ԱՎԵՐՄՈՒՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ՍԵՎԵՌՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ՆԳՆ ոստիկանության Գորիսի և Կապանի բաժինների պետեր Մուշեղ Գևորգյանի և Վաղարշակ Գինոսյանի սկանդալային ձերբակալությունները բավական թափանցիկ ենթատեքստ ունեն։ Թեև քննությունն ընթացքում է, Սյունիքում և նրա սահմաններից դուրս հայտնի է, որ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներին կասկածում են ապօրինի անտառահատումներով զբաղվողներին «տանիքավորելու» մեջ, ընդ որում Գորիսում պետը նշանակվել է վերջերս (նոյեմբերի 28-ին):

Լուրեր են շրջում, որ նախարար Վահե Ղազարյանի նշանակած անձանց ձերբակալությունը կապված է այն բանի հետ, որ նրա տակը եռանդագին փորում է իր սորոսական տեղակալ Արփինե Սարգսյանը: Օրերս ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ղազարյանը տեղակալից գանգատվել է իր ընկեր Փաշինյանին, թե՝ նա հետևում է իր յուրաքանչյուր քայլին, իսկ քաղաքական կուլիսներում ասում են, որ Սարգսյանին հաջողվել է իր կողմը քաշել Սասուն Խաչատրյանին։ Ինչևէ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները վկայում են բոլոր մակարդակներում կառավարման ճգնաժամի արդյունքում միջգերատեսչական պայքարի սրման մասին:

Սյունիքում բռնկված սկանդալը շատերին հիշեցրեց 2019թ. ամռանը Իջևանի բնակիչների գիշերային ձերբակալությունները, որոնք կասկածվում էին ապօրինի անտառահատումների մեջ: Ժողովուրդը ոստիկանության գործողություններն անվանեց «Իջևանի ջարդ»։ Պատժիչ գործողության ընթացքում տղամարդկանց ներքնազգեստով խցկում էին մեքենաները, իսկ բռնության ակամա ականատեսը դարձած երեխաները օրեր շարունակ չէին կարողանում խոսել: Այն ժամանակ ՀՀ քաղաքացիները դեռ սովոր չէին նման վերաբերմունքի։ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո Արթուր Վանեցյանը պատմեց, որ այդ օրերին Փաշինյանն իրենից «արյան գետեր» է պահանջել Իջևանում: Ռեժիմի պարագլուխն ուզում էր ցույց տալ ժողովրդին, որ եթե անողոք հաշվեհարդար է տեսնում իր հայրենի քաղաքի բնակիչների հետ, ապա մյուսներին էլ չի խնայի։

Այն ժամանակ շատ էին գրում ու խոսում այն մասին, որ պատժիչ միջոցներն ապօրինի անտառահատումների դեմ պայքարի բնավ լավագույն միջոցը չեն, և որ պայքարը պետք է սկսել ոչ թե շարքային անտառահատներից, այլ նրանցից, ում համար փայտի առևտուրը եկամտաբեր բիզնես է՝ բարձր «տանիքի» տակ։ Տարիներ անց հակակոռուպցիոն կոմիտեն վերջապես հասել է «տանիքին», ինչն ամենևին էլ երաշխիք չէ, թե կդադարեցվի հայոց անտառների բարբարոսական ոչնչացումը: Դա շարունակվելու է՝ ճիշտ այնպես, ինչպես որսագողությունը Սևանում. չէ՞ որ Փաշինյանը չի կատարել Գավառում 700 աշխատատեղով ձեռնարկություն բացելու խոստումը։ Լիճն է կերակրում մարդկանց, որսը շարունակվում է նույնիսկ արգելանքի պայմաններում։ Դեկտեմբերի 20-ին սկանդալային միջադեպ է տեղի ունեցել որսագողերի և ջրային պարեկի միջև։ Արդյունքում տեղի 26 բնակիչ ձերբակալվել է բռնության կիրառումով, 53 ձկնորսական ցանց առգրավվել է, իսկ Նորատուսի բնակչությունը սպառնացել է փակել Երևան-Սևան մայրուղին, ինչից հետո մարդիկ տեսախցիկների առաջ հայտարարել են, որ Փաշինյանը սովի է դատապարտել իրենց: Ձկնորսությունը տեղացիների միակ ապրուստն է, այլ աշխատանք չունենալու պատճառով նրանք ստիպված են սնվել լճի հաշվին…

