ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ «ԳԵՂԱՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սկսված տարվա առաջին օրերին բռնկվեց հերթական սկանդալը՝ կապված Երևանի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների և «արևմտյան ադրբեջան» տխրահռչակ նախագծի «առաջմղման» հետ։ Մասնավորապես, խոսքը Բաքվի նույն CBC հեռուստաալիքի նոր ֆիլմի մասին է, որն արդեն որերորդ անգամ բառացիորեն պայթում է ինքնագոհությունից՝ իր հանրությանը մատուցելով հերթական «նկարահանումները Երևանում»։ Այս անգամ սկանդալը կապված էր հայ ազնիվ և պարկեշտ գիտնականներից մեկի՝«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի անվան հետ:

Քանի որ այս պատմությունն արդեն լայն արձագանք է ստացել սոցցանցերում և մամուլում, ընդ որում, ինչպես ասում են, առաջին ձեռքից, ապա հիշեցնենք դրա էությունը լոկ հակիրճ։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում պատմել է ինքը՝ Միքայել Բադալյանը, նոյեմբերի վերջին իրեն դիմել է լրագրող Սեդա Գրիգորյանը, որի խոսքերով՝ ամերիկյան ընկերությունը, որի հետ ինքը համագործակցում է, ցանկանում է գիտահանրամատչելի ֆիլմ նկարահանել Ուրարտու թագավորության մասին: Այդ նպատակով հարցազրույց է տեսագրվել Բադալյանի և նրա տեղակալի՝ ուրարտագետ Վահե Սարգսյանի հետ։

Մինչդեռ հունվարի 3-ին 5-րդ հեռուստաալիքի լրագրող Ալբերտ Սերոբյանը զանգահարել և հայտնել է Միքայել Բադալյանին, որ հարցազրույցից մի հատված օգտագործվել է ադրբեջանական հեռուստաալիքի հերթական սադրիչ ռեպորտաժում, որտեղ կրկին փորձ է արվել նենգափոխել Երևանի պատմությունը: «Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում ամեն-ինչ արվում է՝ խեղելու Երևանը, ներկայացնելու այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին՝ որպես վանդալ: Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, թե Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են»,- գրել է Բադալյանը։

Գիտնականն ու 5-րդ հեռուստաալիքի լրագրողները հենց ուղիղ եթերում փորձեցին պարզել, թե ինչպես է ադրբեջանցիների տրամադրության տակ հայտնվել բոլորովին այլ նպատակների համար նախատեսված հարցազրույցը, սակայն Սեդա Գրիգորյանը չկարողացավ բացատրություն տալ՝ հայտարարելով, որ, ամենայն հավանականությամբ, իրեն խաբել են: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենն անձամբ վստահ է, որ հայտնվել է ադրբեջանական քարոզչության ծուղակում։ «Չիմացողի մոտ կստեղծվի թյուր տպավորություն, թե ինքս մասնակցել եմ այդ հաղորդման պատրաստմանը»,- հայտարարեց Միքայել Բադալյանը:

Ընդ որում թանգարանի տնօրենը համոզված է, որ ողջ այդ արշավը նպատակաուղղված է և կապված յոթերորդ դասարանի Հայոց պատմության դասագրքի իր ակտիվ քննադատության հետ: Նա վստահ է, որ այդ կերպ ցանկանում են վարկաբեկել իրեն որպես գիտնականի և վերացնել խոչընդոտը պատմության կեղծման ճանապարհին։

Եվ պետք է խոստովանել, որ նման գնահատականները միանգամայն հիմնավորված են։

Նախ նշենք, որ Երևանի պատմության խեղաթյուրման գործում ադրբեջանական հեռուստաալիքի քարոզչական կեղտոտ մանիպուլյացիաների այս դեպքն ամենևին էլ առաջինը չէ։ Դեռ երկու ամիս առաջ «ԳԱ»-ն գրել է (https://www.golosarmenii.am/am/article/195177/yvonyesko-i-khndranqvov--batsi-andryeasyanits%D5%9D-vorish-qani%D5%9E-khanvom-e-ashkhatvom-kgmsn-vom) մեկ սկանդալային այլ պատմության մասին՝ կապված Երևանի Կոնդ թաղամասում «Իրևանի թաքցված ժառանգությունը» անվանումով ինչ-որ ֆիլմի նկարահանումների հետ։ Թե ինչպես էր ադրբեջանցիներին հաջողվել նկարահանումներ կազմակերպել Երևանում, ով էր դրա թույլտվությունը տվել, այդպես էլ մնաց առեղծված։ Մի շարք տելեգրամ-ալիքներ այն ժամանակ հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնդրանքով այդ աշխատանքը համակարգել է ԿԳՄՍՆ-ն՝ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, սակայն նախարարությունը հերքեց այդ լուրերը։

Այդուհանդերձ, չնայած հերքմանը (ի դեպ՝ բավական երկչոտ), բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տվյալ գերատեսչությունը մեծապես ներգրավված է եղել այդ նողկալի արկածախնդրության մեջ, հենց թեկուզ այն պատճառով, որ լկտի նկրտումներին և պատմական իրողությունների բացահայտ խեղաթյուրմանը ԿԳՄՍՆ-ի կողմից չհաջորդեց գործնականում ոչ մի արձագանք։ Չհաջորդեց ո՛չ այն ժամանակ՝ նոյեմբերի սկզբին, ո՛չ էլ հիմա, երբ ադրբեջանական նույն հեռուստաալիքը կրկին հայտարարում է Երևանում կատարած նկարահանումների մասին, և դեռ մի բան էլ օգտագործում խաբեությամբ ձեռք բերած հարցազրույցը։

