ԹԵ ՉԷ ԿՍԿՍԵՆ ԿՐԱԿԵԼ

Մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանումը կդժվարանա։ ՀՀ Ազգային Ժողովը դեկտեմբերի 8-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում շտկումների նախագիծը, հաղորդում է Արմինֆո-ն։

Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կիսապատրաստվածքներ արտահանողները ստիպված կլինեն պետտուրք վճարել։ Տվյալ քայլն ուղղված է նրան, որ երկրում կազմավորվեն վերջնական արտադրանքի առավելագույն երկար արժեշղթաներ։ Ներկայումս Հայաստանում գործում են 6 ընկերություններ, այդ թվում 3 մետաղագործական ձեռնարկություններ, որոնցից երկուսը՝ Չարենցավանում և մեկը՝ Քարակերտում, գործարան է կառուցվում նաև Երասխում, շահագրգռվածություն կա նաև այլ ներդնողների կողմից։ Հաշվարկները ցույց են տալիս, որ արդեն մոտակա տարիներին կարող է մետաղի ջարդոնի պակասուրդ առաջանալ, քանի որ ընկերությունների հզորությունները գերազանցում են մետաղի ջադոնի ծավալը։ Որպեսզի այդ ձեռնարկություններն ապահովվեն անհրաժեշտ հումքով, կարևոր է համապատասխան ծավալներ ունենալ։ Վերջնական արդյունքում մետաղամշակման ձեռնարկությունները կսկսեն հավաքել աղբանոցներում տասնյակ հազարներով թափված ավտոմեքենաները։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԿԱՐԾԵՍ ԹԵ ԵՐԿԻՐՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է ՇՌՆԴԱԼԻՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ, որի ուրվագծերը մի քանի տարի առաջ նշեց Նիկոլ Փաշինյանը։ 2019 թվականի սկզբին Փաշինյանը հանրությանը հայտնեց ոգեշնչող նորություն. «Ես իմ մեջ բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուդկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, և երրորդը ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»։ Եթե առաջին երկուսի՝ աղբի և «բուդկաների» պարագայում իրավիճակը այնքան էլ չի տարբերվում հինգ տարի առաջ եղածից, ապա ավտոմեքենաների կարկասների հարցում, ինչպես պարզվում է, տեսականից անցնելու ենք գործնականի։ Դատելով ներկայացված օրինագծից, տեսանելի ապագայում պետք է տեղի ունենա ազատումը հենց այն ավտոմետաղաջարդոնից, որը հաջողության փաշինյանական բանաձևի հիմքերից մեկն է։ Երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը, ըստ Փաշինյանի վարկածի, կվերացվի արդյունաբերական ծավալներով ավտոհնոտու վերահալման միջոցով։

Բոլոր այդ ծրագրերը, իհարկե, ցնցող են թվում։ Բայց կա մի նրբերանգ, որը մթագնում է այդչափ պայծառ ապագայի պատկերը։ Բանն այն է, որ որոշակի ժամանակից ի վեր Հայաստանում նախագծերի իրականացման հարցում, մասնավորապես՝ մետալուրգիայի ոլորտում, վճռական գործոնը ո՛չ հայկական կառավարության նախաձեռնություններն են, ո՛չ ներդրողների մտադրությունները, ո՛չ էլ սեփականատիրոջ առևտրային շահերը։ Նման իրավիճակներում վճռորոշ է դառնում…Բաքվի խոսքը։ Համենայն դեպս բոլոր հիմքերը կան՝ համարելու, որ եթե Ադրբեջանում չցանկանան, որ սկսեն գործել նման ձեռնարկություններ, ապա դժվար թե դրանք գործեն։

Այստեղ արժե մտաբերել տխուր պատմությունը՝ կապված այն ձեռնարկության հետ, որի մասին հիշատակում է նախարարը։ Խոսքը Երասխում մետալուրգիական գործարան կառուցելու նախագծի մասին է, որի շինարարությունը դեռևս մեկնարկին հարկ եղավ դադարեցնել, քանզի ադրբեջանցիներին այդ գաղափարը դուր չէր եկել։ Հիշեցնենք, սկզբում ադրբեջանական ԶՈՒ-ն կանոնավորապես հրետակոծում էր նոր ձեռնարկության շինարարական հրապարակը, ինչի արդյունքում նույնիսկ բանվորներ վիրավորվեցին։ Պարզվեց, որ Հայաստանի տարածքում նման արտադրության ստեղծումը ադրբեջանական կողմը դիտարկում է որպես իրեն սպառնացող էկոլոգիական վտանգ։ Փաստորեն, օգտագործելով ռազմական ճնշման մեխանիզմը՝ ադրբեջանցիները որոշեցին խոչընդոտել այդ նախագծի իրագործմանը։ Իսկ հայկական կողմը փորձեց արդարանալ, հայտարարելով, թե հարևանների էկոլոգիական մտավախությունները տվյալ դեպքում զուր են, և փաստարկներ բերել, որոնք վկայում էին, որ ամեն ինչ համապատասխանում է միջազգային էկոլոգիական նորմերին։ Բայց… Որոշ ժամանակ անց որոշում կայացվեց տեղափոխել շինհրապարակն այլ վայր։ Այդ կերպ, փաստորեն, ռազմական ուժի կիրառմամբ, Ադրբեջանն անմիջական ազդեցություն գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրագործման վրա։

Եվ ահա հիմա հարց է ծագում՝ ուղղված Հայաստանի կառավարությանը, որը երկրի մետալուրգիական բնագավառի զարգացման երփներանգ հեռանկարներ է տեսնում. ինչպե՞ս են այդ ծրագրերին նայում Բաքվում։ Այնտեղ չկա՞ն առարկություններ՝ իբր էկոլոգիական բնույթի։ Թե չէ եթե ադրբեջանցիներին ինչ-որ բան դուր չգա, նրանք կսկսեն կրակել…