ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԱԶԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱԾԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

«Հրդեհից առաջ զինվորները կա՛մ եղել են մահացած, կա՛մ անգիտակից։ Տղաները եղել են անկողնու մեջ պառկած: Հանրությանը տրամադրում են ոչ ողջամիտ տեղեկություններ: Սա ունի մեկ նպատակ՝ ստեղծել շիլաշփոթ: Տուժողներն ունեն խորը անվստահություն, այն է՝ իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկել են», - հայտարարեց 15 զոհվածներից 13-ի գործով փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նրա խոսքերով, տուժող կողմը չի վստահում հետաքննությանը և վստահ է, որ զինվորներին կանխամտածված են զրկել կյանքից, որպեսզի թաքցնեն ինչ-որ հանցագործություն, իսկ հետո հետքերը ծածկել են հրդեհով։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ԶՈՐԱՆՈՑԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԲՈԼՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ։

 Գործի քննությունն ավարտվել է ամռան վերջին։ Մեղադրանք է ներկայացվել 4 անձանց։ Տվյալ գործով դատաքննությունը լոկ խորացրեց անվստահությունը հետաքննության նկատմամբ, որին ի սկզբանե կեղծ ուղղություն էր տրվել գործադիր իշխանության ղեկավարի կողմից։

Ողբերգությունից անմիջապես հետո կառավարության նիստում Փաշինյանը հնչեցրեց հրդեհի իր սեփական վարկածը, որից հետո քննչական մարմինները մի մազ անգամ չշեղվեցին դրանից։ Ըստ մեղադրող կողմի, սպա Եղիշե Հակոբյանը բենզին է լցրել վառարանը, տեղի է ունեցել անսպասելի բռնկում, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Այս վարկածը դե-ֆակտո ցուցում ծառայեց ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար, թե ինչ ուղղությամբ պետք է վարել հետաքննությունը։ Այսօր հիմնավորված կասկածներ կան, որ ռեժիմի պարագլուխը միտումնավոր է գցել հետաքննությունը կեղծ հետքի վրա, ակնհայտորեն փորձելով թաքցնել 15 մարդու կյանք տարած հրդեհի իրական պատճառները։

2023 թվականի փետրվարին ԶԼՄ-ներ ներթափանցեցին տեղեկություններ Այրվածքաբանական կենտրոնում սպա Հակոբյանի հարցաքննության մասին, որը, կրկնեմ, զինվորների զոհվելու գործով անցնում է որպես մեղադրյալ։ Այդ ժամանակ արդեն հարցաքննվել էին զոհվածներից մի քանիսի ծնողները և նշանակվել մի ամբողջ շարք փորձաքննություններ. Տեխնիկա-շինարարականից մինչև տեխնիկա-հրդեհային։ Հակոբյանի հարցաքննությունից հետո ԶԼՄ-ները տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ զոհվածների ծնողները և ինքը՝ Հակոբյանը հետաքննության ընթացքում հարց են տվել. ինչո՞ւ քանի դեռ կրակը չէր հասել այն հատվածին, որտեղ քնած էին զինվորները, նրանք չեն շտապել ելնել իրենց մահճակալներից։ Հակոբյանն ասաց, թե գոչել է. «Արթնացե՛ք, հրդեհ է…», սակայն զինվորները չեն արձագանքել։

Արձագանքի բացակայությունը հանգեցնում է որոշակի կասկածների, ինչը հաստատեց մեղադրյալի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Մեկ տարի է անցել։ Կասկածներ մնացել են, ընդ որում ոչ միայն բուն ողբերգության, այլև ներկայացված մեղադրանքների մասով, ինչի մասին ԶԼՄ-ներին բազմիցս հայտնել է Գոռ Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը։ Նրա գնահատմամբ, Աղեկյանին ներկայացված մեղադրանքները կրում են վերացական բնույթ, չկոնկրետացնելով, մասնավորապես, թե իր պաշտպանյալի այդ ի՞նչ անգործություն է հանգեցրել ծանր հետևանքների։ Փաստաբանի խոսքերով, հետաքննությունը չի ապացուցել պատճառահետևանքային կապի առկայությունը Աղեկյանի անգործության և զորանոցի հրդեհի միջև։

Զոհված վանաձորցի Արամ Մանուկյանի պապ Արտյոմ Գրիգորյանը հոկտեմբերին հայտարարեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որ տղաները չեն վառվել, նրանց վառել են։ Նման կարծիքի են նաև մյուս զոհվածների հարազատները։ Գրիգորյանն ընդգծեց, որ դատարանը զբաղված է Հակոբյանի, Գոռ Մարգարյանի, զոհվածների ծնողների հարցաքննությամբ, մինչդեռ ակներև է գործը կոծկելու փորձը։ Գրիգորյանը համանման փորձ վերագրեց նաև տվյալ գործով քննիչներին։

«Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են», -ընդգծեց զոհված զինվորի պապը։ Նա ասաց, որ քննիչները տարբեր տեղեկատվություն են ներկայացնում նույնիսկ հրդեհի ժամանակի վերաբերյալ. ոմանք ասում են, թե ողբերգությունը կատարվել է 23։30-ին, մյուսները՝ 00։40-ին։ Սպա Հակոբյանը ցուցմունք է տվել, որ հրդեհը բռնկվել է 10։40-ին։ Ինչպե՞ս կարող էր կրակը շինության ննջարանային մասին հասնել 23։30-ին կամ 00։40-ին։