Նախատոնական եռուզեռի խորապատկերին մայրաքաղաքի պաշտոնյաները խստացրել են պատժամիջոցները փողոցային առևտրի համար։ Սկզբում բանն ավարտվում էր տուգանքներով, այժմ ստուգարշավների մասնակիցները մայթերից առգրավում են ապրանքները։ Չնայած ստուգումներին, փողոցային առևտուրը ծաղկում է մայրաքաղաքի բոլոր վարչական միավորներում՝ սանիտարական նորմերի խախտումով, իսկ մորթած անասուններին, շրջանցելով սպանդանոցում անասունների պարտադիր մորթի մասին օրենքի հոդվածով ուժի մեջ մտած պատժամիջոցները, մասնատում են հենց փողոցներում:

Այդպիսի միս գնել ցանկացողները շատ-շատ են, քանի որ ավելի էժան է, քան այն, ինչ վաճառվում է պասաժներում և սուպերմարկետներում: Առայժմ փողոցային մսի բռնագրավման ստուգարշավներ ոչ ոք չի տեսել, ինչը, սակայն, չի չեղարկում այն եզրահանգումը, որ մսի շուկան կարգի բերելու ռեժիմի փորձն արժանացավ նույն ճակատագրին, ինչ որ որսագողերի դեմ պայքարը։ Հոդվածն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 6-ից, իսկ գյուղական համայնքներին քաղաքակիրթ սպանդանոցներով ապահովելու մասին իշխանությունը չի հոգացել, թեև կառավարության շենքի մոտ ֆերմերների առաջին ակցիաներից մինչև օրենքի հոդվածի ուժի մեջ մտնելը տարիներ են անցել:

Պաշտոնական տվյալներով՝ բրուցելոզով վարակվածների թիվն անցած տարվա ընթացքում աճել է 40%-ով։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիների մեծ մասը զրկված է վճարովի բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, կարելի է ենթադրել, որ հիվանդ կենդանիների մսի օգտագործման հետևանքների իրական ցուցանիշը շատ ավելի բարձր է: Ռեժիմի պարագլուխը չկարողացավ վերջ տալ վերոնշյալ բացասական երևույթներից ոչ մեկին, իսկ վերջերս ինքն էլ արձանագրեց կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը ՝ հայտարարելով, որ «կաշառք վերցնում են ամենուր»։

«Սերժ Սարգսյանի ժամանակներից Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը տեղից չի շարժվել»,- օրերս նման հայտարարություն հնչեցրեց ոչ թե ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչը, այլ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Զավենիչը։ Նրան է պատկանում նաև այն հայտարարությունը, որ Հայաստանը չի կարողանում Եվրամիությունից 2,6 մլրդ եվրոն ստանալ այն պատճառով, որ բացակայում են համապատասխան ծրագրերը, որոնց համար ԵՄ-ն հատկացումներ կաներ։ Փոքր ջրամբարների կառուցման և մի շարք այլ ծրագրերի ձախողման մասին հայտնի դարձավ բյուջեի քննարկման ժամանակ, իսկ ճանապարհների ասֆալտապատման մասին թեզը, որով իշխող վերնախավն ավանդաբար համահարթում էր իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, ընդհանրապես դարձավ հրապարակային սկանդալի թեմա։

Պաշտոնյաներից մեկը, ԱԺ հանձնաժողովի նիստում պատասխանելով ճանապարհների բարեկարգման վերաբերյալ հարցին, ասաց. «Քանի դեռ այստեղ մենակ ենք, ասեմ, որ ասֆալտը կհալվի-կգնա ձյան հետ»: Այդ պահին ՔՊ խմբակցության պատգամավորները պաշտոնյային մատնացույց արեցին միացված հեռուստախցիկները, որից հետո նա փակեց բերանը, իսկ լրատվամիջոցներում սկանդալ ճայթեց...

