ԻՆՉՈ՞Ւ ԼՈՒԾԱՐԵՑԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ: ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Փաշինյանը օրգանապես չի հանդուրժում որևէ այլընտրանքային կարծիք, բոլոր հարցերում. Արցախի ճակատագրից մինչև դպրոցի հանդերձարանի կախիչ։ Միակ ճիշտն ու լեգիտիմը բացառապես իր սուբյեկտիվ կարծիքն է: «Դուչեն միշտ իրավացի է» կանխադրույթը հանգեցրեց գործնականում Հանրային խորհրդի լուծարման, որի գործունեությունը ամրագրված է ՀՀ Հիմնական օրենքի 161-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդատվական մարմինն է: Ավաղ, կառավարությունը, ավելի ճիշտ՝ դրա ղեկավարը որևէ մեկի խորհրդատվության կարիքը չունի։ Այդ իսկ պատճառով Սահմանադրությամբ ամրագրված մարմինը, որի գործունեությունն անմիջականորեն կապված է հասարակության կյանքի ժողովրդավարական նորմերի հետ, վաղուց դադարել է գործել։

Այսօր կարելի է թվարկել խնդիրների երկար ցուցակ, որոնց վերաբերյալ ազդեցիկ գիտնականները, գրողները, իրավաբանները և նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կարող էին հիմնավորել մասնագիտական տեսակետ և ներկայացնել հասարակության դիրքորոշումը: Հանրային խորհուրդը Սահմանադրությամբ նախատեսված է աղմկահարույց հարցերի շուրջ հասարակության դիրքորոշումը ձևակերպելու համար. սկսած 7-րդ դասարանի պատմության դասագրքից մինչև վաստակավոր (բժիշկներ, ուսուցիչներ, շինարարներ) և ժողովրդական (արտիստներ) կոչումների վերացում և այլն։

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակության ձայնը լսելի չէ, այն պարզապես չկա հանրային տիրույթում, չկա այն մարմնի միահամուռ դիրքորոշում, որը կոչված է սրբագրելու գործադիր իշխանության մոտեցումները՝ հղում կատարելով հասարակության ակտիվ հատվածի կարծիքին։

Այն, որ խորհրդարանական մեծամասնությունը կրթության և ինտելեկտի պակասի պատճառով չի արտացոլում հայ հասարակության տրամադրությունները, հայտնի է վաղուց, ուստի մանրամասների մեջ խորանալն իմաստ չունի։ Օրերս այցելելով Արդարադատության նախարարություն՝ ռեժիմի պարագլուխը խոսեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, որում, ամենայն հավանականությամբ, Հանրային խորհրդի մասին դրույթը կվերացվի:

2018-ի գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո Փաշինյանը խոսում էր Հիմնական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, իսկ այսօր ճամարտակում է նոր Սահմանադրության մասին՝ կառավարման խորհրդարանական եղանակի պահպանումով: Փաշինյանը առավելագույն ջանքեր գործադրեց Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու համար։ Նրան փոխարինեց ռեժիմի դրածոն՝ Ստյոպա Սաֆարյանը, որը աղոտ էր պատկերացնում իր լիազորություններն ու պարտականությունները Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, ուստի հաճախ էր հանդես գալիս քաղաքական հայտարարություններով:

Սաֆարյանի օրոք Հանրային խորհուրդը կորցրեց հասարակական տրամադրությունները կուտակելու ունակ մարմնի հեղինակությունը։ Սաֆարյանի և նրա օրոք խորհրդի կազմում մնացածների (շատերը հեռացան) անձնական կարծիքը միշտ համընկնում էր Փաշինյանի կարծիքին։ 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ այդ մարմինն արդեն լիովին վարկաբեկված էր, իսկ Սաֆարյանը հրաժարվեց պաշտոնից, քանզի որոշել էր պատգամավոր առաջադրվել Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի կուսակցությունների նախընտրական դաշինքի ցուցակով։ Ցուցակում ընդգրկվել էր նաև նրա քույրը՝ Սեդա Սաֆարյանը, որը ներկայումս ՍԴ դատավոր է։

Այդ ժամանակից ի վեր Հանրային խորհուրդը նախագահ չունի, նիստեր չի գումարում, իսկ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, իրեն այնպես է պահում, ասես խոսքը հեռավոր համայնքում համատիրության լուծարման մասին է, այլ ոչ թե այն մարմնի, որի գործունեությունը նախատեսված է Սահմանադրությամբ և ամրագրված համապատասխան օրենքով։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Արդարադատության նախարարությունում Փաշինյանի արած հրապարակային հայտարարությանը, ապա դրան շատ հստակ արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։ «Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելուն, ապա ուզում եմ նշել, որ գործող Սահմանադրությունը նոր է, դեռ բավական ժամանակ չի անցել, և վաղ է հետևություններ անել՝ արժե արդյոք սահմանադրական փոփոխություններ ձեռնարկել, թե ոչ»,- փաստեց նա:

