Ի ԾՆԵ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐ

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է, բայց նույն շնչին բաժին ընկնող պարտքն էլ հետ չի մնացել

Կառավարական պաշտոնյաները հրճվանքով են խոսում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հիասքանչ աճի մասին և շատ ավելի պակաս հաճույքով են հիշատակում Հայաստանի պետական պարտքի աճի ոչ պակաս «հիասքանչ» երկնիշ տեմպերի և համապատասխանաբար, նույն շնչին բաժին ընկնող պարտքի բեռի ավելացման մասին։ Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը կառուցում է առավելապես պարտքերի վրա հիմնված տնտեսություն։ Եվ հարց է ծագում. մի՞թե դրա համար մեծ խելք է պետք…

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է այս տարեվերջին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնել 8200 դոլարի, թեև այդ ցուցանիշով Հայաստանը համաշխարհային վարկանիշում շարունակում է մնալ ոչ այնքան պատվաբեր 88-րդ տեղում: Իսկ ահա այն մասին, որ մեր երկիրը տարին եզրափակելու է գրեթե 11 մլրդ դոլար կառավարական պարտքով (Կենտրոնական բանկի պարտքից զատ), ինչը նույն բնակչության մեկ շնչի հաշվով նշանակում է մոտ 3666 դոլար (կրկին այդ աստվածաշնչյան գազանի թիվը՝ երեք վեցերը), նախարարը նախընտրում է լռել։ Փաստորեն Փաշինյանի կառավարությունը տնտեսության աճ է ապահովում նրա հաշվին, որ ամեն տարի ավելացնում է պետպարտքը միջինը մոտ մեկ միլիարդ դոլարով, այսինքն՝ պահում է երկիրը պարտքի հաշվին։

Պետական պարտքի կառավարելիության վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների այն արդարացումները, թե դա չի հատել ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը, լուրջ համարել անհնար է, քանի որ ռիսկայնության նշյալ միջին ցուցանիշը չի կարող հավասար լինել այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ճապոնիան, Իտալիան ու Հունաստանը, Հայաստանն ու Ալբանիան։ Եթե այնպիսի զարգացած երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ճապոնիան, ընդունելի են ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության համապատասխանաբար 123% և 256% ցուցանիշները, (տվյալները՝ 2023 թվականի մայիսի դրությամբ), իսկ ազգային հսկայական հարստություններ կուտակած Իտալիայի և Հունաստանի համար կրիտիկական չեն համապատասխանաբար 173%-ը և 192%-ը, ապա Հայաստանի և նրա նման երկրների համար 50%-ն էլ արդեն մեծ ռիսկ է։ Ինչպես ասում են, «ինչ թույլատրվում է Զևսին, չի թույլատրվում եզին»:

Ընդ որում, բացի այն, որ Փաշինյանի կառավարությունը կուտակված պարտքերը մարելու բեռը թեթևամտորեն թողնում է գալիք սերունդներին, ինքն էլ այսօր ստիպված է պետբյուջեի ահռելի միջոցներ ուղղել ստանձնած պարտավորությունների մարմանը։ Այսպես, հաջորդ տարի կտրուկ կավելանան պետական պարտքի սպասարկման ծախսերը։ Դե, պատկերացրեք. միայն տոկոսավճարները կպահանջեն 322,2 մլրդ դրամ կամ պետբյուջեի բոլոր ծախսերի 10,7%-ը։ Դա ավելին է, քան, օրինակ, առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներին հատկացվող միջոցները։ Իսկ ընդհանուր առմամբ 2024 թվականին Հայաստանի պետպարտքի սպասարկման և մարման համար կպահանջվի ամբողջ 805,2 մլրդ դրամ։ Ընդ որում, տոկոսավճարներն արդեն առանձնապես չեն զիջելու պարտքի «մայր գումարի» մարմանը. համապատասխանաբար՝ վերոնշյալ 322,2 մլրդ և 483 մլրդ դրամ։

Մյուս հեքիաթը, որով մեզ կերակրում են բարձրաստիճան պաշտոնյաները, հայկական դրամով արտահայտված պետպարտքի տեսակարար կշռի մշտական աճն է, ինչը ներկայացվում է որպես մեծ բարիք։ Այսպես, հաջորդ տարի պետական պարտքի մասնաբաժինը ազգային արժույթով (այսպես կոչված՝ ներքին պարտքը) կհասնի մոտ 44%-ի։ Այո, դա մեղմացնում է պարտքի զգայունությունը փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ, բայց դրա հետ մեկտեղ ներքին պարտքը գանձարանի վրա ավելի թանկ է նստում, քան արտաքինը։ Ինչպես վերջերս խոստովանեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, այս տարվա 9 ամիսների ընթացքում միջին տոկոսադրույքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 0,7 տոկոսով:

Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանի պետական պարտքը տարեկան անշեղորեն գրանցում է աճի երկնիշ տեմպեր: «Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 65 տոկոսով կամ շուրջ 4 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլարով,- գրում է նա: - Այլ կերպ ասած՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունն ավելացրել է պետական պարտքը շուրջ 1500 ԱՄՆ դոլարով»:

Տնտեսագետ պատգամավորը պարզ հաշվարկների միջոցով հանգում է անխուսափելի եզրակացության, որ Փաշինյանի կառավարությունն իր իշխանավարման տարիներին ավելացրել է պետական պարտքը տարեկան միջինը 13%-ով, իսկ այ տնտեսության միջին տարեկան աճը նույն ժամանակահատվածում կազմել է գրեթե 5%, 2,6 անգամ զիջելով երկրի և նրա յուրաքանչյուր, նույնիսկ նոր ծնված քաղաքացու պարտքի բեռի աճին։