Բերված փաստերն ամենևին էլ կոչված չեն համոզելու ընթերցողներին, որ Փաշինյանն իր առջև կանխահայտ անիրագործելի նպատակներ է դրել։ Ամենևի՛ն։ Հինգուկես տարվա ընթացքում կարելի էր վերջ տալ և՛ որսագողությանը, և՛ հասարակական վայրերում ծխելուն, և՛ փողոցային առևտրին, և՛ նույնիսկ զգալիորեն կրճատել կոռուպցիայի ծավալները, եթե իշխանությունն իսկապես ձգտեր այդ նպատակների իրականացմանը։ Ավաղ, Փաշինյանը սահմանափակվեց պոպուլիստական խոստումներով՝ թոզ փչելով մարդկանց աչքին, իսկ գործնականում հինգուկես տարի զբաղվեց միայն իր իշխանության գալու գլխավոր պայմանի կատարմամբ, այն է՝ փակուղի մտցրեց կարգավորման շուրջ բանակցությունները՝ արձակելով թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը 44-օրյա (պայմանավորված) պատերազմի համար, ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ հրահրելով հայերի ցեղասպանություն և բռնի տեղահանում։

Այսօր ռեժիմը պատրաստվում է կապիտուլյացիա-2-ին, ուստի գունավոր հեղափոխության առաջնորդը կրկին հին սկավառակն է պտտում կոռուպցիայի և փողոցային առևտրի դեմ պայքարի մասին։ Իրականում Փաշինյանը շարժվում է կառավարման համակարգի վարկաբեկման ուղեգծով՝ բոլոր մակարդակներում. ՆԳ նախարարությունից մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։

Հունվարի 1-ից, նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի համաձայն, կդադարեցվի Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեությունը, անցնող տարվա արդյունքը Հայաստանում համատարած ավերմունքն ու աղքատությունն է, որը, ինչպես ժամանակին ճղավեց Նիկոլը, մարդկանց գլխում է։ Բուլգակովի հերոսը պնդում էր, որ ավերմունքը սկսվում է գլխից, և միայն դրանից հետո է բանը հասնում արտաքնոցներին։ Ժամանակակից վերլուծաբաններն ավերմունքը համարում են ռեժիմի պարագլխին և նրա մերձավոր շրջապատին տիրած սևեռուն գաղափարի հետևանք։ Գաղափարը հանգում է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրմանը, որից հետո, Փաշինյանի կարծիքով, իրեն կներեն Արցախի կորուստը, քանի որ հայկական երկրորդ հանրապետությունից հրաժարվելու գինը կլինի տևական խաղաղությունը տարածաշրջանում, թեև ինքը՝ Փաշինյանը բազմիցս կասկածի տակ է առել այդ թեզը։

Քաղաքական տարին կավարտվի առանց տեսանելի շարժերի սևեռուն գաղափարի իրականացման ուղղությամբ, փոխարենը շատ կարևոր է հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ավերմունքի արձանագրումը. կառավարման ճգնաժամից մինչև արդարադատության համակարգի տոտալ վարկաբեկում, դպրոցական դասագրքերից մինչև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներ, որոնց պատերին փակցրած են Արագածի պատկերները։ Հինգուկես տարվա ընթացքում Փաշինյանը չի կատարել ժողովրդին տված խոստումներից ոչ մեկը, փոխարենը կատարել է և շարունակում է կատարել իր իշխանության գալու բոլոր պայմանները։ Առաջին պայմանը վերաբերում էր Արցախին, երկրորդը՝ Հայաստանին…

Երկրի գլխավոր հրապարակի կենտրոնում շողշողում է տոնածառը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների սուպերմարկետների մուտքերը զարդարված են տոնական լուսավորությամբ, իսկ մի քանի մետր հեռավորության վրա՝ լեփ-լեցուն աղբարկղեր, որոնք փորփրում են թափառող շների ոհմակները, որոնց մեջ հանդիպում են նաև գայլախեղդ գամփռներ: Հիշո՞ւմ եք 2021թ. արտահերթ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական կարգախոսը՝ այդ ցեղատեսակի հիշատակմամբ։ Թափառող շների առատությունը ահռելի թվով խնդիրներից լոկ մեկն է, որը լուծել Փաշինյանի ռեժիմն անկարող է. օրերս կատաղությամբ հիվանդ շան կծածից մահացել է 4 երեխաների 32-ամյա մայրը…