ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ. ՏԱՐԱԾՔԻ ԶԱՎԹՈՒՄ ԵՎ ԱՆՊԱՏԻԺ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաքվում հայերի ցեղասպանության 34-րդ տարելիցն առանձնահատուկ է. իր բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ հայկական Արցախը մնաց առանց հայերի։ Կարելի է ներկայացնել տասնյակ և հարյուրավոր փաստեր, վկայություններ, մեջբերումներ, գնահատականներ, հայտարարություններ և զեկույցներ այն մասին, թե ինչ էր կատարվում Բաքվում 1988թ. հունվարի 13-20-ին, և գործնականում դրանցից յուրաքանչյուրը կաթվածահար կանի ցանկացած նորմալ մարդու երևակայությունը իրադարձությունների բացարձակ աննորմալությամբ։ Կարելի պարզապես փաստել. 1988-1992 թթ. նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանվել է ավելի քան 500 հազար հայ։
Իսկ կարելի է մեջբերել ընդամենը մեկ նախադասություն, որ իր օրագրում գրի է առել ռուս պոետ Դավիդ Սամոյլովը 1990 թվականի հունվարի 18-ին. «Ցնցում է Ադրբեջանի վայրենությունը»։
ԲԱՔՎԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ, ՆՐԱ ՓԱՌԱՀԵՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և պատմա-մշակութային հարստագույն ժառանգության մասին ժամանակին արդարացիորեն լեգենդներ էին շրջում, գրվում հոդվածներ, հետազոտություններ և գրքեր։ Այսօր այդ ամենը գործնականում մոռացված է, իսկ Բաքվում հայկական ահռելի, կածես թե անջնջելի հետքը միտումնավոր ու եռանդագին ջնջվում է, ինչպեսև ընդհանրապես հայկական անօրինակ ժառանգությունը Ադրբեջանի տարածքում։ Հայկական ներկայությունը տարածաշրջանում իսպառ վերացնելու Թուրքիայի ռազմավարական ծրագրերի մասին, որոնց իրագործման համար էլ հենց ստեղծվեց Ադրբեջանը, կրկին չենք խոսի։
Ընդգծենք միայն մեկ ակնհայտ հանգամանք. Հենց վերջին տարիներին, երբ Հայաստանում իշխանության եկան թուրքական դրածոները, այդ ծրագրերի արագացված իրագործումը դարձավ անժխտելի իրողություն։
Առաջին հերթին այս տեսանկյունից է պետք դիտարկել հունվարյան իրադարձությունները Բաքվում։ Գործողությունների կազմակերպվածությունը, համաձայնեցվածությունը և մանրազնին նախապատրաստվածությունը՝ նպատակների ու հետևանքների մտածվածությամբ, վաղուց ապացուցված և հաստատված են հետազոտողների կողմից։ Կասկածից վեր է նաև խորհրդային Կենտրոնի լիակատար տեղեկացվածությունը, որը մի ամբողջ շաբաթ չմիջամտեց միութենական մայրաքաղաքի փողոցներում ընթացող իսկական ցեղասպանությանը. մարդկանց զանգվածային սպանություններին՝ ազգային պատկանելության հատկանիշով։
Սպանություններ, որոնց դաժանությունն անհնար է նկարագրել, ինչպես դրանից առաջ Սումգայիթում։ «Սումգայիթից» մեկ տարի և 10 ամիս անց Բաքվում իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դարձան բնիկ հայ բնակչության վտարման և կոնկրետ տարածքում հայկական հետքի հետևողական ոչնչացման հերթական փուլի բարձրակետը։ Այն փուլի, որը դարձավ Նախիջևանի թուրքացման շարունակությունը և արդեն 21-րդ դարում արցախյան իրադարձությունների նախերգանքը։ Բաքվում որպես հաջորդ փուլ տեսնում են «արևմտյան Ադրբեջանը» և Հայաստանի ողջ տարածքը զավթելու իրենց ծրագրերը հնչեցնում են բացորոշ, բարձրաձայն և ամենաբարձր մակարդակով։
Ինչո՞ւ չանեն, եթե և՛ Նախիջևանը, ինչպեսև դրանից առաջ Արևմտյան Հայաստանը, և՛ 1988-1990թթ. ցեղասպանությունը, և՛ Արցախի բարբարոսական զավթումը՝ կրկին իսկ ցեղասպան մեթոդներով 120 000 հայերի բռնի տեղահանմամբ, շարունակում են մնալ անպատիժ։
… Այն մասին, ինչ տեղի էր ունենում Բաքվում հունվարի 13-20-ին, իրոք կարելի է երկար պատմել. և՛ իրադարձություններից անմիջապես հետո, և՛ առանձնապես 2009-2018թթ. ժամանակահատվածում Տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի ջանքերով հավաքվեցին բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր։ Դրանց մեծամասնությունը տեղադրված է karabakhrecords.info կայքում, ինչպեսև երկու փաստավավերագրական ֆիլմեր Բաքու-90-ի սև հունվարի մասին։
ԲԱՅՑ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԻՃԱԿԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ՇՈՇԱՓԵՆՔ համեմատաբար քչերին հայտնի մի տեսանկյուն. Հեյդար Ալիևի՝ ներկայիս նախագահի հոր դերը հայկական ջարդերի ծրագրման, նախապատրաստման և իրագործման հարցում։ Այդ մասին առաջին անգամ հիշատակել է Կիրիլ Ստոլյարովը 2001 թվականին Մոսկվայում հրատարակված «Փլուզում. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ» վերնագրով գրքում. «Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման գործում առանձնահատուկ դեր ունի Հեյդար Ալիևը, որն այդ ժամանակ արդեն ապրում էր Մոսկվայում՝ որպես պատվավոր սովետական թոշակառու։ Չնայած 66-ամյա տարիքին և պաշտոնից հեռացած լինելուն, նա շարունակում էր մնալ ադրբեջանցիների մտքերի վրա բավական ուժգին ազդեցություն ունեցող կերպար»։