Հիշեցնեմ, որ Սահմանադրությունը փոփոխելու գաղափարը ռեժիմի պարագլխի օրակարգում եղել է իշխանությունը զավթելու պահից ի վեր։ 2018 թվականից փոխվել են Հիմնական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի մշակմամբ զբաղվող մի քանի խմբեր։ Դրանցից մեկը, հիշեցնեմ, գործում էր նույնիսկ համավարակի պայմաններում, երբ նիստերն անցկացվում էին հեռավար ռեժիմով։ Այսօր Փաշինյանն ուզում է նոր Սահմանադրություն՝ կառավարման նույն մոդելով, որը լեգիտիմություն կստանա համաժողովրդական հանրաքվեով անցնելու միջոցով։ Հանձն չեմ առնի պնդել, թե Հիմնական օրենքում փոփոխություններ ու լրացումներ ընդունելու նախորդ հանրաքվեներն անթերի են եղել, սակայն այսօր կարելի է չսխալվելու մեծ հավանականությամբ ենթադրել, որ ժողովուրդը դեմ կքվեարկի Փաշինյանի առաջարկած Սահմանադրությանը։ Հարցն ամենևին էլ նոր նախագծի որակը չէ, այլ վստահության բացակայությունը ռեժիմի պարագլխի անձի նկատմամբ։

Սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք անմիջականորեն կապված են Հիմնական օրենքի նախաբանի և Անկախության հռչակագրից հրաժարման հետ, որում հղում կա վերամիավորման մասին 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմանը՝ ստորագրված ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի կողմից, մենք թարմ հետքերով գրել ենք դեռևս 2021 թվականին։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց Ալիևն առաջին անգամ կարծիք հայտնեց հայկական Սահմանադրության մասին։ Անկարայից էլ, իր հերթին, դժգոհություններ հնչեցին այն առնչությամբ, որ Անկախության հռչակագրում հիշատակվում են Արևմտյան Հայաստանում 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ ջանքերը: Դեռ այն ժամանակ մենք կանխատեսել ենք այն գործընթացները, որոնք այսօր թափ են առնում մեր աչքի առաջ…

Դեռ բոլորի ականջին են ռեժիմի պարագլխի վերջին հարձակումները Անկախության հռչակագրի վրա։ Այժմ Փաշինյանը որոշել է ամրագրել Բաքվի և Անկարայի վասալ ռեժիմի գաղափարախոսությունը պետության գլխավոր փաստաթղթում՝ խցկելով դա «Հայրենիքը հավասար է պետությանը» կեղծ հայեցակարգի շրջանակներ։ Դա 29 հազար 800 քառ. կմ տարածքում հայկական պետության գոյության վերաբերյալ Ալիևից ստանալիք կադաստրի վկայականի թեմայով հերթական վարիացիան է: Ալիևն արդեն հասկացրել է, որ Հայաստանի ապագան տեսնում է 10 հազար քառ.կմ-ից քիչ ավելի տարածքում. այդպիսի կադաստրային վկայական նա պատրաստ է տալ Փաշինյանին։ Դավաճանությունը շարունակվո՛ւմ է...

ՔՊ ակտիվի հետ Փաշինյանի վերջին դռնփակ հանդիպումների նպատակը Անկախության հռչակագրի հերթական վերանայումն էր, ընդ որում հարկ է առանձնահատուկ նշել, որ Փաշինյանի վերջին հրահանգները կուսակցական ակտիվի նիստերում քննարկվել են գաղտնիության բարձր ռեժիմով։ Հիմա հասկանալի է, թե ինչու էր 2023 թվականի քաղաքական տարեվերջին ռեժիմի պարագլուխը մեծ ուշադրություն հատկացնում ՔՊ-ի կուսակցական շարքերի համախմբմանը։ Նախապատրաստում էր կուսակցությանը դավաճանության նոր փուլին

Ժողովրդի թիկունքում հասունանում է հերթական դավադրությունը, միայն թե ռիսկի աստիճանն այս անգամ չափազանց մեծ է։ Այսօր արդեն ակնհայտ է, որ նոր Սահմանադրության նախագիծը կարող է ընդունվել միայն համատարած կեղծիքների և քաղաքական բռնաճնշումների գնով։ Ժողովուրդը չի քվեարկի Անկախության հռչակագրից հրաժարման, 1915թ. Ցեղասպանության մոռացման և Արցախի հետ վերամիավորվելու գաղափարի բացառման օգտին։ Կարելի է նշանակել կամ չնշանակել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, բայց հանրաքվեի շրջանցումով նոր Սահմանադրություն ընդունել անհնար է։ Եթե Փաշինյանը որոշի, թե նոր Սահմանադրության ընդունման համար բավարար է խորհրդարանական մեծամասնության կամքը, ապա համաժողովրդական կամարտահայտության բացակայությունը ի սկզբանե կզրկի պետության նոր Հիմնական օրենքը լեգիտիմության չնչին իսկ նշույլից: Նոր Սահմանադրության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնել Փաշինյանը չի կարող, չափազանց մեծ է ձախողման վտանգը, ժամանակն աշխատում է իր դեմ։

Պատահական չէ, որ խոսակցությունը սկսեցինք Հանրային խորհրդի լուծարման հիշատակումով. Փաշինյանին չի հետաքրքրում հանրության կարծիքը և ժողովրդի դիրքորոշումը նոր Սահմանադրության նախագծում նախաբանի փոփոխության նկատմամբ, նրա համար կարևոր է, որ այդ նախագծին հավանություն տան Ալիևն ու Էրդողանը, քանզի իշխող ռեժիմի կենսունակության գլխավոր երաշխիքը Բաքվի և Անկարայի աջակցությունն է…