Ոչ մի բառ մեր մայրաքաղաքի պատմության նենգափոխման մասին, ոչ մի ծպտուն շարունակվող սադրանքների մասին, որոնց էությունը Ադրբեջանի տարածքային լկտի նկրտումներն են ողջ Հայաստանի նկատմամբ, չհնչեց ո՛չ ԿԳՄՍՆ-ից, ո՛չ էլ որևէ այլ պրոֆիլային կառույցից:

Ինչը տալիս է բոլոր հիմքերը՝ պնդելու, որ նախ՝ գերատեսչությանը և դրա տխրահռչակ ղեկավարին ընդհանրապես չեն հուզում այդ կոպիտ կեղծիքները, եթե շատ մեղմ արտահայտվենք։ Եվ երկրորդ, որ ԿԳՄՍՆ-ին իսկապես շատ ձեռնտու է վարկաբեկել Միքայել Բադալյանին՝ արդեն ասելիք դարձած 7-րդ դասարանի պատմության խայտառակ դասագրքի հարցում իր քաղաքացիական և մասնագիտական ակտիվ դիրքորոշման համար:

Այն դասագրքի, որը լիովին ցույց տվեց իշխանությունների վարած քաղաքականության հակահայկական և ապազգային էությունը, որի հլու կամակատարն էլ նախարար Անդրեասյանն է։ Եվ որի քթի առաջ, ի դեպ, օրերս բռի թափահարեցին լոգախցիկի պատից իջեցրած ցնցուղը՝ դարձնելով համընդհանուր ծաղրի առարկա. տիրոջ միանգամայն արժանի վերաբերմունք իր ճորտի նկատմամբ։

Սակայն տվյալ դեպքում կուզենայի ուշադրություն հրավիրել մեկ այլ, ոչ պակաս պերճախոս հանգամանքի վրա։ Ոչ վաղ, քան մեկ ամիս առաջ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը հանդիսավորությամբ հայտարարեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծման մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ինքը։ Սաղյանի խոսքերով՝ հիմնադրամը կոչված է «հակադրել գիտական փաստերը տարածաշրջանի պատմության խեղաթյուրման քաղաքականությանը և հակահայկական քարոզչությանը»:

«ԳԱ»-ն այն ժամանակ գրել է (https://www.golosarmenii.am/article/197234/g-n-sagyan--probel-v-borbe-s-antiarmyanskoj-propagandoj-nachalsya-s-prixodom-k-vlasti-vashego-varchapeta), որ ամենայն հավանականությամբ՝ խոսքը հանրության աչքին թոզ փչելու Փաշինյանի փորձի մասին է, քանի որ Հայաստանում թուրքական օկուպացիոն իշխանությունների պայմաններում ադրբեջանական քարոզչության դեմ որևէ պայքարի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մանավանդ որ մասնագետները լավ են հիշում, թե ինչպես Նիկոլի իշխանության գալուն պես հետևողականորեն և նպատակաուղղված ոչնչացվեցին այդ ուղղությամբ արդյունավետ գործող պետական կառույցները, առաջին հերթին՝ ՀՀ նախագահին/վարչապետին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։

Ադրբեջանական հերթական հեռուստառեպորտաժի և Միքայել Բադալյանի հարցազրույցի ապօրինի օգտագործման հետ կապված պատմությունը. այն մարդու, որի բարի համբավն ակնհայտորեն փորձում են վարկաբեկել, կարծես թե գերազանց հնարավորություն էր նորաստեղծ «Գեղարդ» հիմնադրամի համար՝ առաջին անգամ ծանրակշիռ հայտարարելու իր մասին: Սակայն ո՛չ ԳԱԱ ղեկավարը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը, ո՛չ էլ հիմնադրամի ղեկավարը՝ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, հարկ չհամարեցին գնահատական տալ Երևանի պատմության կոպտագույն աղավաղումներին, թեև թեման առավել քան առնչվում է և՛ հիմնարար գիտությանը, և՛ քարոզչությանը։

Այլ կերպ չի էլ կարող լինել Փաշինյանի օրոք, երբ նույնիսկ ամենահայտնի ու հարգված գիտնականները սկսում են կուրորեն ծառայել դավաճանների ոհմակի կեղտոտ քաղաքական նպատակներին։ Այս պատմությունը, ինչպեսև ավելի վաղ բռնկված սկանդալը պատմության դասագրքի շուրջ, համոզիչ կերպով ապացուցում են, որ «Գեղարդ» հիմնադրամի ստեղծման հետ որևէ հույս կապել դժվար թե արժե, քանի որ դրա գործունեությունը լիովին կախված է վարչապետի աթոռին նստած սուբյեկտի քմայքներից և նրա լավ հայտնի նախասիրություններից։

Ակներև է ամենասովորական և վառ արտահայտված կոլաբորացիոնիզմը գիտական հանրության մի մասի կողմից, որը մահու չափ վախենում է հանդես գալ ի պաշտպանություն բարդ իրավիճակում հայտնված գործընկերոջ։ Ոչ միայն իշխանական մանրախնդիր ավազակախմբի բարեհաճությունից զրկվելու հիմնավորված վախից դրդված։ Այլև այն պատճառով, որ մասնագիտական խղճի, ազնվության, պարկեշտության ու արժանապատվության կողքին տվյալ դեպքում առավելագույնս ընդգծվում է գիտության ոլորտի նիկոլական հաճկատարների բացահայտ կոնֆորմիզմն ու մարդկային ապիկարությունը։