«Նրանք վատ են աշխատում, քանի որ նրանց նպատակն է՝ հետևել Փաշինյանի հնչեցրած կեղծ վարկածին։ Մենք պահանջում ենք, որ դատախազն ու վարչապետը մեզ պատասխանեն, թե ինչո՞ւ են պնդում կեղծ վարկածը, ո՞րն է իրենց նպատակը»,- ասաց Գրիգորյանը։

Իրոք, ինչո՞ւ Փաշինյանը շտապեց հազդարարել «սեփական» վարկածը, ո՞ւմ հանցանքն էր փորձում թաքցնել։ Գրիգորյանի վարկածը լիովին համընկնում է այն ամենին, ինչ իր հրապարակումներում տաք հետքերով անմիջապես հաղորդել է «Գոլոս»-ը։ Զոհվածի պապը համոզված է, որ 2023 թվականի հունվարի 19-ին տեղի է ունեցել ադրբեջանցիների դիվերսիոն գործողություն, իսկ զորանոցը պայթեցվել է։ Հրկիզան նպատակը պայթյունի հետքերը վերացնելն էր։ Այս վարկածի օգտին է խոսում մեծաքանակ բեկորների առկայությունը, որոնք հրդեհից հետո հավաքել են դեպքի վայրից։ Գրիգորյանի վկայությամբ, այդ օրը տագնապ էր հայտարարված, զորամասը նախազգուշացվել է դիվերսանտների մասին, իսկ 5-6 րոպե անց զորանոցը պայթել է։

Հիշեցնեմ, որ ողբերգությունից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, որ մինչև հունվարի 19-ը զորամասի զինծառայողները վնասազերծել էին ադրբեջանցի լրտեսի և հանձնել նրան ԱԱԾ-ին։ Չի բացառվում, որ կրկնակի դիվերսիան նպատակ էր հետապնդում վրեժ լուծել յուրայինին որսալու համար։ Ցուցանշական է, որ իշխանական աղբյուրների կողմից ակտիվորեն տեղեկություններ էին տիրաժավորվում այն մասին, թե դիվերսիայի տարբերակը բացառվում է, քանի որ մինչև Ազատ գյուղ հասնելը դիվերսանտները ստիպված կլինեին անցնել հայկական մի քանի պահակետերով։ Հարց է ծագում. եթե դա հաջողվել է մեկ դիվերսանտի, ապա ինչո՞ւ ծանոթ ճանապարհով չէին կարող անցնել մյուսները և հասնել զորանոց։ Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսից ադրբեջանցի զավթիչներն իրենց լիովին հարմարավետ են զգում Գեղարքունիքի մարզում, և ոչ միայն…

Մեկնաբանելով դատաքննությունը, շատերն ուշադրություն դարձրեցին ողջ մեղքն իր վրա վերցնելու Հակոբյանի պատրաստակամությանը։ Այդ հանգամանքը չի կարող կասկածներ չառաջացնել։ Հետաքննության ընթացքում մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից, սակայն պաշտպանության նախարարը հրաժարական չտվեց, այդ պատճառով էլ բանակում շարունակվում է բարդակը։

Փաստաբան Նորիկյանը նույնպես գտնում է, որ հետաքննությունը կեղծ ճանապարհով է գնացել Փաշինյանի մեղքով։ «Վարչապետն ասում է` հրեդհը տեղի է ունեցել քանի որ զորանոցում հակահրդեհային կանոնները չեն պահպանվել։ Հիմա հարց վարչապետին, իսկ այդ զորանոցում ի՞նչ կանոն է առհասարակ պահպանվել»,- հայտարարեց նա։

Չի բացառվում, որ սպայակազմը բախման մեջ էր զինվորների հետ, ինչի մասին դատական նիստի ընթացքում նշեց վկաներից մեկը, հիշատակելով նույն Հակոբյանին։ Միաժամանակ շոշափվեց թմրանյութերի թեման, իբր՝ Հակոբյանը վառարանը վառելիս կարող էր լինել թմրանյութերի ազդեցության տակ։ Հատկանշական է, որ գործի բոլոր կասկածելի և անհասկանալի հանգամանքները, որոնց մասին Նորիկյանը խոսել է դեռևս 2023 թվականի փետրվարին, առկա են նաև այսօր։

Զոհվածների ծնողները և հասարակայնությունը չեն վստահում ո՛չ փորձաքննությունների եզրակացություններին, ո՛չ դատաքննությանը։ Անվստահությունը հիմնված է ակնհայտ փաստի վրա. Փաշինյանը հիանալի գիտեր, որ նախքան համապատասխան փորձաքննությունների անցկացումը չի կարելի որևէ վարկած հրապարակել կատարվածի վերաբերյալ, սակայն շտապեց հասարակության գլխին փաթաթել դժբախտ պատահարի վարկածը, ինչով էլ ծնեց հիմնավորված կասկածներ։ Նրան այսօր էլ կասկածում են հանցագործությունը կոծկելու փորձի մեջ, որի հետքերը ջանացել են ջնջել հրդեհի միջոցով։ Գուցե այդ հանցագործությունը ոչ մի կերպ չէ՞ր համակցվում «տևական խաղաղության ժամանակաշրջանի» գալուստի գաղափարի հետ…