի մեջ…
Ի եզրափակում՝ նշանային մեջբերում. «Պատմությունը կրկնվում է։ 100 տարի առաջ Հայաստանը Միացյալ Նահանգների մանդատի տակ էր, ԱՄՆ-ի և Արևմուտքի դաշնակից։ Սեպտեմբերին թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, իսկ ԱՄՆ-ը խոստացավ, որ կօգնի վաղը, հետո՝ մյուս օրը. ասում էին՝ մի քիչ համբերեք, լավ կլինի։ Արդյունքում թուրքերը նոյեմբերի 7-ին գրավեցին Գյումրին (Ալեքսանդրապոլը), մտան Երևան։ Նոյեմբերի 15-ին, մնալով առանց աջակցության, իշխանություններն ընդունեցին թուրքերի վերջնագիրը։ 1920թ. նոյեմբերի 22-ին, երբ թուրքերը հասան Չարբախ, նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց իրավարար վճիռը, որը կարելի է հավասարեցնել Զատկից հետո ներկած ձվի: (հաջորդը 1920թ. դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր-Մ.Մ.):
Այսօր նույն իրավիճակն է։ Արցախն հայաթափված է, Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, Հայաստանի 200 քառ.կմ տարածք բռնազավթված է, իսկ ԱՄՆ-ը դեռ նոր «հասկացել» է, որ պետք չէ զենք մատակարարել Ադրբեջանին։ Սա ցինիզմ է։ Փաշինյանը վերածվել է Արևմուտքի բութ գործիքի՝ Ռուսաստանի դեմ պայքարում։ Նա դարձել է ռուսատյացության խորհրդանիշը։ Արդեն մեկ դար շարունակ Ռուսաստանին ձգտում են դուրս մղել տարածաշրջանից։ Վրաստանում գտան Սահակաշվիլիին, Ուկրաինայում՝ Զելենսկուն, Հայաստանում՝ «Նիկոլային», որին ասել են, որ պետք է հեռացնել ՌԴ ռազմաբազան։ Նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնումն է, այլ Հայաստանը հակաՌուսաստանի վերածելը»,- հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։