«Ողբերգության վարագույրի հետևում» բաժնում Ստոլյարովը ներկայացնում է Ալիևի խոսակցությունը ջարդարարների առավել եղկելի պարագլուխներից մեկի՝ Ն.Փանախովի հետ, այն բանից հետո, երբ Մոսկվան որոշեց (միայն հունվարի 20-ին) զորքեր մտցնել Բաքու, որպեսզի թույլ չտա խորհրդային իշխանության տապալումը։ «Ի պատասխան այն հարցին, թե իշխանությունը զավթելու Ադրբեջանի ժողովրդական ճակատի փորձի համար արդյոք հարկ չի՞ լինի չափազանց բարձր գին վճարել, Ալիևը պատասխանում է. «Ինչ լինելու է՝ կլինի». Իսկ հետո հետաքրքրվում է. «Դիակների՞ց եք վախեցել»։ Եվ հավելում լուսավոր թախիծով. «Անմեղ զոհերի արյունը օգուտ կբերի ադրբեջանական ժողովրդին»։
Երկու տարի անց, 2003 թվականին լույս տեսած «Սև այգի» գրքում բրիտանական փորձագետ Թոմաս դե Վաալը նույնպես հիշատակել է Բաքվի իրադարձություններում Ալիև ավագի դերի մասին։ «Հունվարյան իրադարձությունների հետ նրա (Հ.Ալիևի –Մ.Գ.) կապը կամ դրա բացակայությունը պաշտոնական պատմության սյուժետային հետաքրքիր հարակից գիծն է, որն այդպես էլ ոչ ոք չի մեկնաբանել (…)։ Ինչպիսին էլ եղած լինի Ալիևի դերը արյունահեղությանը նախորդած իրադարձություններում, նա օգտագործեց «սև հունվարի» հետևանքները, որպեսզի երկար դադարից հետո սկսի սրընթաց վերելքը դեպի իշխանության բարձունք»։
Վերջապես, 2018 թվականին ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան, 90-ական թվականներին Ազգային ճակատի (դրա լիբերալ թևի) ակտիվ անդամ Արիֆ Յունուսովը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ 1990 թվականի հունվարին Բաքվի հայկական ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիևի կարգադրությամբ։ Եվ որպես ապացույց ներկայացրեց վերոնշյալ խոսակցությունը Նեյմաթ Փանախովի հետ, որի ընթացքում էլ Հեյդար Ալիևը պահանջել է. «Արյո՛ւն, շա՜տ արյուն»։
1993 ԹՎԱԿԱՆԻՑ Ի ՎԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱԼԻԵՎՆԵՐԻ ԿԼԱՆԸ միջազգային հանցագործների հավաքախումբ է, որոնց ձեռքերն իսկապես մինչև արմունկներ արյյան մեջ են. ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ցեղակիցների։ Հեյդար-բաբան, անկասկած, նրանցից մեկն էր, ովքեր 20-րդ դարավերջին կանգնած էին Ադրբեջանում հայերի ցեղասպանության և Արևելյան Անդրկովկասի տարածքը հայկական հետքից էթնիկ զտման ենթարկելու հետևում։ Նրա որդին, որը զավթեց իշխանությունը ժառանգաբար և վերածեց երկիրը դաժան բռնապետության և միապետության, շարունակեց հոր ոճրագործությունները թուրքական ռազմավարական ծրագրերի հետագա իրականացման ճանապարհին։
Սկսելով իշխանության գալուց անմիջապես հետո 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպային սպանելու հրամանից, Իլհամն այն ժամանակից ի վեր բազմաթիվ ոճիրներ է գործել մարդկության դեմ, որոնցից յուրաքանչյուրի համար պետք էր նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, հրապարակավ հռչակել անհպվելի մերժյալ, դատել և պատժել ցմահ բանտարկությամբ։
Այդ հանցագործություններից ժամանակային առումով վերջինը 120 000 հայերի շրջափակումն է, ցեղասպանությունն ու վտարումը պատմական Հայրենիքից։ Որպես հետևանք՝ բառացիորեն համաշխարհային հանրության աչքի առջև տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը, որի նպատակն է վերացնել ցանկացած հիշատակում հայերի մասին, որոնք հազարամյակներ շարունակ ապրել ու արարել են այստեղ։
Այդ իսկ պատճառով, խոսելով թե՛ 1990 թվականին Բաքվում հայերի ցեղասպանության, թե՛ արցախյան վերջին իրադարձությունների, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքի սողացող բռնազավթման և, վերջապես, ՀՀ ողջ տարածքը զավթելու վերաբերյալ բացահայտ ազդարարվող թուրքական ծրագրերի մասին, պետք է դասակարգել այդ շղթան բնավ ոչ պարզապես ավելի քան մեկ դար շարունակվող ցեղասպանություն։
Խոսքը վաղուց ծրագրված և հետևողականորեն իրականացվող գործընթացի մասին է, ուղղված հայերի մշտական, բազմահազարամյա կենսատարածքի կրճատմանն ու զավթմանը և հայկական ներկայության հետքերի ֆիզիկական ոչնչացմանը, ինչն ուղեկցվում է հայ ժողովրդի դեմ հրեշավոր հանցագործություններով, կոպիտ կեղծարարություններով ու խեղաթյուրումներով, նրա քաղաքակրթական ժառանգության յուրացումով և ոչնչացմամբ։